ԱՎԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ


Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ.Ամէն:

<<Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ>>:
(Ղուկաս 1:35)

ԱՎԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻԵվ աստվածային այս զորությամբ` Սուրբ Կույսից պիտի ծնվեր աշխարհի Փրկիչը: Ահա այս ավետիսն է տալիս Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Կույս Մարիամին, և այս հրաշալի իրողությանն է նվիրված Ավետման տոնը:
Մարիամ Աստվածածնի կյանքի մասին քիչ տեղեկություններ ունենք: Աստվածաշունչ մատյանից գիտենք, որ նա Աննայի և Հովակիմի դուստրն էր: Հայրը Դավիթ մարգարեի սերնդից էր, իսկ մայրը` ղևտացիների: Նրա ծնողներն արդեն շատ ծեր էին, բայց ամուլ էին, անզավակ: Հաճախ, պատմում է ավանդությունը, նրանք աղոթում էին Տիրոջը, որ զավակ ունենան: Աստված լսում է նրանց աղոթքը և պարգևում մի աղջիկ, որի անունը Մարիամ են դնում: Մարիամը մատաղ հասակից աչքի է ընկնում իր առաքինի վարք ու բարքով, խոնարհությամբ, իր հավատքով, Աստծու հանդեպ ունեցած նվիրումով: Այդ տարիքից նա ընծայվում է տաճարին, որից հետո նշանվում և ամուսնանում է Հովսեփի հետ: Նրանք ապրում էին Հրեաստանի Նազարեթ քաղաքում: Եվ ահա, երբ Մարիամն իր ամենօրյա աղոթքն էր առաքում Տիրոջը, Տիրոջ հրեշտակն այցելում է նրան և ավետում աշխարհի մխիթարության և հույսի, մարդկանց փրկության` Լույսի ծննդյան մասին, որ ինքը` Մարիամը պիտի աշխարհ բերեր, նա պիտի աստվածային սիրո սերմը կրեր իր մեջ և պտղաբերեր աստվածային գութի ծաղիկը: Ավետարանը նկարագրում է, որ Մարիամը նրան (հրեշտակին) տեսնելով, նրա խոսքերից շփոթվեց: Նա մտածեց` արդյոք ինքը արժանի˚ է այդ գերագույն պատվին, մի պահ թուլացավ, սակայն Արարիչ Աստված Մարիամին խորհելու ազատություն շնորհեց, որպեսզի ինքն իր նվիրական հավատով ընկալի աստվածային այս հրաշք եղելությունը: Ճիշտ է նկատել Լամարթինը.<<Երկյուղածների ազատությունը ուժեղների փառքն է>>:
Մարիամն իր բոլոր առաքինությունների հետ ունեցավ քաջություն` ընդունելու երկնային առաջարկը և մտովի մի պահ տեսավ ծնունդը, քարոզչությունը, չարչարանքները, խաչելությունն իր Զավակի: Մարիամն եղավ մայրը քրիստոնեության հիմնադրի և բնակարանը Աստծու: Աշխարհի փրկության աստվածային ծրագիրն իրականացավ Սուրբ Կույսի միջոցով:
Դեռևս Հին ուխտում, Աստված մարգարեների միջոցով հայտնել էր, որ փրկիչ պիտի ուղարկի մեզ, իր որդին պիտի կատարելապես մարդանա մեզ համար, որը պիտի ծնվի մարդկանց դուստրերից` ամենաանաղարտից, ամենասուրբ մի կույսից, Սուրբ Հոգու զորությամբ: Սակայն, առանց Մարիամի ինքնանվեր ընծայման, առաքինի կենցաղի և քաջության պիտի չիրագործվեր աստվածային ծրագիրը: Դրա համար ենք փառաբանում նրան, այնպես, ինչպես ասվում է Աստվածածնին նվիրված տաղերից մեկում. <<Հրեշտակների բոլոր դասերը քեզ գովաբանում են միշտ Սուրբ: Քո նման երջանիկ մայրը ոչ երկնքում կա, ոչ երկրում, որովհետև քեզնից ծնվեց Աստվածորդին, ո՜վ Սուրբ Կույս, անաղարտ մայր, գերազանց կույս, գովելի ես, գովելի>>:
Կատարյալ մայր, կատարյալ կույս. ինչ ենք զգում այս բառերն արտասանելիս.
1. Մոր դերն անչափելի է սերունդների դաստիարակության գործում և վճռական, ահա այս հանգամանքով Մարիամը, համարվում է քրիստոնեական բարոյականության կրողն ու փոխանցողը սերունդներին: Ասված է. <<Կինը իբրև մայր մշտնջենավորում է մարդկային ցեղը և իր շնչի տակ մեծացնում է ապագա մարդուն>>: Մի խոսքով, կինը մայրությամբ վեր է բարձրանում ու պսակավորվում ծննդյան հրաշքի լուսե պսակով: Ահա թե ինչպես է բնորոշում այդ իրողությունը երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետը. <<Կինը կզգա իր էության մեջ սարսուռը արարչագործության ու ծունկի եկած իր ծնած երեխայի առջև, կտեսնէ անոր մեջ պտուղը Աստուծո շնորհաբաշխ ուժին և տեսիլքը կունենա նմանվելու Հիսուս ծնող Սուրբ Կույսին>>:
2. Մայրության կատարելատիպը լինելուց զատ, Սուրբ Մարիամը եղավ կնոջ հասարակական դերը բարձրացող անհատ: Քրիստոնեությունից առաջ կինը մարդուն հավասար չէր ընդունվում: Աթենքում և Հռոմում կինը ստրուկի էր նման, գերմանացիների նախնիները ծախում էին իրենց կանանց, ինչպես պատմում է Տակիտոս պատմիչը: Չինաստանում կանայք համարվում էին անհոգի: Հնդկաստանում կանանց ողջ-ողջ թաղում էին իրենց մեռած ամուսիների հետ: Այսպես` կինը հին աշխարհում բարոյական, կրոնական և իմաստասիրական հայեցակետով նկատվում էր իբրև առարկա, իբրև հասարակության չնչին, ստորին մասնիկը: Քրիստոնեությունը սրբագրեց այս հայեցակետը և բարձրացրեց կնոջ դերը` շեշտելով, որ եթե առաջին կնոջ` Եվայի միջոցով մեղքը աշխարհ մտավ, ապա նրա արմատից ծնված նոր Եվան` Սուրբ Կույս Մարիամը միջոց դարձավ մարդկանց փրկության, եղավ մեր Փրկչի մայրը: Մեղքը սկսվեց Եվայով, փրկության առաքելությունը` Սուրբ Մարիամով: Խավարի հրեշտակը խաբեց Եվային` ասելով, թե աստվածներ պիտի լինեք, եթե արգելված պտուղն ուտեք, իսկ լույսի հրեշտակը Սուրբ Կույսին ավետեց` ասելով.<<Տերն ընդ քեզ է>>(Ղուկաս 1:28):
Մարիամով վերափոխվեց կնոջ դերը կյանքում, նրա հասարակական եւ ընկերային դիրքն ու նշանակությունը:
Մարիամով կնոջ դերի վերափոխությունը կայացավ նրա կյանքի օրինակով:
3. Սուրբ Մարիամը, օժտված լինելով կանացի առաքինությունների լույսով, ավանդեց բոլորին՝ նվիրում, սեր, հեզություն, հնազանդություն ու նաեւ քաջություն:
4. Սուրբ Մարիամը իր այս առաքինություններով, իր օրինակով կատարելատիպը եղավ հայ մոր, հայ կնոջ, հայ կույսի:
Հատկապես Մարիամի հեզությունը, բարությունն ու քաջությունը երբեք չպակասեցին հայ մորը: Ինչպես Մարիամը սրտագինս աղերսում էր իր Որդու խաչի առջեւ, այդպես էլ քանի՜-քանի՜հայ մայրեր իրենց որդիների զոհաեբերության ականատեսը դարձան:
Աստվածածնի Ավետման տոնը, մենք՝ հայերս, ոգեկոչում ենք իբրեւ մայրության տոն, որովհետեւ հայը միշտ մայրապաշտ է եղել, մեծագույն հարգանքով եւ սիրով է նվիրվել սերնդագործող սրբությանը՝ մորը: Անգամ իր հայրենիքն ու հոգեւոր կենտրոնն է մայր անվանել՝ Մայր Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Եվ պատահական չէ նաեւ, որ այս փառապանծ տոնը ոգեկոչում ենք ապրիլ ամսին: Ապրիլը հայի համար մեծ խորհուրդ ունի, ապրիլ, ապրել, կյանք ունենալ: Այդ կյանքը մայրն է տալիս:
Չմոռանանք, որ բազում ավերներ, կոտորածներ, վիշտ, ասպատակություն տեսած հայ ժողովուրդը վերականգնվել, վերածնվել է հայ մոր անսասան հավատի եւ նվիրման շնորհիվ նաեւ: Այո΄, ապրել է հայ մայրը արժանապատվորեն եւ ապրեցրել է արժանապատիվ սերունդ: Հայոց առյուծածին մայրերը առյուծներ են ծնել, ծնել են Վարդանանց, Ղեւոնդյանց, Վանի, Սասունի, Մուշի, Մուսա լեռան, Սարդարապատի, Արցախի քաջերին:
Սիրելիներ, հայ կնոջ միջոցով է հոգեփոխվում հայ ընտանիքը, իսկ ընտանիքը հիմքն է ազգի: Հայ կինը, հայ մայրը միշտ էլ, եւ՛օրորոցային երգելիս, եւ՛ արտը ցանելիս, եւ՛ կիզիչ անապատներով գաղթելիս ու զենքով իր հայրենիքը պաշտպանելիս, Սուրբ Մարիամի հեզության, բարության եւ քաջության օրինակն է ունեցել իր առջեւ:
Մեր ժողովուրդը ծնել է բացառիկ կանայք, որոնց համար կյանքում օրինակ է եղել Ս. Մարիամը, եւ որոնց դերն անգնահատելի է պատմության մեջ: Հիշենք նրանցից մի քանիսին:
Խոսրովանույշ թագուհի – կինը Աշոտ Ողորմած թագավորի: Հեզության մարմնացում: Բարձրաշխարհիկ կին, որ, անտեսելով արքունի վայելքները, իջել էր հասարակության ցածր խավի մեջ եւ բարեգործություններ էր անում, հայտնի է «Գթած մայր Հայոցե անունով:
Զաբել թագուհի – կինը Հեթում թագավորի: Բարության ոսկե սափոր: Հիմնադիրն է Սսի հիվանդանոցների եւ ապավենը՝ կարիքավորների:
Սոսե Մայրիկ – կինը հայդուկապետ Սերոբ փաշայի: Սոսեն զենքը ձեռքին իր հերոս ամուսնու կողքին պաշտպանում էր հայրենին: Երկնքի չափ քաջությամբ էր շղարշված իր հոգին: Այստեղ տեղին է մեջ բերել հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի՝ նրան բնութագրող խոսքը. <<Հայուհի, որին կարելի է ճանաչել հազարավոր օտարուհիների մեջ այն կնիքով, որ նրա ճակատին դրել է ձիգ դարերի տառապանքը, որը կարող է փոխարինել խաչափայտի Տիրամորը, ահա այս օրինակով հայ կինը ավելի հերոսուհի քան թախծության մայր պիտի լինի>>:
Ահավասիկ, սիրելինե΄ր, այս առաքինություններն ու արժանիքներն է փոխանցել Սուրբ Մարիամը հայ կնոջը, հայ մորը:
Սիրելի΄ հայ կանայք, մայրեր եւ քույրեր, Ապրիլի 7-ի՝ Սուրբ Աստվածածնի ավետման տոնի առիթով, շնորհավորում եմ ձեզ, ցանկանում քաջառողջություն, ամենալավն ու բարին, մաղթում եմ ձեզ ուժ եւ եռանդ՝ պահպանելու եւ սերունդներին փոխանցելու համար Աստվածածնից ձեզ առաքված հեզությունը, քաջությունը, բարությունը ու նաեւ մյուս քրիստոնեական առաքինությունները, որոնք ձեր էության զարդն են հանդիսանում:Մաղթում եմ ձեզ նաեւ հոգու գեղեցկություն, որն առավել պանծացնում, վեհացնում ու պայծառացնում է ձեզ:
Օրհնյալ լինեք, Սուրբ Աստվածածնի բարեխոսությանն արժանանաք եւ թող Բարձրյալի զորությունը ձեզ հովանի լինի: Այժմ եւ միշտ եւ հավիտյանս: Ամեն:

Տեր Զարեհ վրդ. Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

 

Advertisements