Բանախոսություն՝ «Երեխաների հոգևոր դաստիարակության կարևորությունը» թեմայով


Մարտի 18-ին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը հանդիպեց Մալիշկայի թիվ 2 մանկապարտեզի սաների ծնողների և դաստիարակների հետ։

Հանդիպման թեման «Երեխաների հոգևոր դաստիարակության կարևորությունն» էր։

Տեր Հայրն իր խոսքում մասնավորապես ասաց. «Մենք բոլորս ամեն ինչ անում ենք և երազում, որ մեր երեխաները մեծանան և լավ մարդ դառնան։ Լավ մարդ լինելու չափանիշներն են ազնվությունը, հավատարմությունը, հարգանքը ծնողների նկատմամբ և այլն։ Նաև մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները հեռու լինեն չար և վատ արարքներից»։

Տեր Վազգենը շեշտեց, որ հավատքը մեզ տալիս է այս ամենը։ Երեխաներին պետք է փոքրուց սովորեցնել քրիստոնեական պատվիրանները. ի՞նչն է լավ և ի՞նչն է վատ։ Սա մի գործընթաց է, որին պետք է մասնակցեն բոլորը՝ ծնողները, ուսումնական հաստատությունները, եկեղեցին և այլն։

Այնուհետև Տեր Հայրը ավելացրեց, որ մեծերը պետք է հիշեն, որ այդ դաստիարակությունն արդյունավետ կլինի, եթե կատարվի անձնական օրինակով, և այն, ինչ որ ուզում ենք, որ մեր երեխաները դառնան, մենք էլ պետք է ձգտենք այդպիսին լինել։ Անձնական օրինակով դաստիարակությունը շատ ավելի արդյունավետ է, քան լոկ խոսքերով ասվածը։

Վերջում ծնողները հարցեր տվեցին Արժանապատիվ Տեր Հորը, շնորհակալություն հայտնեցին հանդիպման համար և խնդրեցին ամիսը մեկ անգամ այցելել մանկապարտեզ և հանդիպել իրենց և փոքրիկների հետ։

Թեմի լրատվության բաժին

 

Advertisements