Վայոց Ձորի թեմ

ԱՄԵՆԱՀԱՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ

Advertisements

 

 ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ԲԵՐՎԵԼԸ

 Գագի բարձունքի մասին Էփրիկյանը գրում է. «Լեռ Արցախի սահմանակից Գուգարաց Կողբոփոր գավառի Գագա դաշտի մեջ» (Հ. Ս. Էփրիկյան, Բնաշխարհիկ բառարան, հտ. Ա, Վենետիկ, 1903, էջ 442)։ Այս բարձունքի վրա գտնվող Ս. Սարգիս վանքի մասին էլ Էփրիկյանը գրում է. «Ամրոցաւոր քարաժայռ լերանս տափարակ գագաթի վրայ շինուած է Ս. Սարգսի հոչակաւոր ուխտատեղին, որ ծանօթ է Գագայ Ս. Սարգիս անունով և որոյ սկզբնաւորութիւնը մեր եկեղեցական պատմութիւնը Ս. Մեսրոպի կուտայ, որ Ս. Սարգսի մէկ ատամը խաչի մէջ անցնելով օրհներ և հոս կանգներ էր, ինչպես կը յիշեն ստեպ մեր ԺԳ դարու պատմիչք և վարդապետք։

… Այս ուխտատեղիս սրբատաշ քարաշէն մատուռ մի է, առջեւը ունի փոքրիկ գաւիթ իւր կաթուղիկէով։ Կա նաև ուրիշ ցած և փոքրիկ մատուռ մը, կոփածոյ քարերով, վերնոյն արեւելակողմը»  (Նույն տեղում)։

Այս սրբատեղին 1838 թ. վերանորոգել է կոթեցի Արզուման Խաչատրյանը  (Նույն տեղում)։

Գագա բերդը երկիցս հիշում է Ժ-ԺԱ դդ. պատմիչ Ստեփանոս Ասողիկը (Տե′ս Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան պատմութիւն տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1985, էջ 257, 280)։

Գագա բերդը 1890-ական թթ. տեսել և այսպես է նկարագրել Մակար եպս. Բարխուդարյանը. «Կոթի գյուղի արևելյան և Գավարզնի հյուսիսարևելյան կողմում արձանացած է Գագ անուն մի սար, որի հարավային, արևելյան և հյուսիսային կողմերը դաշտալեզուներ են։ Գագ սարիս գագաթի եգերներով պարիսպ ձգված է վաղուց և ձևացրած մի անմատչելի բերդ, զի առանձնացած է սարս։ Բավական ամուր է բերդս, ափսոս, որ ջուր չունի իր մեջ, վասն որո փորված են մի քանի վիմափոր ավազաններ, որք բազմիցս լի են լինում անձրևաջրով։ Համարյա թե 20-ից ավելի վիմափոր այրեր կան հատկապես պատրաստված, որք ի հնումն գուցե ծառայած են իբրև զորանոց, որոնց մի քանիսն ունեն երդիկներ» (Մակար եպս. Բարխուդարեանց, Արցախ, Բաքու, 1895, էջ 396)։

Գագա Ս. Սարգսի մասին էլ Բարխուդարյանը գրում է. «Բերդիս մեջ, սարիս ամենաբարձր գագաթին վրա, շատ վաղուց շինված է սրբատաշ կաթնագոյն քարով մի փոքր վանք։ ժամանակի երկարությունն մաշած լինելով վանքիս շինությունը, վասն որո քանիցս նորոգված է» (Նույն տեղում)։

Գագա բերդի և վանքի մասին գրում և այն Մեսրոպ Մաշտոցի կողմից Սարգիս զորավարի՝ այստեղ բերված մասունքի հետ է կապում ԺԳ դարի նշանավոր մատենագիր Վարդան Արևելցին։ Գագա բերդի մասին պատմիչը գրում է. «ԶԳագ անուանի բերդ» (Հաւաքումն պատմութեանն Վարդանայ, Վենետիկ, 1862, էջ 145)։

Վարդան Արևելցին այնուհետև գրում է, որ այստեղ է «հռչակաւոր սուրբ ուխտն Խաչ և եկեղեցի յանուն Սրբոյն Սարգսի զօրավարին, օրհնեալ ի Սրբոյն Մեսրովբայ վարդապետէն և Թարգմանչէն Հայոց, որ կայ ի գլուխս Գագա և հայի ի դաշտն լայնանիստ և երկայնատարած» (Նույն տեղում) ։

Ինչպես տեսնում ենք, այս տողերի վրա նկատելի է Շնորհալու շարականի ազդեցությունը։ Այստեղ ևս Գագի Ս. Սարգիսն անվանվում է հռչակավոր և սուրբ ուխտ, ուր վանքը կրում է Ս. խաչ, իսկ եկեղեցին՝ Ս. Սարգիս անունը։ Ինչպես որ Շնորհալու շարականում է ասվում, «Առաւել պայծառ ի գլուխն Գագայ», այնպես էլ Վարդան պատմիչն է գրում, «որ կայ ի գլուխս Գագայ»։ Շարականում ասվում է՝ «Օրհնեալ Սրբոյն Մեսրովբայ», այստեղ էլ՝ «օրհնեալ ի Սրբոյն Մեսրովբայ վարդապետէն և թարգմանչէն Հայոց»։

Այս վանքի հրաշագործ զորությանը և այն անարգել փորձողներին պատժելու մասին երկու հիշատակություն է բերում Վարդան Արևելցին։ Այս հիշատակություններից առաջինը վերաբերում է 1130 թ., երբ «լցաւ դաշտն Գագայ անթիւ և անհամար հեծելօք յամենայն ազգաց անօրինաց հաւաքեալ, որ կամեցան այրել զսուրբ խաչն, որ յանուն զօրավարին Սարգսի և ի բարկութենէ Տեառն խելացնորեալք կոտորեցին զմիմեանս» (Նույն տեղում, էջ 123)։ Այսինքն՝ Գագի Ս. Նշանը պատմել է վրա հարձակվողներին, ովքեր վանքին և Ս. Մասունքին վնասելու փոխարեն իրար են կոտորել։

Հաջորդ վկայությունը վերաբերում է 1161 թ., երբ Ելկտուզ ամիրան «դառնայ ի դաշտն Գագայ եւ ասաց այրել զխաչն հռչակաւոր, վասն որոյ ի բարկութենէ Տեառն պատժեալ լինէին ի տուէ եւ ի գիշերի ի թիւնաբեր օձիցն» (Նույն տեղում, էջ 127)։ Այստեղ էլ աստվածային պատուհասը հասնում է թունավոր օձերի խայթոցների միջոցով։ Այս մասին գրում է նաև Մխիթար Գոշը։ Նրա բերած վկայությունը զետեղված է Կաղանկատվացու պատմության հավելվածում, ուր ասվում է, որ Ելկտուզը «Եկեալ բանակեցաւ ի դաշտին մերձ ի բերդն, որ կոչի Գագ։ Եւ այրեալ զուխտն, որ յանուն Սրբոյն Սարգսի եւ բազում հարուած եղեալ ի բանակին և բազումք յաւձիցն սատակէին» (Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, քննական բնագիրը և ներածությունը Վ. Առաքելյանի, Եր., 1983, էջ 356)։ Ինչպես տեսնում ենք, Գոշը նշում է, որ օձերի խայթոցները բանակին  հասած բազում հարվածներից միայն մեկն էին։

Վարդան Վարդապետի (Արևելցու) Աշխարհացույցում ևս հիշվում է Գագի Ս. Սարգիսը. «Դաշտն Գագայ, ուր կայ Սուրբ Սարգիսն» (Աշխարհացոյց Վարդանայ վարդապետի, աշխտ. Հ. Պերպերյանի, Փարիզ, 1960, էջ 34)։

Վարդան Արևելցուն է վերագրվում և Ս. Սարգսին նվիրված մի շարական, որը Շարակնոցի կանոնի մաս չի կազմել։ Այս շարականը ևս ավարտվում է Ս. Սարգսի մասունքի՝ Մեսրոպ Մաշտոցի կողմից Գագ բերվելու հիշատակությամբ։ Ինչպես «Հաւաքումն պատմութեանն» գործում, այնպես էլ այստեղ Մեսրոպ Մաշտոցը բնորոշվում է որպես հայոց վարդապետ և թարգմանիչ. «Ով սուրբ վարդապետ, ընտիր և արժան, Մեսրոպ բազմաջան և հայոց թարգման» (Հին և նոր պարականոն կամ անվաւեր շարականներ, աշխտ. Սահակ վարդապետ Ամատունու, Վաղարշապատ, 1911, էջ 58)։

Ասում է, որ Ս. Մեսրոպը Սարգիս զորավարի մասունքը զետեղեց «Բարձր ի դիտակի Գագա գագաթան»։

Շարունակելի…

 

Օգտագործված գրականություն

Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան, Ամենահաս Սուրբ Սարգիս, Եր. , «Տիգրան Մեծ» տպագրատուն, 2009թ., էջ 35-37:

Advertisements