Բանախոսություն՝ «Հայկական զարդանախշերի պատմությունը» թեմայով


 

Այսօր Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդարանում թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ «Հայկական զարդանախշերի պատմությունը» թեմայով:

Հայկական զարդանախշերի նրբագեղությունն ու բարդությունը, նրբաճաշակությունն ու բազմազանությունը միշտ էլ հիացրել են հայկական արվեստը  գնահատողներին: Հայկական զարդանախշերին նվիրված ուսումնասիրությունների հեղինակները փորձել են մեկնաբանել նախշաձևերի իմաստն ու գնահատել դրանք: Նախշազարդային բազմազանության մեջ նշվում են դրանց ինքնատիպությունն ու միասնականությունը:

Հանդիպումն սկսվեց Տերունական աղոթքով, ապա Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը հանդես եկավ օրհնության խոսքով:

Այնուհետև Լաուրա Գևորգյանը հանդես եկավ «Հայկական զարդանախշերի պատմությունը» թեմայով բանախոսությամբ: Հանդիպման բանախոսը ներկայացրեց ոչ միայն Ա. Շ. Մնացականյանի «Հայկական զարդարվեստի» պատմությունը, այլև դրանք համեմատեց մեր «Սասունցի Դավիթ» էպոսի, ճարտարապետության, ազգագրության մեջ օգտագործված մեր հնամյա պատմության և ավանդազրույցների հետ:

Վերջում Երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանը, շնորհակալություն հայտնելով տիկին Լաուրային, հավելեց, որ շատ կարևոր է, որ մենք ճանաչենք և գնահատենք  մեր ազգային արժեքները:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements