Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում


«Տե՛րթող բացվեն  մեր  աչքերը»

(ՄտթԻ 33)

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի հրաշափառ Ծննդից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է Տյառնընդառաջը՝ 40 օրական մանուկ Հիսուսին Երուսաղեմի տաճարին ընծայելու տոնը: Այն խորհրդանշում է արդար ու աստվածավախ Սիմեոն ծերունու և բարեպաշտ այրի Աննա մարգարեուհու օրինակով մեր՝ Տիրոջն ընդառաջ գնալը: Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ եկեղեցական տոնացույցով նոր օրն սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո։

Փետրվարի 13-ին՝ ժամը 18:00-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն, որին ներկա էին բազմաթիվ հավատացյալներ:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին ու բոլոր նորապսակներին տոնի կապակցությամբ, ասաց. «Ամեն մի տոն ունի իր դաստիարակիչ խորհուրդը: Այսօրվա խորհուրդը նվիրված է բոլոր մեր այն ծնողներին, ովքեր իրենց զավակների 40-րդ օրը լրանալուց հետո նրանց բերում են եկեղեցի՝ Աստծուն ներկայացնելու: Մեր հայրերը միշտ այդպես են արել, մենք էլ պիտի սովորենք, մենք էլ կամաց-կամաց պիտի դառնանք այդ օրենքներին ու պատվիրաններին, որոնք կատարվել են: Երբ որ զավակ ենք ունենում, պիտի 40-րդ օրը նրան բերենք եկեղեցի՝ Աստծուն ներկայացնելու և խնդրելու քահանային, որ նրան օրհնի: Նաև այսօրվա տոնը՝ Տյառնընդառաջը, շատ սիրելի է նորապսակների համար, որովհետև ժողովրդական սովորություններ են եղել ՝ կապված տոնի հետ…»:

Երեկոյան ժամերգության և Անդաստանի արարողության ավարտին հավաքված հավատացյալներն Արժ. Տեր Հոր առաջնորդությամբ դուրս եկան եկեղեցու բակ, ուր եկեղեցուց դուրս բերված մոմի կրակով վառեցին խորհրդանշական կրակը:

 Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու՝ «ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում»:

Թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ մշակութային հանդիսություն, որի ընթացքում ազգային երգ ու պարով էլ ավելի տոնական դարձավ Տյառնընդառաջի տոնը:

Այնուհետև թեմի Երիտասարդաց միության կամավորները ներկաներին բաժանեցին Տյառնընդառաջի տոնին բնորոշ ավանդական քաղցրավենիքներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է Նորապսակների օրհնության օր։ Փետրվարի 14-ին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում Տեր Վազգենը մատուցեց Տյառնընդառաջի տոնական Սբ. Պատարագ, որին ներկա էին եկեղեցու այս տարվա խաչքավոր  Նորիկ Հակոբջանյանը և բազմաթիվ հավատացյալներ:

Սբ. Պատարագի ընթացքում Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց՝ ներկայացնելով Արտաքսման կիրակիի և Տյառնընդառաջի խորհուրդները:

Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում

 Այնուհետև Տեր Հայրը կատարեց Նորապսակների օրհնության կարգ` ցանկանալով նորապսակներին ամուր պահել պետության հիմք հանդիսացող սուրբ ընտանիքը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements