Եղեգնաձորում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան և Պատանի երկրապահի օրվան


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց  Կաթողիկոսի բարձրագույն տնօրինությամբ մարտի 5-ը հռչակվել է Պատանի երկրապահի օրհնության օր, որի առիթով ԵԿՄ վարչության պատասխանատուներ և Վայոց ձորի համայնքներից բազմաթիվ պատանի երկրապահներ էին եկել Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցի, ուր կատարվեց օրհնության կարգ, որից հետո Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը հանդես եկավ իր խոսքով՝ մասնավորապես ասելով, որ ամեն հայ, անկախ իր սեռից, տարիքից, զբաղեցրած դիրքից, իր սրտում պետք է զգա երկրապահի կոչումը:

Այնուհետև Տեր Հայրն ավելացրեց, որ Հայաստանը բոլորիս է ու մենք պարտավոր ենք այն պահել ու պահպանել բոլորս միասին. ամեն մեկս՝ մեր տեղում. զինվորը՝ սահմանին, ուսուցիչը՝ դպրոցում, հոգևորականը՝ եկեղեցում և այլն:

Այնուհետև եկեղեցում ներկա գտնվողները գնացին Եղեգնաձոր քաղաքի Հայրենական մեծ պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հաղթական հուշարձանին հարող հրապարակ, որտեղ տեղի ունեցավ տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը,  ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը,  մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ՀՀ Երկրապահ կամավորական միության Վայոց ձորի մարզային խորհրդի նախագահ Թարո Ավետյանը, ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի ներկայացուցիչներ, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան հերոսամարտի ազատամարտիկներ, զինվորներ, Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքերի բնակիչներ:

Հանդիսությունն սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեցին ՀՀ պետական օրհներգը և Երկրապահ կամավորական միության հիմնը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասաց. <<Սիրելի հայրենակիցներայսօր հայության համար խորհրդանշական օր է, Հայաստանը նշում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի 57-ամյա հոբելյանըԱնգնահատելի է Սպարապետ Վազգեն Սարգսյանի դերն ու ներդրած ավանդը հայ ժողովրդի անկախությունը և ազատությունը ապահովելու, մեր հայրենիքի սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու գործում: Անհերքելի են սպարապետի գործադրած ջանքերը Հայաստանի պետականության և հայոց բանակաշինության գործում: Նա այն անհատներից էր, ում նվիրվածության, բարձր պատասխանատվության և հայրենիքի նկատմամբ մեծագույն սիրո շնորհիվ ծնվեց կամավորական շարժումը, պայքարի ելան մեր ազատամարտիկները և ստեղծվեց Երկրապահ կամավորական միությունը: Եվ պատահական չէ, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն անցկացվում է, գեղեցիկ և խորհրդանշական ավանդույթ դարձած, պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը…>>:

Այնուհետև շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, ՀՀ ԵԿՄ Վայոց ձորի մարզային խորհրդի նախագահ Թարո Ավետյանը:

Հատկանշական է, որ միջոցառման ժամանակ տեղի ունեցավ վայոցձորցի 256 պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը, որից հետո մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ  Արփիար Ղազարյանն ընթերցեց Երկրապահ կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը:

Միջոցառման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի Վայքի զորամասի հետախուզական վաշտը ներկայացրեց ցուցադրական ելույթներ:

Հանդիսության ընթացքում երաժշտական կատարմամբ հանդես եկավ վայոցձորցի տաղանդավոր երգիչ, միջազգային միցույթների դափնեկիր Արթուր Կարապետյանը:

Այնուհետև տեղի ունեցավ շքերթ, որին մասնակցում էին Վայոց ձորի դպրոցների «Պատանի Երկրապահ» ակումբների սաները, ապա հանդիսության մասնակիցները մարզպետ Հարություն Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ  իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանների մոտ:

Նույն օրը Եղեգնաձորի ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան:

Ուխտդ ի կատար, պատանի′ երկրապահ, թող Տերը զորավիգ ու պահապան լինի քեզ: Հիշի′ր, որ հերոսական ազգի անպարտելի զավակն ես՝ մեր նախնիների նախանշած հաղթական ճանապարհով ընթացող:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements