Տիկին Աշխենն այս տարի էլ տոնը սահմանը պահողների հետ նշեց


Արդեն չորս տարի՝ Եղեգնաձորի բնակչուհի Աշխեն Մարգարյանը Հայոց բանակի օրը դիմավորում է սահմանը պահողների հետ:

Մի ոտքից զրկված, անվասայլակով տեղաշարժվող կնոջը չեն վախեցրել Հայաստանի ամենբարձր կետում գտնվող զորամաս հասնելու դժվարությունները: Որոշել է կողքը հավաքել բարի մարդկանց ու իրականացրել նախաձեռնությունը:

Օրվա առթիվ տոնական տորթն անձամբ է թխել, նաև  450 կտոր խմորեղեն,  իր պատրաստած չրերից տարել զինվորներին: Երաժիշտ ընկերներից մեկին էլ խնդրել է կիթառը վերցնել ու իրեն ուղեկցել, չի մերժվել:

Իմանալով Աշխենի  նախաձեռնության մասին, մարդիկ միս են տարել,  մրգեր,  հիգիենայի պարագաներ: Բեռով, բարձով Խաչիկ են հասել:

Տեղ հասնելու դժվարությունների մասին չի ուզում խոսել: Ասում է՝ երեկվանից բարձր տրամադրության մեջ եմ:

Տիկին Աշխենն այս տարի էլ տոնը սահմանը պահողների հետ նշեց«Իմ ուխտն է՝ ամեն տարի այդ օրը ես լինեմ զինվորի կողքին, մայրական ջերմություն փոխանցեմ: Զինվորը պետք է զգա, որ մենք թիկունքում լավ ենք: Գնում, գալիս եմ ու հոգեկան մեծ հանգստություն եմ ապրում»,-Panorama.am-ին ասաց Ա. Մարգարյանը՝ ավելացնելով, որ շնորհակալագիր է ստացել  4-րդ բանակային կորպուսի հրամանատարի կողմից:

«Պատկերացնո՞ւմ եք, մենք երգում էինք՝ «Սիրուն ես, դու Մարիետա, քնքուշ ու բարի», ամբողջ զորամասի զինվորները բառերը փոխած ասում են՝ «Սիրուն ես, դու Աշխեն ջան, քնքուշ ու բարի: Երեկոյան տուն եմ հասել շատ հոգնած, բայց տրամադրությունս էնքան բարձր էր, որ ոչ մի բան չէի զգում: Ես հասնում եմ նրաց մոտ ու պայծառանում»,-տպավորությունները շարունակում է պատմել եղեգնաձորցի կինը:

Ի դեպ, տիկին Աշխենի խնդիրներին, կյանքին ու գործունեությանը Panorama.am-ը մի քանի անգամ անդրադարձել է:

Լուսանկարները՝ Աշխեն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Աղբյուր` Panorama.am

 

Advertisements