Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օր


 Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օրՀայ առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից` տարվա մեջ առաջինն է: Ըստ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների` Սբ. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր: Անակ Պարթևը սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին՝ սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում՝ դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաեւ արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր վիրապի ստորգետնյա զնդանը: Խոր վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Սբ. Գրիգոր Լուսավորչը դուրս գալով ստորգետնյա զնդանից՝ Քրիստոսի լույսն է տարածում հայոց աշխարհում՝ դառնալով պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը: Գրիգոր Լուսավորչի հիշատակը՝ իբրև համաքրիստոնեական սրբի, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները:

 

Advertisements