ԱՄԵՆԱՀԱՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ


Ամենահաս Սուրբ Սարգիս

 

 

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՂՈԹՔՆԵՐՈՒՄ

Ուղղակիորեն հենց գայլակապի աղոթք է հետևյալ հմայական բանաձևը.

Գայլը կապեմ բթով,

Հայր Հովսեփի ութը մատով,

Աստվածածնա քաղցր կաթով,

Սուրբ Սարգսի ձիու ձարով,

Տեր Մոսեսի գավազանով,

Լուսավորչի սուրբ հավատով,

Լիզուն կապվի, ակռեն թափվի,

Էկած ճամփեն գնա, մոլըրի,

Մեր Տիրոջ խաչը տեսնի,

Դիվանոնց պես էրթա կորի։

(Ս. Հարությունյան, Հայ հմայական և
ժողովրդական աղոթքներ, Երևան, 2006, էջ 147)

 

Ինչպես որ մի շարք շրջաններում Առաջավորաց պահքի առաջին երեք օրերին ծոմ են պահում, իսկ հաջորդ երկու օրերին՝ պահք, այնպես էլ մի քանի աղոթքներում Ս. Սարգիսն ասում է, որ ով երեք օր իր տոնի ծոմը պահի և հինգ օր՝ պահքը, նրան իր ցանկության կատարմանը կհասցնի.

Կես գիշերին դուս էլա,

Մեկ ձիավոր սուրբ տեսա,

Իր անունը Սուրբ Սարգիս,

Օրդուն անունը՝ Սուրբ Մարտիրոս։

Սուրբ Մարտիրոս լուս կուտա,

Կերթա ամպերի վերա,

Ամպն ալ կերթա ամպի վերա,

Սուրբը հեծած ձիու վերա։

-Գնացեք ասեք՝ գերիներուն

Ազատ կանե իր արևուն։

Ով որ իրեք օր ծոմս բոնե,

Ով որ հինգ օր պասս բռնե,

Զնա կառնում ձիիս վերա,

Զնջիմ, կառնիմ չարը բարով,

Կհասցնիմ նրան ամեն տարով։

(Նույն տեղում, էջ 202)

 

Ինչպես գրում է Ս. Հարությունյանը, այս և համանման մի շարք այլ աղոթքներում Ս. Սարգիսը կամ նրա որդին «ներկայացված են ամպերի մեջ, երկնային ծովում սլացող լուսակերպ ձիավորի կերպարով, իբրև արագընթաց հողմնային ոգի, գերիների ազատարար, չարխափան և փափագակատար» (Նույն տեղում, էջ 437)։

Նույն այս միտքն է արտահայտված և հետևյալ աղոթքում.

Կես գիշերին դուրս ելա,

Զարմանալի լույս տեսա.

Շատ աղաչի ոտքն ընկա,

Ասի թե՝ դու ո՞վ ես։

– Ես Սուրբ Սարգիսն եմ,

 Գալիս եմ Մասիս սարից,

Գնում եմ Արբիտոն քաղաք.

Որդուս անունն է Մարտիրոս։

 Բուրվառս է հրեղեն,

Գավազանս՝ օսկեղեն։

Ով որ ինձի հիշե երեք անգամ,

Նրան կազատեմ սրից, թրից, ջրից և կրակից,

Ամեն։

(Նույն տեղում, էջ 202)

 

Ինչպես նշում է Ս. Հարությունյանը վերը բերված աղոթքի համար, «Բանահավաքի ծանուցմամբ՝ ասվում է արթնանալիս կամ ճանապարհներին»։ Սա վկայում է, որ աղոթքը սկզբնատողի մոտիվի պատճառով ասվել է կեսգիշերին պատահաբար արթնանալիս կամ գիշերով ճանապարհ գնալիս» (Նույն տեղում, էջ 439)։

Մեկ այլ աղոթքում Ս. Սարգսի համար ասվում է.

– Սուրբ Սարգիս,

Անունդ պարիսպ։

(Նույն տեղում, էջ 203)

 Նման բնորոշման համար Ս. Հարությունյանը գրում է. «Այստեղ Ս. Սարգիսն իբրև չարիքներից ու չարքերից պաշտպանող ու պահապան՝ համեմատվել է պարսպի հետ» (Նույն տեղում, էջ 440)։

Նույն այս աղոթքում Ս. Սարգիսը ներկայացվում է այսպես.

Բուրվառտ ա լուսեղեն,

Գավազանտ էր հրեղեն։

Ժողովրդական այն ըմբռնումը, որ Ս. Սարգիսը հասնում է իր օգնությանն ապավինողներին, այս աղոթքի վերջին երկու տողերում արտահայտվում է այսպես.

Ավուր (օրվա մեջ) կանչա իրեք անգամ,

 Ազատվես չարեն, չարքեն։

Նույն այս միտքը Սեբաստիայում ասված աղոթքի եզրափակիչ տողերում արտահայտվել է հետևյալ ձևով.

Ով որ այս աղոթքը գիտե,

Ավուրն իրեք անգամ հիշե՝

Աստված ալ իր մեղքը չհիշե։

(Նույն տեղում, էջ 203)

 Թե ինչպես միևնույն մոտիվը կարող է հանդես գալ և′ որպես ավանդություն, և′ հիշվել աղոթքի մեջ, երևում է Աշուղ Ղարիբի պատմության օրինակով։ Աբեղյանը համառոտ վերաշարադրումով այսպես է ներկայացնում Աշուղ Ղարիբի պատմությունը. «Մի զրույցով պատմում են, թե մի աղքատ աշուղ սիրահարվում է մի հարուստի աղջկա։ Աղջիկը նույնպես սիրում է նրան, բայց հայրը հավանություն չի տալիս նրանց ամուսնությանը և մտածում է նրան ուրիշի տալ։ Երիտասարդ աշուղը գնում է օտար երկիր՝ հարստություն ձեռք բերելու, և հրաժեշտի ժամանակ ասում աղջկան. «Եթե յոթ տարուց հետո չվերադառնամ, ապա դու ազատ ես և կարող ես ուրիշի հետ ամուսնանալ»։ Յոթ տարի անց՝ վերադարձին, նա ուշանում է, և վերջին օրը դեռ մի քանի օրվա ճանապարհ ունի անցնելու։ Հուսահատության մեջ նա Սուրբ Սարգսին է կանչում։ Վերջինս իսկույն հայտնվում է, նրան առնում իր ձիու գավակն ու ասում. «Աչքերդ փակի′ր»։ Նա փակում է աչքերը։ Ապա նա մտքի պես արագ՝ սար ու ձորի վրայով սլանում է օդում և հետո անմիջապես ասում աշուղին. «Բա′ց արա աչքերդ»։ Նա բացում է աչքերը և իրեն տեսնում իր հայրենի քաղաքում ու այնուհետև ամուսնանում իր սիրած աղջկա հետ»( Մ. Աբեղյան, Երկեր, հտ. է, էջ 81-82)։

Այս պատմության օրինակով Ս. Սարգսին ուղղված մի աղոթքում ասվում է, որ բոլորին հասցնի իրենց ուզածին, ինչպես Աշուղ Ղարիբին.

Ատենահաս բոզ ձիավոր Սուրբ Սարգիս,

Ապավիներ եմ քեզի.

Իմալ հասար Աշըղ Ղարիբին,

Հասցրիր յուր մուրազին,

Հասնես ամեն նեղածին,

Ամեն ընկածին,

Անճար նաչարին:

(Նույն տեղում, էջ 204)

 

Ընդհանրապես անհրաժեշտ է նշել, որ նման պատմություններում Սուրբ Սարգսին են դիմում այն սիրահարները, ովքեր շտապ պետք է հեռավոր աշխարհ հասնեն, ուր գտնվում կամ տարվել է իրենց սիրած աղջիկը, ինչպես, օրինակ, Գարեգին Սրվանձտյանցի դրստած «Անտես աննման» հեքիաթում, ուր անանուն գեղեցկուհուն առևանգում է Չին Մաչինի թագավորը, և աղջկա սիրած տղան Ս. Սարգսի ձիով մի ակնթարթում հասնում է հեռավոր այդ աշխարհը, ազատում աղջկան և դարձյալ սրբի օգնությամբ ետ վերադառնում»  (Գ. Սրվանձտյանց, Երկեր, հտ. Ա, Երևան, 1978, էջ 486-490)։

Նաև այս պատճառով է, որ սիրահարները ամուսնանալիս, որպես իրենց երազանքի կատարում, Ս. Սարգսի օրհնությունն են խնդրում («Ազգագրական հանդես», 1908, էջ 32)։ 

 Հատկանշական է, որ Մուշում հարսանիքների մի մասը կատարվում էր Առաջավորաց պահքի ուրբաթ երեկոյան, երբ Ս. Սարգիսն իր հովանին էր տարածում սիրահար զույգերի վրա. «Մշո մեջ սովորաբար հարսանիք է լինում Ս. Հակովբա պահոց ուրբաթ երեկո կամ Առաջավորաց Ս. Սարգսի պահոց ուրբաթ երեկո»  («Ազգագրական հանդես», 1916, էջ 162)։

Նույն այս պատճառով փեսայի օրհնության հարսանեկան երգերից մեկն սկսվում է Ս. Սարգսի հետևյալ հիշատակությամբ.

Սուրբ Սարգիսն իջավ սարեն,

Քառսուն աղբյուր բխաց քարեն :

(Գ. Սրվանձտյանց, Երկեր, հտ. Ա, էջ 555)

Ս. Սարգսի ժողովրդական այս ընկալումն իր արտացոլումն է գտել նաև Ս. Սարգսի մանրանկարներում, որոնք տարածված են հմայիլներում, ուր բերվում է «Աղօթք Սրբոյն Սարգսի զօրավարին» հմայական և չարխափան աղոթքը, ինչպես նաև Շարակնոցների ու Գանձարանների՝ Ս. Սարգսի կանոնի կից լուսանցքներում և «Յայսմաւուրքի»՝ Սարգիս զորավարի տոնի լուսանցքում։

Այս մանրանկարներում զորավարի ոսկյա գունդը ձեռքին բարձր պահած և ձիու գավակին որդուն նստեցրած Սուրբ Սարգիսն է, ով կա′մ սլանում է Հայոց աշխարհի ծաղկավետ լեռներով ու դաշտերով և կա′մ էլ հրեղեն իր ձիով սավառնում Հայոց աշխարհի վրայով, և այս սլացքն արտահայտվում է նժույգի համակ պրկմամբ, որի ռունգերից, ժողովրդական բնորոշմամբ, բոց և գոլորշի է դուրս գալիս։

Ինչպես որ Ս. Սարգիսն է սլանում բարություն տարածելով, այնպես էլ Սուրբ Գևորգն է մարտնչում չարը մարմնավորող վիշապի դեմ, և հայ ժողովուրդն իր ձիավոր և զինավոր սրբերի շարքում՝ Ս. Թեոդորոս, Ս. Մերկերիոս, Ս. Մինաս, Ս. Սարգիս և Ս. Գևորգ, իրար կողքի է պատկերում այս երկու սրբերին՝ որպես արագահաս օգնականների և չարից ու վտանգից ազատարարների։ Ժողովրդական այս ըմբռնմամբ, նրանք՝ Հայոց աշխարհի մշտարթուն այս երկու պահապանները, պատկերվում են իրար կողք, ինչպես նաև միասին են հիշվում և հանդես գալիս ժողովրդական մի շարք ստեղծագործություններում, և այս ըմբռնումը լավագույնս արտահայտվել է Սալահունյաց գավառում պատմվող հետյալ ավանդությունում. «Մի օր լճափին հանգստացող հովիվները ջրի խորքից ձիու զորավոր խրխինջ են լսում և սարսափից ուշաթափվում են։ Երբ ուշքի են գալիս, ավազների վրա տեսնում են ձիու սմբակների թարմ հետքեր։

Ասում են, թե Ս. Սարգիսն ու Ս. Գևորգը, հեծած այս լճի մեջ ապրող իրենց ձիերին, խելահեղ թափով հասնում են այնտեղ, ուր գլուխ է բարձրացնում և ավերներ է գործում չարը»  (Ա. Ղանալանյան, Ավանդապատում, էջ 86)։

 

Օգտագործված գրականություն

Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան, Ամենահաս Սուրբ Սարգիս, Եր. , «Տիգրան Մեծ» տպագրատուն, 2009թ., էջ 92-96:


 

 

 

 

Advertisements