Հոգևոր երաժշտության երեկո Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում


Արդեն  ավանդույթ է դարձել Ավագ ուրբաթ օրը Քրիստոսի թաղման հիշատակության կարգից հետո Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում հոգևոր երաժշտության համերգ կազմակերպել հավատացյալների համար:

Սկզբում օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հոգևոր երաժշտության նշանակության մասին խոսելով՝ բարձր գնահատեց Սբ. Աստվածածին երգչախմբի գործունեությունը և շնորհակալություն հայտնեց երգչախմբի ղեկավար տիկին Մարո Սիմոնյանին՝ եկեղեցական և թեմական կյանքից ներս ունեցած իր մեծ մշակութային վաստակի համար:

Այնուհետև ելույթ ունեցավ Եղեգնաձորի մշակույթի տան տնօրեն, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու երգչախմբի գեղ. ղեկավար Մարո Սիմոնյանը, ապա երգչախմբի կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր, շարականներ և հոգևոր երաժշտության արևմտաեվրոպական դասականներից կատարումներ:

Հոգևոր երգերի հրաշալի կատարումներն ընդմիջվում էին Վայոց Ձորի թեմի աշխատակից Արթուր Շահբազյանի՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հատվածների ընթերցումներով, որին միացան նաև հոգևոր հայրերը:

Այս գեղեցիկ միջոցառումը եզրափակվեց միասնական աղոթքով`ընթերցելով Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից մի հատված:

Վերջում երախտիքի խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements