ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 ՎԵՐԱԴԱՐՁ ՍԵԲԱՍՏԻԱ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Այդ երեկո որոշվեց, որ Համբարձումը, Հովհաննեսը, Մաթոսը նախ՝ գնան Սեբաստիա, հարմարություն ստեղծեն, հետո՝ քեռակնոջս՝ իր աղջիկների հետ փոխադրեն, իսկ ես մնամ տեղում՝ մեկնելու պատրաստվելու գործին օգնեմ:

Հետևյալ օրը՝ առավոտյան, տղաները մեկնեցին Սեբաստիա գնացող հայ կառապանների հետ, իսկ մենք սպասելու էինք տղաներից մեկն ու մեկի վերադարձին: Ես մնացի նրա մոտ:

15-20 օր հետո Հովհաննեսը վերադարձավ Սեբաստիայից: 3 օր հետո մեկնեցինք Մալաթիայից, այն վայրից, որտեղ այնքան տառապել, տանջվել էի: 6 օր հետո հասանք Սեբաստիա, 1919թ. մայիսի 19-ին 4 տարվա բացակայությունից հետո, երբ Սեբաստիա մտա, ինձ այնպես թվաց, որ քաղաքը փոքրացել, փողոցները կարճացել, տները ցածրացել էին. ո′չ, այդ բոլորը նույնն էին մնացել, ես էի մեծացել:

Դեռ Սեբաստիա չհասած՝ Աղավնին ինձ հայտնեց, որ կգնանք մեր նախկին տունը, ուստի երբ Սեբաստիա հասանք, գնացինք Պեքմեզ փողոցի մեր տունը, որը հորս սեփականությունը չէր, բայց հայրս տան տիրոջը 30 ոսկի էր տվել և երկուսով պայմանավորվել ու օրինական ձևակերպել էին տվել: Հայրս իր տված 30 ոսկու համար շահույթ չի պահանջելու, իսկ տանտերը՝ տան վարձ և այդ պայմանավորվածությունն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի տերը 30 ոսկին չի վերադարձրել:

Մեր տան տիրոջ ավագ որդին՝ Միհրանը, ողջ էր մնացել և հոր տանը տեր կանգնել:  Երբ գնացինք, նա մեզ շատ սիրով ընդունեց և մեզ բնակարան հատկացրեց:

Հաջորդ օրը ես ու Հովհաննեսը ներկայացանք Միհրանին, ես նրան ասացի, որ ես այդ տնից 30 ոսկի բաժին ունեմ: Միհրանն ընդունեց և ասաց, որ երեկոյան հարևաններով կհավաքենք և այդ մարդիկ ինչ որոշեն, այդպես էլ կանի, ինձ իմ իրավունքից չի զրկի:

Նույն օրը երեկոյան թաղի հայ տղամարդիկ հավաքվեցին Միհրանի տանը: Միհրանը կտրուկ մերժեց և հայտարարեց, որ ինքն այդ 30 ոսկին պատերազմի նախօրյակին հետ է վերադարձրել: Այլևս այդ տանը մնալն անհնար էր, ուստի ես փոխադրվեցի ուրիշ բնակարան:

 

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի

Advertisements