Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

 

 Հիլան գյուղը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Այդ գիշեր չկարողացա քնել, մտածում էի՝ ի՞նչ անել, ո՞ւր գնալ: Առավոտ կանուխ գյուղից հեռացա: Գնացի Հիլան կոչված Եզիտիի գյուղը, որը Թիլեկից 3 կմ հեռու կլիներ: Այդ գյուղում ես մի ծանոթ ունեի: Գյուղի ունևորներից Եզիտի քրդերը հայերին ավելի են համակրում, քան թուրքերին, դրա համար հայերի կոտորածին, թալանին չէին մասնակցել, ուստի այդ հանգամանքը նկատի ունենալով՝ գնացի այդ գյուղը՝ ապաստան որոնելու: Գյուղի ծայրամասում կար մի այլ ալրաղաց, ուզում էի մտնել մի քիչ տաքանալ և մուտքին չհասած՝ այնտեղից դուրս եկավ ինձ ծանոթ անձնավորությունը, մոտեցա, բարևեցի և իմ դրությունը պատմեցի, լսեց ինձ և, առանց ինձ խնդրել տալու, ասաց՝ արի ինձ մոտ մնա, միասին գնացինք նրա տուն: Հազիվ 25-30 տարեկան համակրելի մի երիտասարդ էր, ամուսնացած էր, ուներ երկու փոքր երեխա և ծեր մայր: Ընտանիքի անդամներն առաջին օրվանից իմ նկատմամբ սիրալիր վերաբերմունք ցույց տվին, սնունդը նույնպես իմ հին տիրոջ տան սննդի հետ համեմատած, լավ և առատ էր, բայց աշխատանքը բավականին ծանր էր. ամբողջ մի մեծ գոմ, խոշոր եղջերավոր անասուն պետք է կերակրել, տակերը մաքրել, աղբը քթոցով դուրս թափել: Այնպես, որ ամբողջ օրը զբաղված էի, այնուամենայնիվ, լավ սնվելու հետևանքով՝ օրըստօրե կազդուրվում էի:

Այդպիսի պայմաններով մինչ 1917թ. ապրիլ ամիսը մնացի այդ գյուղը: Մի օր իմ նոր տերն ինձ հանձարարեց իր կնոջը և երեխաներին տանել Մալաթիա՝ նրանց ինչ-որ ազգականի տուն: Կանայք երեխաներով, ձիերին նստած, ես էլ՝ ավանակին, գնացինք քաղաք, որտեղ հանդիպեցի քեռուս տղին՝ Մաթոսին, որը լավ նիհարել էր, ես նրան ասում եմ՝ այս ինչ վիճակի ես հասել, նա ինձ ասում է, որ այդ ինչ խեղճ վիճակի ես մատնվել: Հարցնում է՝ ինչու Սեբաստիա չեմ գնացել, պատմում եմ պատահածը, ասում է իր տեղը շատ լավ է և հանգիստ: Մալաթիայի բամբակ զտիչ գործարանատիրոջ մոտ տան ծառա է, լավ սնվում է, եթե ես ցանկանամ քաղաք գնալ, կարող է ինձ օգնել: Այդ գիշեր մնացի իր մոտ, երեկոյան միասին ճաշեցինք, գիշերն էլ գործարանի գոմում քնեցի, որտեղ կապված էր մի քանի ձի և տաք էր, 2 օր հետո տիրոջս ընտանիքի անդամներին վերադարձրի գյուղ:

   Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի

 

Advertisements