ԱՄԵՆԱՀԱՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ


Ամենահաս Սուրբ Սարգիս

 

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ԲԵՐՎԵԼԸ

XVII դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին Ուշիի Ս. Սարգիս վանքի և Ոսկան վարդապետ Երևանցու կողմից այս վանքի նորոգության մասին գրում է. «Այսպես էլ Սուրբ Սարգիս զորավարի վանքը, որ Ուշի գյուղում է, շինվել է մեր մեծ վարդապետ Սուրբ Մեսրոպի կողմից։ Սա ևս մոտ է Կարբի գյուղին, որ Արագած լեռան ստորոտում է։ Այս վանքը նորոգվեց Ոսկան վարդապետի ձեռքով, որ Երևան քաղաքից է և Փիլիպոս կաթողիկոսի աշակերտներից։ Չնայած եկեղեցին կար վայելուչ, սրբատաշ քարով շինված և բարձրաբերձ գմբեթով, բայց բոլոր եկեղեցիների տանիքները քանդված ու ավերված էին։ Եկեղեցիները իրենց տեղերում միայնակ էին, սակայն շրջապատում բնավ շինություն չկար, այլ սաստիկ քարուտ էր։ Իսկ Ոսկան վարդապետը թեև չկարողացավ եկեղեցիների տանիքները նորոգել, քանի որ այնքան միջոց չուներ, բայց մեծ չարչարանքով և երկար աշխատանքով եկեղեցու չորս կողմը պեղեց և շուրջանակի ամուր պարիսպ քաշեց։ Պարսպի մեջ ըստ պատշաճի խցեր, տներ շինեց և ինքը այնտեղ է բարվոք կարգավորությամբ՝ հույսը դրած Աստծու ողորմության վրա Սուրբ Սարգիս զորավարի բարեխոսությամբ» (Առաքել Դավրիժեցի, Պատմություն, աշխտ., Վ. Առաքելյանի, Երևան, 1983, էջ 276)։

1656 թ. Ոսկան վարդապետ Երևանցին այստեղ գրել է մի ժողովածու (Տե′ս Վ. Ա. Հակոբյան, ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հտ. Գ, Երևան, 1984, էջ 695)։ 1660 թ. Զաքարիա դպիրի կողմից այստեղ ընդօրինակված մի ժողովածուի հիշատակարանում գրելով, որ այս ձեռագիրն ավարտել է Ուշիում, նաև նշում է Ոսկան վարդապետի՝ այնտեղ կատարած նորոգությունների մասին. «…Կատարումն սորա եղևի վանս Յուշոյ, ի դրունս Ս. Սարգսի զօրավարին և որդւոյ նորա Մարտիրոսի, և առաջնորդ սրբոյս մեծ հռետորն և քաջ փիլիսոփոսն Ոսկան վարդապետն, որ և շինեաց պարիսպ ապառաժ վիմէ մեծածախ և գեղեցիկ շինուածովք» (Նույն տեղում, էջ 917)։

Ուշիի Ս. Սարգիս վանքում, ուր գտնվել է Ս. Սարգսի դամբարանը, Կարապետ Անդրիանացին 1657 թ. Ուշիում ընդօրինակած մի ձեռագրի հիշատակարանում գրում է. «…ի վայելուչ վանս, որ կոչի Յուշւոյ Ս. Սարգիս, ընդ հովանեաւ սրօբէաճէմ և քրոբէազարդ տաճարիս Աստուածածնի, և յաջակողմեան եկեղեցւոյն, ուր դամբարան է վերոգրեալ սրբոյն և ձախակողմն կամարակապ և զարմանալի Ս. Մատռանն» (Նույն տեղում, էջ 750)։

1990-ական թթ. Ուշիի Ս. Սարգիս վանական համալիրում Տ. Շահե արքեպս. Աճեմյանի հոգածությամբ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի (պեղումների ղեկավար՝ Ֆրինա Բաբայան, գիտական խորհրդատու՝ Արամ Քալանթարյան, ճարտարապետներ՝ Գրիգոր և Կորյուն Ղաֆադարյաններ) կատարած պեղումների ընթացքում 3-5 մ հաստության հողի շերտի տակից բացվեցին վանական այս համալիրին մաս կազմող կառույցների փլատակները, այդ թվում և՝ Ս. Սարգիս եկեղեցի-վկայարանը, Ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, զանգակատունը և մի շարք կից շինություններ։ Ս. Սարգիս եկեղեցի-վկայարանի մասին Ֆ. Բաբայանը գրում է. «Առանձնանում է երկրաշարժից հետո մասնակի պահպանված Ս. Սարգիս եկեղեցիվկայարանը։ Վերջինս միանավ, երկթեք տանիքով շինություն է։ Կառուցվել է հին բնակավայրի տարածքի շինություններից վերցված բազալտե քարերով։ Հետագայում՝ XIII-      XIVդդ., վկայարանը մի քանի անգամ վերանորոգվել է սրբատաշ բազմագույն տուֆ քարերով, որոնք դրվել են 1,80 մ բարձրությամբ պահպանված նախնական շինության բազալտե շարվածքի վրա» (Ֆ. Բաբայան, Ուշիի Սուրբ Սարգիս վանքը, Երևան, 2005, էջ 4-5)։

Ֆ. Բաբայանը նշում է, որ այս պեղումների արդյունքում հավաստվեց Ս. Սարգսի աճյունի Ուշի բերվելու և 5-րդ դարում այստեղ մատուռ-վկայարանի կառուցվելու փաստը. «Իսկ Ուշիի հետ կապված իրողությունը տեղում փաստագրված է V դ. Ս. Սարգիս եկեղեցի մատուռի առկայությամբ, որ պետք է ամենահնագույնը համարել բոլոր նույնանման սրբավայրերի շարքում, որոնք կանգնեցվել են Հայաստանի տարբեր վայրերում։

Շրջապատից հայտնաբերված V-VII դդ. կղմինդրների բեկորները, թևավոր խաչերի մասերը, կոթողների խարիսխներն ու դրամները անմիջապես առնչվում են Ս. Սարգիս վկայարանի հետ» (Նույն տեղում, էջ 6)։

Հայոց մեծ ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցը, այսպիսով, ոչ միայն հայոց գրերը պարգևեց մեր ժողովրդին, այլև Հայոց աշխարհի նվիրական սրբավայրերի թիվը ավելացրեց ևս երկուսով՝ ողջ Արևելքում հռչակված Ս. Սարգսի մասունքները բերելով և ամփոփելով Ուշիում և Կոթիի մերձակա Գագի բլրի վրա կանգնեցված խաչում։

Շարունակելի…

Օգտագործված գրականություն

 Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան, Ամենահաս Սուրբ Սարգիս, Եր. , «Տիգրան Մեծ» տպագրատուն, 2009թ., էջ 40-41:

 

 

 

Advertisements