ԱՄԵՆԱՀԱՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ  


 

Ամենահաս Սուրբ Սարգիս

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ԲԵՐՎԵԼԸ

Ս. Սարգսի ատամի՝ Գագա Ս. Նշանի մեջ ամփոփված լինելու մասին գրում է և Հարություն քահանա Ճուղուրյանը ազգագրական և ժողովրդական ավանդությունների հիման վրա հյուսված «Աղա Սուրբ Սարգիսը և Մալաք տատի հեքիաթը» գրքում։ Այս գործը կառուցված է թոռների հարցերի և պապի պատասխանների հիման վրա և գեղարվեստական շարադրանքի ձևով նպատակ ունի նախորդ սերունդների կենսափորձը և ավանդույթները փոխանցել նոր սերնդին։ Պապը երբ ասում է, որ Ս. Սարգսի սեղանատամը գտնվում է իրենց մոտ, թոռները հարցնում են, թե հիմա ո՞ւմ տանն է պահվում, և այս հարցմանը հաջորդում է պապի հետևյալ պատասխանը. «Հրե, Կոթի գեղի հանդըմը, Գվարզնից վերև, մի բացր սարի վրա մի ժամ (եկեղեցի) կա շինած, հենց էնտեղ ա։ Իմ պապն ասըմ էր Սուրբ Սարգսի սղնատամն էնտեղ թաղած ա, ընդուր համար էլ աշխարհի ամեն ծերից ամեն տարի ուխտավոր ա գալի, մուրազն առնըմ ու եդ գնըմ» (Հարություն քահանա Ճուղուրյան, Աղա Սուրբ Սարգիսը և Մալաք տատի հեքիաթը, Թիֆլիս, 1898, էջ 42)։

Գագի բերդի համար այս գործում նաև ասվում է, որ երբ թշնամիներից փախած ժողովուրդն այստեղ հավաքված է եղել և ջուր չի ունեցել խմելու, Ս. Սարգիսը երևացել է նրանց, ասել՝ այստեղ փորե′ք, և ջուրը դուրս կգա։ ժողովուրդը զարմացել է, թե ինչպես կարող է այդտեղի ապառաժից ջուր բխել։ Ս. Սարգիսը, սակայն, պնդել է, որ այդտեղ փորեն, և երբ փորել են, բխել է սառը ջուրը։ Այնուհետև ասվում է, որ երևացել է Ս. Սարգիսը, բխող ջրի վերևում կանգնել և ասել. «Այսուհետև ով որ գա էս ջրիցը երեսովը տա, ինչ հիվանդություն ունենա, թողնելու ա ու գնա։ Հիմի էն ջուրը նրա հրամանով չուել (մինչև) օրս էլ կա, ու հիվանդի դեղ ա։ Էդպես Սուրբ Սարգիս Կոթի գեղի սարերն ու հանդերն օխնել ա, նրա համար էլ նրա սուրբ սղնատամն էն օխնած տեղն ա, որ կենըմ ա։ Եթե հանեն ուրիշ տեղ, ուրիշ գեղ տանեն, էլի դուրս կգա իր տեղը կփախչի» (Նույն տեղում, էջ 44-45)։

Գագի Ս. Նշանի զորության ու Ս. Սարգսի պահքը պահելու մասին, որպես խոսքն ամփոփող պատգամ, պապը թոռներին ասում է. «Որդիք, դեհ, Սուրբ Սարգիսը ձեզ ամենիդ էլ պահի, պահպանի. նա մեր Ղազախի խիստ զորավեր (զորավոր) խաչն ա։ Նրանից վախեցեք, նրան աղոթք արեք, պասն ու ծումը պահեցեք, որ դժար վախտներդ քյոմակ ըլի, հրեղենի պես» (Նույն տեղում, էջ 47)։

Ս. Սարգսի նահատակությունից հետո նրա նահատակության տեղիի, մարմնի ամփոփման, ապա և Մեսրոպ Մաշտոցի կողմից Ուշիի և Գագի Ս. Սարգիս եկեղեցիներում ամփոփվելու մասին պատմության առավել ամբողջական և ընդգրկուն տարբերակը գտնում ենք «Յայսմաւուրքի»՝ Գրիգոր Ծերենց Խլաթեցու խմբագրության մեջ բերված՝ Ս. Սարգսի վկայաբանության վերջում, ուր ասվում է. «Կատարումն Սրբոյն Սարգսի եղև ի Մազանդարան, ի վայելուչ վայրի մօտ ի քաղաքն, որ կոչի Դաղման։ Եւ առեալ հաւատացելոցն զմարմին Սրբոյն Սարգսի եւ տարեալ եղին ի Համիան քաղաքի։ Եւ յետոյ եկեալ մեծ վարդապետն հայոց Սուրբն Մեսրոպ, էբարձ զմարմինն Սրբոյն Սարգսի եւ տարաւ ի Կարբի եւ եդ պատուով ի Յուշի և արար զտեղին վանք հռչակաւոր, որ է մինչեւ ցայսօր։ Եւ առեալ ատամ մի յատամանց Սրբոյն Սարգսի եւ տարեալ ի Վրաց տուն, ի դաշտն Գագայ, եդ ի մէջ փայտեւպ խաչի եւ օծեալ զխաչն՝ կանգնեաց ի վերա բլրին Գագայ, որ կոչի մինչեւ ցայսօր Գագայ Սուրբ Սարգիս եւ առնէ մեծամեծ նշանս եւ սքանչելիս ի փարա Քրիստոսի» ( Ս. Էջմիածնի ձեռագրատուն, ձեռ. հմ. 74, թերթ 285բ)։

Այսպիսով, համաձայն Խլաթեցու ծավալուն այս մեկնաբանության, Սուրբ Սարգիսը նահատակվել է Մազանդարանում՝ Դաղման քաղաքի մոտ։ Նրա մարմինը հավատացյալները վերցրել և տարել են Համիան քաղաք։ Այնուհետև եկել է Մեսրոպ Մաշտոցը և սրբի մարմինը տարել և ամփոփել Կարբիի մոտ գտնվող Ուշիում, ուր կառուցվել է Ս. Սարգիս վանքը, որը Խլաթեցու բնորոշմամբ հոչակավոր ուխտատեղի է մինչև այսօր։

Ս. Մեսրոպն ապա Ս. Սարգսի ատամներից մեկը տանում և Գագա դաշտում փայտյա մի խաչի մեջ է դնում և այս խաչն օծելով՝ կանգնեցնում Գագա բլրի վրա, և այդ խաչն անվանվում է Գագի Սուրբ Սարգիս, որը մեծամեծ հրաշքներ է գործում՝ ի փառս Քրիստոսի։

Ուշին ևս նշանավոր սրբավայր է եղել, ուր հռչակված ուխտատեղի էր Ս. Սարգսի մատուռը։

Հայոց աշխարհի սրբավայրերի՝ Կոմիտաս քհն. Քյոմուրճյանի կազմած՝ վերը հիշված քարտեզում Ուշիի մասին ասվում է. «Եպիսկոպոսարան. Սուրբ Սարգսի վանք, գերեզման»59։

 

Շարունակելի…

Օգտագործված գրականություն

Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան, Ամենահաս Սուրբ Սարգիս, Եր. , «Տիգրան Մեծե տպագրատուն, 2009թ., էջ 38-40:

Advertisements