Այսօր Ջերմուկ քաղաքի ջոկատը մեկնեց Արցախ


 

Այսօր՝ ապրիլի 6-ին, Ջերմուկ քաղաքի ջոկատը ևս մեկնեց Արցախ՝ սատար կանգնելու իր եղբայրներին:

Նախորդ օրը  Ջերմուկի ջոկատի անդամները Ջերմուկի հիվանդանոցում մասնակցեցին  առաջին բուժօգնության դասընթացին, որն անց է կացրել «Արմենիա» առողջարանի գլխավոր բժիշկ Վարդան Սարգսյանը:

Մինչ Արցախ մեկնելը նրանք հավաքվեցին Սրբ. Գայանե եկեղեցում և Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի հետ աղոթք հնչեցրին առ Աստված՝  իրենց մահացած հերոս եղբայրների հոգիների հանգստության և կռվող եղբայրների տոկուն կամքի ու անկոտրում ոգու համար:

Տեր Գալուստ քահանա Սահակյանը քաջալերեց մեր հերոսներին` կոչ անելով` պաշտպանել ՀԱՅՐԵՆԻՔԸ, դառնալ Մոնթեի արժանի հետնորդները և չթողնե′լ, այդքան հերոսների արյան գնով վերադարձված, անգամ մի թիզ հող գերության մեջ:
Ներկաները բարի ճանապարհ ու անփորձանք վերադարձ մաղթեցին մեր հերոսներին:

Սրբ. Գայանե եկեղեցու երիտասարդաց միությունը, միանալով  «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և Վայոց Ձորի թեմի նախաձեռնությանը՝ կազմակերպելով օգնության հավաք՝ սահմանում գտնվող և մեզ պաշտպան կանգնած մեր հերոսների համար, Ջերմուկի ջոկատի հետ մարտի դաշտ ուղարկեց` դեղորայք, ծխախոտ, հագուստ, սնունդ, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում ակցիային միացած բոլոր անդամներին:

Ի դեպ, «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը ևս միացել է այս նախաձեռնությանը և իր աջակցությունն է ցուցաբերել:

Տեղեկացնենք, որ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Վայոց ձորի թեմի հետ համատեղ շարունակում է առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրումը և տրամադրումը սահմանում գտնվող և մեզ պաշտպան կանգնած մեր հերոսներին:

Հավաքված համապատասխան պարագաներն այսօր առավոտյան Ջերմուկ քաղաքի ջոկատի անդամների հետ ուղարկվեց Արցախ:

Բժշկական պարագաների մի մասը (տարբեր տեսակի վիրակապեր, յոդ, բժշկական սպիրտ, ցավազրկող, ներարկիչներ 5 և 10 մլ., արյան փոխներարկման հեղուկներ, արյան փոխներարկման համակարգ, բժշկական ձեռնոցներ) տրվեց տեղի զորամասին՝ անհրաժեշության դեպքում օգտագործվելու համար:
Տեղեկացնենք նաև, որ սնունդը և առաջին անհրաժեշտության իրերը կարող եք թողնել Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում, որոնք նույնպես կուղարկվեն Արցախ:

Թեմի լրատվության բաժին

 

 

Advertisements