Ամենահաս Սուրբ Սարգիս


Ամենահաս Սուրբ Սարգիս

Սև էին պատել լույսը երկնային մարդիկ ամբարիշտ,

Գաղջ ու արնախում անձրևում էր չարը մոխիր,

Բայց այս պահերին Արարիչ Աստված ուղարկում է միշտ

Լույսով առլեցուն մի քաջ անբասիր:

Այս անգամ էլ փոթորկի միջով սլանում էր նա՝

Աստծուց առաքված, սլացքով հուժկու սպիտակ իր ձիու՝

Հետքեր թողնելով ժայռերի և լեռների վրա,

Դեպի պայքարը չարի հետ կենաց և մահու:

Աստծուց ճառագված Ս. Հոգու ցոլքով պատված էր նա՝

Իբրև նիզակ ունենալով շողն Աստուծո,

Ճակատ-ճակատ նետվելով չարի վրա՝

Հաղթեց նրան իր հավատով ու կամքով հուսո:

Ու պատգամեց Աստվածապաշտ մեր հայ ազգին.

-Ա′զգ ընտրյալ, Խաչանիշ սրտով, օծված Հոգով Սուրբ,

Ա′զգ քաջազուն, արյամբ արիական,

Ընծայում եմ քեզ իմ նիզակն ու վահան

Եվ իմ սիրտը՝ աղոթքներով չարխափան,

Քաջալերվե′ք ու ընթացե′ք ճանապարհով անվախճան,

Իմ վահանով պաշտպանեցե′ք լեռները ձեր,

Նիզակովս ջարդե′ք բյուր-բյուր նիզակներ,

Պահապան եմ ու բարեխոս քո աղերսին

Եվ պաշտպան եմ հավերժ կանգնած, հավերժ ազգին բիբլիական,

Կայծակի պես ես կճայթեմ ձեր աղոթքով,

Կորոտամ, կջախջախեմ նենգադավ չարին

Ու կազատեմ հոգիներին գերեվարված,

Կմիացնեմ սիրող սրտեր հույժ բերկրանքով,

Որին վկա կլինի Ամենագութ Աստված:

Միաձուլվե′ք, միացե′ք անհուն սուրբ սիրով,

Որ Աստծո սրդիք լինենք հավիտյան,

Առ Աստված ելեք օրհնությամբ և սաղմոսով,

Որ զորանաք, դառնաք Հզոր Հայաստան:

***

Ո˜վ իմաստուն ու սրբազան զորավար,

Առաջնորդող դեպի Աստված հայ ազգիս,

Քաջությունդ և կեցվածքդ պատվավոր

Փոխանցես մեզ, արագահա′ս Սուրբ Սարգիս:

Հեղ.՝ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան

 

Advertisements