Սուրբ Սարգսի տոնը Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում


«Սէրը ամէն բանի դիմանում է,
ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում,
ամէն բանի համբերում: Սէրը երբեք չի անհետանում»

(Կորնթ. 13)

Տոնակատարությունն սկսվեց հունվարի 22-ին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարված երեկոյան ժամերգությամբ, որի ավարտին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանը կատարեց Սբ. Սարգսի տոնի նախատոնակը, ապա Արժ. Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Այնուհետև եկեղեցի եկած բազմաթիվ երիտասարդներին տոնը խորհրդանշող աղի բլիթներ բաժանվեցին, որոնք նախորդ օրը թեմի Երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ էին պատրաստվել:

Հունվարի 23-ին՝ Սուրբ Սարգսի տոնի օրը, Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ երեկոյան ժամերգություն, որի ավարտին Տեր Վազգենը քարոզ խոսեց՝ մեկնաբանելով տոնի խորհուրդը ու ներկայացնելով Սբ. Սարգսի վարքը:

Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Սբ. Սարգսի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այդ օրը Արժ. Տեր Հայրը նաև կատարեց Երիտասարդների օրհնության կարգ:

Թող Սուրբ Սարգիս Զորավարը զորավիգ լինի մեր ազգին և բարեխոս լինի մեր սիրելի երիտասարդներին:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements