Բնակարանամուտ և տնօրհնեք Շատին համայնքում


Բնակարանաշինության ծրագրով 2015թ.-ին Վայոց ձորի Շատին համայնքում երկու ընտանիք վերանորոգել է տանիքը և մեկ ընտանիք ավարտել է կիսակառույց տան շինարարությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, Շատին համայնքի ղեկավար Մամիկոն Սմբատյանի ուղեկցությամբ, այցելել են Շատին համայնք՝ շինարարությունն ավարտած ընտանիքների հետ բնակարանամուտ նշելու:

Տեր Հայրն օրհնեց նոր բնակարանն և օրհնության խոսքում ասաց, որ հայի համար սեփական տուն ունենալն արժանապատվության հարց է: Այսօր այս ընտանիքի համար հիշարժան օր է, քանի որ նրանք այսուհետև ապրելու են իրենց տանը: Տեր Վազգենը մաղթեց, որ Գյուլնազարյանների ընտանիքն այս նոր տան մեջ միայն ուրախության սեղաններ բացեն, ինչպես նաև Տեր Հայրն օրհնեց բոլոր նրանց, ովքեր այսպիսի գործեր են կատարում՝ ի մասնավորի Ռալֆ Յիրիկյանի, ում աջակցությամբ արդեն որերորդ տունն է կառուցվում Վայոց ձորի մարզում:

Այնուհետև Աշոտ Եղիազարյանը  Գյուլնազարյանների ընտանիքին նվիրեց Աստվածաշունչ, որպեսզի նրանք իրենց կյանքը համահունչ դարձնեն Աստվածաշնչի պատգամին:

Գյուլնազարյանների յոթ հոգուց բաղկացած ընտանիքը տարիներ ի վեր ապրել է քարաթափման գոտում գտնվող տանը, առանց տարրական հարմարությունների, ամեն օր աչքի առաջ ունենալով փլուզման վտանգը:

 2008թ.-ից ի վեր ընտանիքն սկսել էր նոր տան շինարարությունը՝ գյուղամիջի ապահով տարածքում, սակայն այդպես էլ չէր կարողացել ավարտին հասցնել այն: 2015 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակներում ընտանիքը կարողացավ ավարտին հասցնել տան շինարարույթունը և տոնել բնակարամուտը:

Թեմի լրատվության բաժին

Advertisements