Տեառնընդառաջի տոնը Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում


Տեառնընդառաջը մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր տոներից մեկն է, որը խորհրդանշում է քառասնօրյա Հիսուսի` տաճարին ընծայումը: Այն անշարժ տոն է, նշվում է Ս. Ծնունդից ուղիղ 40 օր հետո` փետրվարի 13-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր:

Տեառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը և ըստ եկեղեցական տոնացույցի փոխվում է օրը:

Ջերմուկ առողջարանային քաղաքի քրիստոնյա բնակիչները հավաքվել էին Սբ. Գայանե եկեղցում՝ մասնակցելու Տեառնընդառաջի արարողությանը:

Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը երեկոյան ժամերգության և Անդաստանի արարողության ավարտին շնորհավորեց բոլոր հավատացյալներին և նորապսակներին Տեառնընդառաջի տոնի կապակցությամբ: Տեր Հայրը, իր խոսքն ուղղելով նորապսակներին, նրանց ցանկացավ առողջություն, երջանկություն և ամուր ընտանիք:

Բոլոր նորապսկաները բարերար Արսենյան ընտանիքի կոմից ստացան հուշանվերներ:

Օրհնության կարգից հետո եկեղեցու բակում վառվող Տյառնընդառաջի խարույկը իր շուրջը հավաքեց հավատացյալ ժողովուրդին և նորապսակներին:

Տեառնընդառաջի ժողովրդական ավանդույթներից է խարույկ վառելը և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Հնում խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը՝ մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար:

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու` խարույկի կրակը բորբոքելիս` հայցում ենք աստվածային սիրո հուրը։ «Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում եւ Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում»։

 

Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու
Երիտասարդաց միություն

 

Advertisements