ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈԻ ԱՌԱԿԸ


<<Հայրմեղանչեցի  երկնքի դեմ

եւ քո առաջ>>:

(Ղուկաս 15:18-19)

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈԻ ԱՌԱԿԸ Հոգուց պոռթկացող իրական զղջման խոսքեր են սրանք մի անառակի, որը փորձությունների ճիրաններից ազատվելով, փրկության շենշող հույսով էր սկսել առաջնորդվել դեպի աոաքինի ու բարոյական կյանքը, դեպի կատարյալը: Այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է՝ Անառակի կիրակին:

Մինչեւ բուն նյութին անդրադառնալը, ուզում եմ փոքր ինչ խոսել պահքի եւ դրա անհրաժեշտության մասին, որը մի ներքին աղերսով աոնչվում է մեր նյութին: Ինչպես գիտենք Մեծ Պահքի հիմքում մեր Տեր Հիսուս Քրիստոսի  40-օրյա ծոմապահությունն է: Մկրտությունից հետո Հիսուս, Սուրբ Հոգով լի, վերադարձավ Հորդանանից եւ անապատ աոաջնորդվեց՝ 40 օր փորձվելով սատանայից: Չկերավ եւ չխմեց Նա այդ օրերին, ծոմապահությամբ օրինակ հանդիսացավ իր հետեւորդներին, սակայն նրա ծոմապահությունը մի կարեւոր առանձնահատկություն ուներ, որով տարբերվում է ընդունված չափանիշներից, այն զղջում եւ ապաշխարություն չէր ենթադրում, մինչդեռ հավատացյալների համար եկեղեցու սահմանած պահքն անպայմանորեն զղջման, խոստովանության  ապաշխարության խորհուրդն ունի, որի արդյունքում քրիստոնյան իրեն զորացած է զգում: Սահմանափակելով ֆիզիկական պահանջմունքները՝ մարդն ամենից աոաջ կոփվում է կամքով: Իսկ հաստատակամությունը կարեւոր նախապայման է ունեցած առաքինությունները պահպանելու համար:

Մարդկային տկարությունները ընդհանրապես երկու խմբի են բաժանվում՝ մարմնական եւ հոգեւոր:Սուրբ Գրիգոր Տաթեւացին հոգին հիվանդացած է համարում այն ժամանակ, երբ նվաղում են մարդու ներքին աշխարհը՝ հոգին ու միտքը սնող, հարստացնող կենդանի զորությունները, այն է՝հավատը, հույսը եւ սերը: Ահա այս մեծագույն առաքինությունների դրսեւորմանն է նպաստում այն պահեցողությունը, որն արվում է կամավոր, Աստծուց թողություն ստանալու հույսով եւ, որպես հոգեւոր զոհողություն, հանուն Աստծու սիրո: Այս ամենով հանդերձ պահքը թե մարմնի ու թե հոգու ցավերի բժշկությունն է եւ միաժամանակ հաղթանակ մեղքի հանդեպ: Պահքով քրիստոնյան կրթվում է թե′ մտքով, թե′ հոգով, ու թե′ մարմնով, իսկ դրա շնորհիվ բարձրանում է ինքնագիտակցությունը, մարդն օբյեկտիվորեն կարողանում է ճանաչել ինքն իրեն ու աստվածատուր իր կյանքն առավել իմաստավորել:

Սիրելի′ հավատացյալներ, Անառակի կիրակիի խորհուրդը, կարծում եմ, կլրացնի պահքի մասին մեր խոսքը:

Տոնն իմաստավորվում է Հիսուս Քրիստոսի պատմած առակներից մեկով: Այն մարդու անկման ու ապա վերելքի մի գեղեցիկ պատմություն է և խորհրդանշաբար ներկայացնում է պահքի իմաստը: Այն իրապես զղջացող անձի փրկության մասին է: Անառակ որդի եւ սրբակենցաղ հայր: Հույս, որ ամենաբացասական գծերով մարդուն, իրապես զղջալու դեպքում, փրկություն եւ ապագա է սպասվում: Հիշատակության է արժանի առակի դրվագը Ավետարանից, որի հիման վրա սքանչելի գործ է գրել 20-րդ դարի ֆրանսիացի գրող Անդրե Ժիդը, փաստելով, որ ամեն մի իրական զղջում շենշող աստղ է տիեզերական անծիրում:

Իսկ առակն ահա թե ինչ է պատմում.

Մի մեծահարուստ երկու որդի ուներ: Մի օր կրտսերը հորն ասում է. «Հա՛յր, տուր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը»: Հայրն այդպես էլ վարվում է: Մի քանի օր անց որդին, ամեն ինչ փողի վերածելով, գնում է հեռավոր մի երկիր:

Այնտեղ նա վատնում է իր հարստությունը, քանի որ անառակ կյանք էր վարում: Ամբողջ ունեցվածքը սպառելով՝ որդին չքավոր է դառնում, իսկ այն երկրում, ուր բնակվում էր, սով է սկսվում: Նա ճարահատյալ դառնում է խոզարած, իսկ ագարակատերը նրան զրկում է անգամ խոզերի կերակուրից:

Սովատանջ օրեր անցկացնելուց հետո, մի օր նա ինքն իրեն խորհում է. <<Քանի՜վարձու աշխատողներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ:Վեր կենամ գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. <<Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրու իբրեւ քո աշխատավորներից մեկը>>( Ղուկ. 15:17-19):

Եկեք միասին խորհենք այս առակի շուրջ: Հոր տնից անառակ որդու հեռանալը խորհրդանշում է Աստծուց մարդու հեռանալը: Ինչպես Ադամը մեղք գործելուց հետո փորձեց քողարկվել եւ ամոթից այլեւս չէր կարող պարզ երեսով նայել Աստծուն, այնպես էլ անառակ զավակը հեռացավ ծննդավայրից՝ հորից իր մեղքերը թաքցնելու միամտությամբ: Սակայն Աստծուց հեռացող ամեն մարդ ուշ թե շուտ իրեն զգում է ինչպես ամայի անապատում: Ահա այդպիսի միայնակություն ապրելով՝ անառակ որդին սկսում է խորհել, քննել իր արարքները: Այն կացությունը, որի մեջ նա հայտնվել էր ակամայից, նրա համար դաոնում է ծայրահեղ պահեցողություն ու ծոմապահություն, որը թեեւ կամավոր չէր, սակայն առիթ է դառնում, որ մեղքերի մեջ թաղվածը մեծ տքնանքով հասնի ինքնաճանաչման, զղջա արածի համար եւ կարեւոր վճիռ կայացնի՝ դարձի գա:

Առակում պատկերավոր նկարագրվում է նաեւ անառակի հոր ներողամտությունը՝ որդու վերադարձից հետո: Անշուշտ, այն խորհրդանշում է բարեգութ Աստծու անսահման ներողամտությունը: Չէ՞ որ Աստված ցավում է իր յուրաքանչյուր մոլորյալ զավակի համար եւ անչափ ուրախանում, երբ տեսնում է նրա զղջումը:

Ի հակադրություն անառակ որդու՝ միանգամայն այլ է ավագ որդու կացությունը: Նա, որ արտաքուստ աստվածավախ կյանքով էր ապրում, նախանձից՝ ամբարտավանացավ ու քննադատեց հորը:

Սիրելի′ բարեկամ, ահա այսպիսի առիթներով է, որ Հիսուս Քրիստոս զգուշացնում է, թե շատերը, որ աոաջինն են, վերջինը պիտի լինեն, իսկ վերջինները՝ առաջին: Ավագ որդին իր վարքով առաջինն էր, իսկ անառակը՝ հետինը, վերջինը: Սակայն զղջումը նրան առաջինը դարձրեց:

Մաղթում եմ քեզ սեր ու հաստատակամություն:

ՏԵՐ  ԶԱՐԵՀ ՎՐԴ. ԿԱԲԱՂՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ

Advertisements