Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

 

 Անծանոթ քուրդի գյուղը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Այսպիսի թշվառ վիճակում մինչև 1917թ. աշնան ամիսներին թափառելով և շատ նեղություններ քաշելուց հետո՝ ինձ հաջողվեց քուրդ մի կալվածատիրոջ մոտ աշխատանքի ընդունվել ու նորից գնալ անծանոթ քուրդի մի գյուղ, քաղաքից 20-25 կմ հեռու: Կալվածատերը բնակվում էր քաղաքում, իսկ գյուղում ուներ 2 կին, մի ծառա և կալվածքներ:

Կալվածատերը հաճախակի էր գալիս գյուղ, մի քանի օր մնում և կալվածքի գործերով զբաղվում: Այդ օրերին գյուղի քուրդ տղամարդիկ հավաքվում էին կալվածատիրոջ մոտ, խոսում էին քուրդերեն: Ինձ այնպես էր թվում, որ մի բան ուզում են ինձանից պահել: Մի օր իմ նոր տերն այսպիսի հարց տվեց ինձ՝ հայրս ի՞նչ գործի տեր էր, հարո՞ւստ էինք, թե՞ աղքատ, և ես ասացի, որ հայրս պահած մեծ հարստություն ունի, եթե երկուսով գնանք, կըրնամ պահած տեղը գտնել և այլն: Այդ հարցազրույցն  ինձ մեջ կասկած առաջացրեց և ենթադրում էի, որ ինչ-որ մի փոփոխություն է կատարվել:

1918թ. գարունը բացվեց: Դաշտի աշխատանքներն սկսեցին, իսկ ես լրիվ չէի կազդուրվել, քանի որ այդ աշխատանքներն ինձ համար ծանր էր, չէի կարողանում աշխատել: Հետո ինչ-որ ներքին մղումով ցանկանում էի, որքան կարելի է շուտ գնալ քաղաք: Մի առավոտ հայտնեցի, որ ցանկանում եմ քաղաք գնալ, ի զարմանս ինձ, չհակառավեցին, ընդհակառակը՝ ճամփի պաշար տվին և հաջողություն մախթեցին:  Երեկոյան մթնել էր, երբ հասա քաղաք, շուկա չհասած, հանդիպեցի քեռուս տղաներին` Մաթոսին, Համբարձումին և Հովհաննեսին, ինձ որ տեսան ուրախացած բացականչեցին՝ շատ լավ է, որ եկար, պատերազմը վերջացել է, վերադառնալու ենք Սեբաստիա, ապա գնացինք տուն, հանդիպեցի քեռակնոջս:

 

 

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի

 

Advertisements