Ամփոփվել են 4-րդ բանակային զորամիավորումում 2015 թվականի ուսումնական տարում կատարված աշխատանքները


Օրերս 4-րդ բանակային զորամիավորումում կայացած ռազմական խորհրդի նիստում ամփոփվել են 2015 թվականի ուսումնական տարում կատարված աշխատանքները, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

 Նիստին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ, ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Գալուստ քհն. Սահակյանը:

Հաշվետու զեկույցներով ու ելույթներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարն ու նրա տեղակալները։ Զեկուցողները ներկայացրել են զորամիավորումների մարտական պատրաստության, զինվորական կարգապահության, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները, ինչպես նաեւ մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումը։ Անդրադարձ է եղել մարտական պատրաստության ուղղությամբ կազմակերպված միջոցառումներին, վարժանքներին ու տարաբնույթ զորավարժություններին, դաստիարակչական, կարգապահության ամրապնդմանն ուղղված խնդիրներին, միջաձնային հարաբերություններին, երբեմն արձանագրվող անցանկալի երևույթներին և այդ ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին:

 Զորամիավորումում շարունակվել են մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավման կարևոր գործողություններ։ Զորամիավորումում 2015 թվականի ընթացքում իրականացվել են ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշել են, որ այն դրական դրսևորումները, որոնք արձանագրվել են տարվա ընթացքում պետք է լինեն ուղենիշ, իսկ որոշակի բացթողումները շտկելու ուղղությամբ հետևողական աշխատանք է պահանջվում:

Ամփոփելով ռազմական խորհրդի նիստերի արդյունքները՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ բարձրացված բոլոր հարցերն անմիջականորեն առնչվում են բանակի մարտունակությանը: Բանակն իր խնդիրը կատարում է՝ առաջին հերթին ամուր պահելով սահմանների անառիկությունն ու ապահովելով մեր ժողովրդի անվտանգությունը:
Նիստի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ որոշ թերացումներն ու բացթողումները վերացնելու համար, միաժամանակ նախանշել մի քանի ուղղություններ, որոնց հիման վրա պետք է աշխատանքներ տարվեն։

Ռազմական խորհրդի նիստի ընթացքում մարտական պատրաստության բարձր մակարդակի և բարեխիղճ ծառայության համար մի շարք զինծառայողներ արժանացել են պարգեւների։

Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարզում 2015 թվականի աշխատանքներին աջակցելու համար ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին պարգևատրեց ՀՀ ՊՆ զինանշանով, իսկ 4-րդ բանակային կորպուսի հարմանատար Անդրանիկ Մակարյանը ակտիվ համագործակցության համար ՀՀ ՎՁ մարզպետին պարգևատրեց պատվոգրով:

Աղբյուր՝ http://www.mil.am

 

 

Advertisements