Հայրենասիրական միջոցառում Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում


Մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությունը շատ կարևոր է: Այն պետք է սկսել ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից, եկեղեցուց…

Կան արժեքներ, որոնք հավիտենական են, և այդ արժեքների մեջ հայրենիքն իր ուրույն տեղն ունի: Տեղին է հիշել Գարեգին Նժդեհին.  «Իմ  սիրտը երկու հենարան ունի՝ Աստված և հայրենիք»:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ մարտի 5-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց  Կաթողիկոսի բարձրագույն տնօրինությամբ հռչակվել է Պատանի երկրապահի օրհնության օր, որի առիթով բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել Վայոց ձորի մարզում:

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում նույնպես տեղի ունեցավ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և դպրոցի «Պատանի Երկրապահ» ակումբի սաների երդմանը նվիրված միջոցառում:

Այդ գեղեցիկ միջոցառմանը ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալմայոր Անդրանիկ Մակարյանը, դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանը, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ:

Դպրոցի «Պատանի Երկրապահ» ակումբի սաները, հայրենասիրական ոգով ներշնչված, ներկայացրին Սպարապետի կյանքը, գործունեությունը, ինչպես նաև արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններ:

Միջոցառման երգերը հայրենասիրական էին և դահլիճը լցրին հայրենասիրական և մարտական ոգով:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Ա. Մակարյանը, ով, իր հայրենասիրական կոչն ուղղելով դպրոցականներին, ասաց, որ շատ կարևոր է հայրենասիրական ոգով դաստիարակվել և  ապագայում հայրենիքին պաշտպան դառնալ:

Այնուհետև դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանն ասաց, որ մեր շնորհավորանքն ու խոնարհումն ենք բերում Սպարապետ Վազգեն Սարգսյանին՝ իր անմնացորդ հայրենասիրության և բանակի կայացման գործում իր մեծ ներդրման, բանակում ծառայողներին, ովքեր հենց այս պահին էլ իրենց ծառայությունն են մատուցում հայրենիքին:

Տնօրենը վերջում ավելացրեց, որ հայրենիքը փոքր է, և այն պետք է պահպանել և նաև խնամել:

Միջոցառումն ուներ դաստիարակչական նշանակություն, ներկաները ոգևորվեցին հայրենասիրական ոգով և մեծ խանդավառությամբ դուրս եկան դահլիճից:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements