Սուրբ Սարգսի տոնը Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում


Սերը` գերագույն շնորհ մարդուն….

Հունվարի 23-ին  սիրո բարեխոս Սարգիս զորավարի տոնն է, որն Ամենայն Հայոց  Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում տոնի օրը Տեր Գալուստ քահանա Սահակյանը  կատարեց  ժամերգություն, որից հետո հանդես եկավ շնորհավորական խոսքով` դիմելով ներկա բոլոր երիտասարդներին, հիշեցնելով Պողոս առաքյալի սիրո օրհներգը. «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, կլինեմ ինչպես մի պղինձ, որ հնչում է, կամ ինչպես ծնծղաներ, որ ղողանջում են։ Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և գիտենամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրման, բայց սեր չունենամ, ոչինչ չեմ շահի։ Սերը համբերող է, քաղցրանում է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, չի հանդգնում, իրենը չի փնտրում, չի գրգռում, չարը չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է Ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի սպառվում Մնում են հավատը, հույսը, սերը, սրանք՝ երեքը, և սրանցից մեծը սերն է»(գլուխ 13, 1-8,13):

Ժամերգությունից հետո եկեղեցու բակում երիտասարդներին իր անակնկալ այցով ուրախացրեց Սարգիս զորավարը և բաժանեց սիրո վերաբերյալ խոսքեր, որոնք ոգևորեցին երիտասարդներին՝ նրանց սրտերը լցնելով հույսով, հավատով և սիրով….

Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու
Երիտասարդաց միություն

Advertisements