Վայոց Ձորի թեմ

Ամենահաս Սուրբ Սարգիս

Advertisements

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՂՈԹՔՆԵՐՈՒՄ

Գայլերը քանի որ առավել վտանգավոր են դառնում ձմռան բուքերին և գիշերներին, իսկ Ս. Սարգիսն էլ ինչ-որ տեղ համարվում է հատկապես ձմեռային շրջանի պահապան սուրբը, որովհետև նրա տոնը ձմռանն է, ուստի նա հանդես է գալիս հատկապես բքի մեջ եղողների և գայլերից վտանգվածների արագահաս օգնական, ինչին նպաստել է և այն հանգամանքը, որ Առաջավորաց պահքի ուրբաթ գիշերը Հայկական լեռնաշխարհով նա անցնում է բուք և ձյունամրրիկ բարձրացնելով, որն ընկալվում է նաև որպես ձմեռային ճանապարհներին վտանգվածներին օգնության հասնել։

Ահա այս պատճառով ձյունամրրիկների մեջ ընկածները և գայլերի հարձակմանը ենթարկվածները կանչում են Ս. Սարգսին՝ ասելով, թե պահել են նրա պահքը։ Մի շարք ավանդազրույցներում պատմվում է. թե ինչպես հենց այդ ուրբաթ գիշերն է նա փրկել շատերին, այդ թվում և նրանց, ովքեր վտանգվել են իր տոնի արարողություններին շաբաթ առավոտյան մասնակցելու համար բնակավայրից բնակավայր գնալիս։

Այժմ բերենք գայլերի հարձակումից Ս. Սարգսի շնորհիվ փրկվելու մասին մի քանի ավանդազրույց և ժողովրդական հմայական աղոթքներ։ Այն մասին, թե ինչպես է Ս. Սարգիսն օգնության հասնում իր պահքը պահողներին, Ե. Լալայանը բերում է հետևյալ ավանդությունը. «Մի մարդ Ս. Սարգսի ծոմը անսվաղ բռնում է։ Պատահում է, որ նրա եղբայրը սաստիկ հիվանդանում է, և ինքը ստիպված է լինում կեսգիշերին գնալ մոտակա գյուղից քահանա կանչել, որ նրան հաղորդություն տա։ ճանապարհին սրան շրջապատում են գայլերը. իսկ ինքը ով մի զենք չի ունենում պաշտպանվելու։ Բայց սա հավատով դիմում է Ս. Սարգսին և նրան օգնության կանչում։ Մեկ էլ տեսնում է, որ մի «ղըռ.» ձիավոր եկավ և յուր նիզակով բոլոր գայլերին հալածեց։ Սրանք փախան և հեռուն պպզեցան։ Քահանային առած վերադառնալիս այս մարդը դարձյալ նկատում է՝ նույն գայլերը միևնույն տեղում պպզած, միայն այս անգամ ոչ մի շարժում չեն անում։ Վախենալով կամաց-կամաց մոտենում են նրանց և տեսնում, որ բոլորն էլ քար են դարձել։ Մինչև այժմ էլ, ասում են, թե կան այդ քարերը» («Ազգագրական հանդես», հտ. Բ, էջ 253 )։

Համանման ձևով Ս. Սարգիսը գայլերի տիրակալ է ներկայացվում գայլակապի աղոթքներում։ Գայլակապի և ընդհանրապես՝ կապքի աղոթքների և նրանցում Ս. Սարգսին վերապահված դերի մասին Աբեղյանը գրում է. «Այս աղոթքների և արարողությունների զորությամբ, հավատում են, թե գայլի լեզուն ու բերանն իրար են կպչում, ատամները՝ թափվում, սուր ճանկերը՝ բթանում, աչքերն արևի լույսից կուրանում, իր գնացած ճանապարհը՝ մոլորում և այլն։ Քանի դեռ կապքը չի քանդված, գազանը, եթե ոչխարի կամ այլ ընտանի կենդանու մոտ գտնվելիս լինի, վերջնիս չի կարող վնասել։ Յոթ օր շարունակ գայլը մնում է այդ վիճակում, ապա ազատվում է։ Գայլի հետ երդմնեցվում են նաև օձերը, կարիճները և ընդհանրապես գիշերվա բոլոր չարքերը։ Հմայական աղոթքներում ամենից շատ տրվում են երկու սրբի անուն՝ Սուրբ Կույսինն ու Սուրբ Սարգսինը» (Մ. Աբեղյան, Երկեր, հտ. Է, էջ 93)։

Գարեգին Սրվանձտյանցը մատնանշում է գայլակապի նման մի աղոթք.

Ութը մատով, երկու բութով Աստվածամոր քաղցրիկ կաթով,

Սուրբ Սարգսին ձիուն ձարով

366 հայրապետի աղոթքներով,

Գայլին, գազանին բերան

 Կալվին, կապ մնան։

(Գ. Սրվանձտյանց (Երկեր, հտ. Ա, Երևան,1978, էջ 558):

Կապքի մեկ այլ աղոթքում էլ ասվում է.

Սուրբ Սարգսի ձիուն ձարեն Կապե գելը, կապե գազանը,

Կապե գինն ու զինավորը,

Կապէ օձն ու ջրավորը…

(«Ազգագրական հանդես», հտ. Բ, էջ 10)։

 

Շարունակելի…

 

Օգտագործված գրականություն

Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան, Ամենահաս Սուրբ Սարգիս, Եր. , «Տիգրան Մեծ» տպագրատուն, 2009թ., էջ 90-91:


Advertisements