ԱՄԵՆԱՀԱՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ


Ամենահաս Սուրբ Սարգիս

 ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ԲԵՐՎԵԼԸ

Համանման մի վկայություն, սակայն, արդեն Ս. Սարգսի ազատարար զորության և վտանգյալներին արագահաս ապավեն լինելու մասին բերում է Կիրակոս Գանձակեցին։ Պատմիչը գրում է, որ Վանական վարդապետը, որը ճգնակյաց կյանքով ապրում էր Գագա բերդի մոտակա այրերից մեկում, գերի է ընկնում մոնղոլներին։ Գերյալների թվում էր և Գանձակեցին։

Վանական վարդապետը փրկագնով ազատվում և ուղարկվում է Գագա բերդը։ Նա ցանկանում է իր հետ տանել նաև Գանձակեցուն, սակայն չի կարողանում։ Ապավինած Գագա Ս. Նշանին՝ Վանական վարդապետը գնալուց առաջ Գանձակեցուն ասում է. «Որդյակ, ես կգնամ, կընկնեմ Սուրբ Նշանի ոտքը, որ Սուրբ Սարգսի անունով է, և նրա միջոցով Տիրոջից կխնդրեմ քո ու մյուս վանականների համար, որոնք գտնվում են անօրենների ձեռքում, որպեսզի Աստված գուցե ձեզ Իր գթով ազատի։ Որովհետև Գագում բոլոր նեղյալների, մանավանդ գերիների համար մի հրաշագործ խաչ կար, ովքեր որ նրան ապավինում էին ամբողջ սրտով, հենց ինչը՝ սուրբ նահատակ Սարգիսը, բացում էր բանտերի և արգելանոցների դռները, քանդում էր շղթաները ու մարմնավոր տեսքով առաջնորդում էր իրենց տեղերը։ Այդ հրաշքների լուրը տարածված էր բոլոր ազգերի մեջ, որը (խաչը), ասում են, կանգնեցրել է մեր սուրբ Մեսրոպ վարդապետը» (Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, աշխտ., Վ. Առաքելյանի, Եր., 1982, էջ 181)։

Գանձակեցին գրում է, որ այդպես էլ եղավ, որ ինքը այդ գիշեր կարողանում է փախչել և ազատվել՝ ունենալով անխախտ այն համոզումը, որ դա տեղի ունեցավ շնորհիվ ազատարար Սուրբ Սարգսի։

Իրար հաջորդող դարերի ընթացքում Գագի Ս. Սարգիս վանքի հոչակը նվազելու

փոխարեն ավելի է տարածվում, որի լավագույն արտահայտություններից է 17-րդ դարի ժամանակագիր Գրիգոր Դարանաղցու հետևյալ համեմատություն-բնորոշումը։ Դարանաղցին, նկարագրելով Թորդանի Լոաավորչաշունչ սրբավայրերի՝ իր ժամանակ տիրող անշուք վիճակը, որը պայմանավորված էր նաև ժամանակի ավերածություններով և անհաստատ կացությամբ, դառնությամբ գրում է. «Եւ եթէ մին գերեզման նորա կամ մի մասն ի յոսկերաց անտի լինէր ի հեռագոյն աշխարհի ուրեք, որպէս զմին տնօրինականացն յԵրուսաղէմին կու պատուէին, որպէս զԳագայ Սուրբ Սարգիսն» (Գրիգոր Դարանաղցի, Ժամանակագրութիւն, հրտ. Մեսրոպ վրդ. Նշանեան, Երուսաղէմ, 1915, էջ 517)։

Այսպիսով, Դարանաղցին ցանկանում է ասել, որ Թորդանի Լուսավորչյան մասունքներից որևէ մեկը եթե մեկ այլ հեռավոր վանքում լիներ, ապա այն կպաշտեին այնպես, ինչպես մեկը Երուսաղեմի տնօրինական տեղիներից և կամ ինչպես Գագի Ս. Սարգիսը։ Պատկերավոր նման համեմատության համար Ս. Երուսաղեմի սրբավայրերի կողքին Գագի Ս. Նշանը հիշելը վկայում է նրա հանդեպ եղած ուխտավորական պաշտամունքի բացառիկ աստիճանը։

Գագի Ս. Սարգիսը հիշվում է և Հայոց աշխարհի սրբավայրերին նվիրված մի քարտեզում, որը 1695թ. կազմել է Կոմիտաս վրղ. Քյոմուրճյանը։ Այս ուղեցույց-քարտեզում Գագի մասին ասվում է. «Գագայ Սուրբ Սարգիս, ատամն կա, զոր Մեսրոպ շինեաց վանք» (Gabriella Yluhogian, Un antiqa mappe dell Arminea. Monasteri e santuaridel I al XVII secolo, Ravenna, 2000, հմր. 84)։

Հովհաննես Ղրիմեցին, որ Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի քարտուղարն է եղել և նրա հետ մնացել Հաղպատում՝ Ձորագեղցու այստեղ առանձնացման ողջ շրջանում, այդ ընթացքում մի ուսումնասիրություն է գրել՝ նվիրված Հաղպատա վանքին։ Թվարկելով վանքի շրջակայքում եղած խաչքարերը՝ ներկայացնում է և մի խաչքար, որն ուներ հետևյալ մակագրությունը. «Շնորհիւն Աստուծոյ ես Յակոբ եւ Մարգարէս յառաջնորղութեան տեառն Համազասպայ կանգնեցաք զՍուրբ Սարգիս բարեխաւս մեզ և Մխիթար վարդապետ Քոբայրեցոյ եւ հաւր Բարսղի եւ ննջեցելոց մերոց, որք երկրպագէք քրիստոսընկալ Սուրբ Նշանիս, զմեզ յաղաւթս յիշեսջիք ի Տէր, յիշողքդ աւրհհնիք ի Տեառնէ ի թուիս ՉԴ (1255)» (Յովհաննու Ղրիմեցւոյ Պատմութիւն հռչակավոր վանից Հաղբատայ Ս. Նշանին, հրտ.. Հ. Հ. Ոսկեան, Վիեննա, 1965, էջ 80)։

Ղրիմեցին այս առիթով գրում է. «Կանգնել զխաչս Սբ. Սարգիս անուամբ սովորեցան նախնիք մեր ի հռչակաւոր խաչէ անտի Գագայ դաշտին, զոր ընդ եկեղեցւոյն, որ անդէն կազմեաց եւ օրհնեաց Սուրբն Մեսրոպ թարգմանիչ յանուն Սրբոյն Սարգսի, եղեալ զատամն մի ի մասանց նորա ի խաչի անդ, զորմէ գրէ Վարդան» (Նույն տեղում)։

Հակոբ Ղրիմեցու այս բացատրությամբ ասվում է, որ Ս. Սարգսի անվամբ թե′ 1255 թ. կանգնեցված հիշյալ խաչքարը և թե′ ընդհանրապես մյուս նմանատիպ խաչքարերը կանգնեցվել են Գագի Ս. Նշանի հետևողությամբ, ուր խաչի մեջ ամփոփված է Ս. Սարգսի մի մասունքը։

Շարունակելի…

 

Օգտագործված գրականություն

Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան, Ամենահաս Սուրբ Սարգիս, Եր. , «Տիգրան Մեծ» տպագրատուն, 2009թ., էջ 37-38:

Advertisements