Ապրիլի 2-ը՝ Մանկական գրքի միջազգային օր


 

Այսօր` ապրիլի 2-ին, նշվում է որպես Մանկական գրքի միջազգային օր` ի պատիվ դանիացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի:

Քանի որ ապրիլի սկիզբը նշանավորվում է մանկապատանեկան գրքի շաբաթով, Վայոց ձորի մարզային գրադարանը ևս անմասն չմնաց և մանկական բաժնի փութաջան աշխատանքի շնորհիվ ներկայացվեց «Հացով մարդ լինենք» վերնագրով գեղեցիկ միջոցառումը, որի կազմակերպիչն էր մանկական բաժնի վարիչ Ջ. Մարգարյանը:

 Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն տ. Ռոզա Լևոնյանը:

Միջոցառմանը ներկա էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով միջոցառումն սկսեց «Հայր մեր»-ով, որից հետո Արժանապատիվ Տեր Հայրն օրհնեց մեր ավանդական հացը՝ լավաշը՝ Աստծուց խնդրելով, որ հայի սեղանից հացը երբեք չպակասի:

Վերջում Տեր Վազգենն ավելացրեց, որ բարենպաստ եղանակներ լինեն, որպեսզի բերքն ու բարիքը, միրգն ու բանջարեղենն առատ լինեն մեր սեղաններին:

Այնուհետև ներկայացվեց հացի ստեղծման դժվարին աշխատանքը և բազում ավանդազրույցներ՝ հացի և դրա հետ կապված մարդկային արժեքների մասին:
Միջոցառումն ուսանելի էր և իր նյութով, և ցուցահանդեսում ներկայացված թեմատիկ գրականությամբ:

Թեմի լրատվության բաժին

Advertisements