Այսօր Սբ. Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է


Այսօր Սբ. Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն էԱլեքսանդրիայի Սբ. Պետրոս հայրապետը և Աբիսողոմ սարկավագը Ընդհանրական Եկեղեցու մեծ սրբերից են: IV դարի սկզբին գլխավորելով Ալեքսանդրիայի աթոռը` Սբ. Պետրոս հայրապետն իր հավատի արիությամբ եւ Աբիսողոմ սարկավագի աջակցությամբ պահպանել է հավատավոր հոտը Դիոկղետիանոսի, Գաղերիոսի և Մաքսիմիանոսի կայսրերի հալածանքների ընթացքում:
Հալածանքների սաստկացման պատճառով, համայնքի պնդմամբ հայրապետը հեռանում է Պաղեստին և Միջագետք, սակայն, լսելով քրիստոնյաների նահատակությունների մասին, շուտափույթ վերադառնում է Ալեքսանդրիա եւ քիչ անց բանտարկվում: Սրբի ցանկության համաձայն, նաև երկյուղելով ժողովրդի զայրույթից` զինվորները նրան հրապարակավ չեն գլխատում: 311 թվականին հայրապետն իր սարկավագի հետ միասին գիշերով ընդունում են արյան պսակը: Սեբաստիայի Վլաս եպիսկոպոսը` սրբակենցաղ եւ քաջարի հովիվը, մշտապես օրինակ է ծառայել քրիստոնյաներին և քաջալերել նահատակներին:
Լիկիանոս կայսեր հալածանքների շրջանում Սբ. Վլասն իր հոտին խորհուրդ է տալիս հեռանալ քաղաքից, իսկ ինքն ապաստանում է Արգեոս լեռան մենաստաններում` որտեղ ապրում է ճգնությամբ և աղոթական կյանքով: Հրաշագործ սրբի տեղը հայտնի է դառնում իշխանություններին, որին բերում են ատյան, ուր նա Տիրոջ Հոգով լցված հանդիմանում է հեթանոսներին, ինչի համար տանջանքների է ենթարկվում, նետվում Սեբաստիո լիճը և ապա գլխատվում 316 թվականին: Սբ. Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի վարքը և մարտիրոսությունը դարեր շարունակ օրինակելի են եղել ողջ քրիստոնյա աշխարհի համար, որովհետև, իրապես, մարտիրոսների արյան գնով հիմնադրվեց Եկեղեցին:

Advertisements