Ցուցահանդես՝ «Ստեղծագործ ձեռքեր» խորագրով


Ապրիլի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ստեղծագործ ձեռքեր» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը նվիրված էր Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին:

Ցուցահանդես՝ «Ստեղծագործ ձեռքեր»  խորագրով

Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Վայոց ձորի թեմի, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Եղեգնաձորի դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ և բազմաթիվ վայոցձորցիներ:

Միջոցառմանը ներկա գտնվող վայոցձորցիները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Արցախում զոհված հերոս հայորդիների հիշատակը:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը ցուցահանդեսն  սկսեց Տերունական աղոթքով, ապա օրհնության խոսքով հանդես եկավ Թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Այնուհետև Եղեգնաձորի պատկերասրահի տնօրեն Քնարիկ Բաբախանյանը, շնորահավորելով ներկաներին տոնի առթիվ, ասաց.«Ստեղծագործ ձեռքեր» խորագրիը կրող ցուցահանդեսը Եղեգնաձորի պատկերասրահը նվիրում է Արցախում զոհված հայորդիների մայրերին և նաև այն մայրերին, որոնց որդիներն այժմ ծառայում են հայոց բանակում»:

Վերջում պատկերասրահի տնօրենն ավելացրեց, որ ցուցահանդեսը շարունակվելու է մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 17:00-ն, ապա Մ. Հարությունյանը, շնորհավորելով հայոց մայրերին և քույրերին տոնի կապակցությամբ, մաղթեց խաղաղություն, համբերություն և ոգու արիություն:

Ցուցահանդեսին ներկայացված էին Վայոց ձորի թեմի դեկորատիվ արվեստի կենտրոնի, ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի և Չիվայի համայնքային կենտրոնների, ինչպես նաև Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի, Եղեգնաձորի և Վայքի նկարչական դպրոցների սաների, անհատ ստեղծագործողներ Ռոզա Դովլաթյանի, Արամ Սմբատյանի, Ռուբեն Ղազարյանի, Էլլա Ստեփանյանի և այլոց աշխատանքները:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements