Սուրբ Հարության տոնը Վայոց Ձորի թեմում


Այսօր` մարտի 27-ին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի օրը, Վայոց Ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Հարության Սուրբ և Անմահ Պատարագներ:

Սուրբ Հարության տոնը Վայոց Ձորի թեմում

Տոնի առիթով Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մատուցվեց Հարության Սբ. Պատարագ, որին ներկա էին Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Սբ. Աստվածածին եկեղեցու այս տարվա խաչքավոր Նորիկ Հակոբջանյանը, Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցու այս տարվա խաչքավոր Սամվել Խաչատրյանը, Սբ. Աննա եկեղեցու անցյալ տարվա խաչքավոր Արմեն Մաթևոսյանը և բազմաթիվ հավատացյալներ:

Պատարագիչն էր Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա օրհնվեցին Զատկական հավկիթները և բաժանվեցին ներկաներին:

Այնուհետև եկեղեցու բակում Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության, Եղեգնաձորի ՔԵԿ-ի, Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Զատկի տոնին նվիրված միջոցառում, որի մասին կարող եք կարդալ այստեղ:

Վերջում առաջնորդարանում Առաջնորդ Սրբազան  Հոր օրհնությամբ տեղի ունցավ ընդունելություն և սիրո ճաշ:

 ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ ՎԱՅՔԻ ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ

 Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում տեղի ունեցավ Ս.Պատարագ:

Պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Ներսես քահանա Արշակյանը, ով ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

Սբ. Պատարագին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, եկեղեցու այս տարվա խաչքավոր Հրաչ Մանուչարյանը և բազմաթիվ հավատացյալներ:

Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա օրհնվեցին Զատկական հավկիթները:

Այնուհետև եկեղեցու բակում տոնին նվիրված գեղեցիկ միջոցառմամբ հանդես եկան Վայքի հիմնական դպրոցի սաները:

Սուրբ Հարության տոնը Վայոց Ձորի թեմում

Վերջում ժողովրդին բաժանվեց զատկական ձու, փլավ և հաց:

 Սուրբ  Զատիկի՝ Քրիստոսի Հարության տոնը Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում

Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում նշվեց Սուրբ Զատկի՝ Քրիստոսի Հարության տոնը: Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ՝ նվիրված Սբ. Զատկի տոնին: Ներկա էին եկեղեցու այս տարվա խաչքավոր Անդրանիկ Արսենյանը և բազմաթիվ հավատացյալներ: Օրվա պատարագիչն էր Տ. Գալուստ քահանա Սահակյանը:

Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագին մասնակցող հավատացյալներին ու քրիստոնյա մարդկանց Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ իր պատգամն էր հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, որն ընթերցեց Արժանապատիվ Տեր Հայրը:

Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա օրհնվեցին Զատկական հավկիթները և բաժանվեցին ներկաներին: 

Զատկական տոնակատարություն Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում

Այսօր Մալիշկա համայնքի Սբ. Աննա եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը ներկայացրեց Սուրբ Հարության տոնի խորհուրդը, ապա օրհնեց հավկիթները:

Արարողությանը ներկա էր եկեղեցու այս տարվա խաչքավոր Սամվել Խաչատրյանը, ով Մոսկվայից եկել էր, որպեսզի մասնակցեր Սբ. Զատկի տոնակատարություններին:

Այնուհետև եկեղեցու բակում տոնին նվիրված գեղեցիկ միջոցառմամբ հանդես եկան Մալիշկա համայնքի թիվ 1 մանկապարտեզի սաները, որին ներկա էին բազմաթիվ հավատացյալներ:

 Վերջում օրհնված հավկիթները բաժանվեց ներկաներին:

Զատկական տոնակատարություն Խաչիկ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում

Այսօր Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու և ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Արսեն սարկավագ Մաթևոսյանը համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում կատարեց  ժամերգություն, որին ներկա էին զորամասի հրամանատարությունը, զինվորները և համայնքի բնակիչները:

 Ժամերգության ավարտին Արսեն սարկավագ Մաթևոսյանը ներկայացրեց Զատկի տոնի խորհուրդը, ապա եկեղեցու երգչախումբը հանդես եկավ շարականների կատարմամբ:

Երեկ՝ մարտի 26-ին, եկեղեցում նույնպես կատարվել է ժամերգություն:

Զատկական արարողություն Նորավանքում

Նորավանքում Զատկական Սբ. Պատարագ է մատուցել Նորավանքի խորհրդակատար քահանա Տ. Սեպուհ քհն. Հարությունյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում ընթերցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

Վաղը՝ մարտի 28-ին, Վայոց Ձորի թեմի գործող եկեղեցիներում տեղի կունենան ՆՆջեցելոց Սբ. Պատարագներ, որոնց ավարտին տեղի կունենան Հոգեհանգստյան կարգեր:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements