ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Ղուլամ գյուղ և Ալի Չավուշը 

Այդ օրերից մի օր շուկայում ման գալիս հանդիպեցի Ղուլամ գյուղից Հյուսեին անունով մի գյուղացու, որն անցյալում հաճախ մեր տանը հյուր էր լինում: Մոտեցա ու ասացի, որ ես Արթին աղայի տղան եմ, ասաց, եթե դու իսկապես նրա տղան ես և կարող ես որևէ մեկի միջոցով ապացուցել, ես հորդ 40 ղրշ պարտք եմ, ապա անմիջապես կվճարեմ: Նրան առաջնորդեցի Դանիել քեռուս աներձագի՝ հնակարկատ Մանուկի մոտ և հարց տվի՝ ես ո՞ւմ տղան եմ: Մանուկը, թե Արթին աղայի տղան, Հյուսեինն ինձ տվեց 40 ղրշ դրամ և ավելացրեց, որ իր գյուղացիք բոլորն էլ հորս պարտք են, եթե կցանկանա ինձ իր հետ կտանի գյուղ, համաձայնեցի և ժամադրվեցի: Հաջորդ օր միասին գնացինք գյուղ: Մանուկ քեռին իմ ստացած 40 ղրշ-ից 20-ը վերցրեց և ասաց, որ թող մնա ինձ մոտ, երբ պետք ունենաս ինձանից կվերցնես, գնացի տուն և պատմեցի հանդիպման մասին, 20 ղրշ-ի 10 տվի քեռակնոջս, որ շատ չխոսի, որովհետև յուրաքանչյուր ճաշի ժամանակ, խոսքն իր աղջիկներին ուղղելով, վատ խոսքեր էր ասում և դրանով ինձ ու Հովհաննեսին հասկացնում, որ տնից հեռանանք:

Հաջորդ օրը որոշված ժամին գնացի շուկա, Հյուսեինին գտա, միասին գնացինք գյուղ: Գյուղամեջ, որ հասանք, մի դռան առաջ կանգնեց ու ձայն տվեց՝ Ալի´ Չավուշ, դո´ւրս արի, տե´ս՝ ում եմ բերել:

Ալի Չավուշին ես ավելի լավ ճանաչում էի և հիշում (Ալի Չավուշը այն մարդն էր, որ տեղահանման նախօրյակին, եկավ մեզ մոտ և առաջարկեց ինձ ու եղբորս պահել), որ նա ավելի հաճախ մեր տանն է լինում, մանավանդ, որ հորս գյուղի գործերի կառավարիչն էր: Ալի Չավուշի կինը և եղբոր կինը դուրս եկան, երբ Հյուսեինը հայտնեց իմ ով լինելը, կանայք փաթաթվեցին ինձ ու սկսեցին լաց լինել: Ինձ այդ խեղճ վիճակում տեսնելով՝ ինձ առաջնորդեցին տուն: Ճիշտն ասած՝ ես այդ տեսակ ջերմ ընդունելություն չէի սպասում, կանայք, ինձ մեջտեղներն առած, սկսեցին հարցեր տալ, թե հայրս, մայրս, եղբայրս, քույրերս ի՞նչ եղան, ես ինչպե՞ս ողջ մնացի և այլն, և այլն: Հետո ինձ ման բերին իրենց տունը, ցույց տվին այն սենյակը, որ հայրս գյուղում եղած ժամանակ զբաղեցնում էր, ինձ պառկեցնում էին հորս սենյակում՝ նրա անկողնում, որը պահել էին, ամբողջ մի շաբաթ գուրգուրանքով ինձ պահեցին: Մի օր Ալի Չավուշը գյուղի տղամարդկանց հավաքեց իր բակը և ինձ ցույց տալով՝ ասաց. «Ահա Արթին աղայի տղան եկել է խեղճ վիճակում»: Գյուղացիք միաբերան հայտնեցին, որ ճիշտ է, իրենք հորս պարտք են, բայց պատերազմի նեղ օրերը նոր վերջացել է, իրենք էլ խեղճ վիճակում են, ոչինչ չունեն, եթե բերքահավաքին նորից գյուղ գամ, բոլորն էլ իրենց պարտքերը կվճարեն: Մի քանի օր ևս գյուղում մնալուց հետո խնդրեցի Ալի Չավուշին, որ թույլ տա գնալ քաղաք, ասաց, որ վաղը միասին կգնանք:

Հովհաննես Ալեքսանդրյանը իր աղջկա՝ Թագուհի Հարությունյանի հետ

Հովհաննես Ալեքսանդրյանը իր աղջկա՝ Թագուհի Հարությունյանի հետ

Հետևյալ օրը երկուսով, ձիերին նստած, ուղևորվեցինք քաղաք: Նախքան քաղաք հասնելը ճամփին կանգնեցինք, որպեսզի մի բան ուտենք և նոր քաղաք մտնենք: Ուտելու ժամանակ Ալի Չավուշն ինձ այսպիսի առաջարկ արեց, եթե որևէ հարազատ ունես, որ քեզ կօգնի, ես քեզ կտրամադրեմ անհրաժեշտ դրամագլուխ, հորդ առևտրական գործը շարունակես, բայց եթե ինձ լսես ու ցանկանաս ինձ որդի դառնալ, ես պատրաստ եմ քեզ համար անել այն, ինչ հանգուցյալ հայրդ ծրագրել էր անել, այն է` քեզ համար քաղաքում մի տուն կվարձեմ, ամեն ինչով կապահովեմ, կընդունվես քաղաքի միջնակարգ դպրոցը, վերջացնելուց հետո իմ ծախսով քեզ կուղարկեմ Ֆրանսիա` բժշկություն սովորելու՝ համաձայն հանգուցյալ հորդ փափագին: Ավարտելուց հետո կվերադառնաս և կդառնաս իմ ժառանգորդը, ինչպես գիտես, ո´չ ես, ո´չ էլ հանգուցյալ եղբայրս զավակ չունենք: Մինչ այդ եթե ողջ լինեմ, կապրենք այնտեղ, որտեղ դու կցանկանաս:

Ես համաձայնեցի առաջին առաջարկին և նրան առաջնորդեցի մորս կողմից հեռու ազգական Կեզյության Մելքոնի մոտ, որն առևտրական խանութ ուներ: Խաղամոլ (Խումարճի) այդ անզգամը, չգիտեմ՝ ինչ ասել, այդ բարի մարդուն հետևյալ օրը, առանց ինձ հանդիպելու, գնացել էր գյուղ, դրանից հետո ոչ գյուղ գնացի, ոչ էլ հորս ունեցվածքով հետաքրքրվեցի:

 

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի

 

Advertisements