Վայոց ձորում անցկացվեց 2016 թվականի ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը


Այսօր` հունվարի 16-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում տեղի ունեցավ ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը:

Եղեգնաձորում նորակոչ հայոց զավակներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը, իսկ Վայքում՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և Վայքի զինվորական կոմիսար Հարություն Մելքոնյանը: Հայոց բանակի նորակոչիկներին հորդորեցին լինել ուշիմ, աչալուրջ, լավագույնս ծառայել Հայոց բանակում և բարձր պահել հայ զինվորի մարտական ոգին:

Նորակոչիկները, Եղեգնաձորի և Վայքի եկեղեցիների հոգևոր հովիվներից օրհնություն, ուժ, ամրություն և բարի վերադարձ ստանալով, մեկնեցին հանրապետական հավաքակայան:
Նորակոչիկներին ճանապարհելու եկած ծնողները և հարազատները ուրախ երաժշտության ներքո և բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվեցին նրանց:
Խաղաղ, անվտանգ ու բարի ծառայություն ենք մաղթում մեր հանրապետության բոլոր նորակոչիկներին և զին.ծառայողներին:

Աղբյուր՝ http://vdzor.mtaes.am/

Advertisements