Ապրիլի 10-ին Աշխարհամատրան Կանաչ կիրակիի և Նորավանքի ուխտի օրն է


«Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, մոտեցեք Նրան՝ Կենդանի Վեմին,

որը Աստուծո առաջ ընտրյալ և թանկագին է»:

Պետրոս առաքյալի սրտառուչ այս խոսքերը բնորոշում են Աշխարհամատրան Կանաչ կիրակիի խորհուրդը:

Հիսուս Քրիստոսի Հարության` Սբ. Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի` ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման, որի Կենդանի Վեմը Հիսուս Քրիստոսն է: Նրա վրա հիմնվեց Աստուծո տունը՝ Սբ. Եկեղեցին՝ իբրև մարդկության փրկության ճշմարիտ գրավական, ինչպես ասում է Եսայի մարգարեն. «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ՝ թանկագին անկյունաքար, և ով նրան հավատա, ամոթով  չպիտի մնա»:

Վաղը աշխարհամատրան Կանաչ կիրակին է և Նորավանքի ուխտի օրը

Ընդհանրական Սբ. Եկեղեցին Աշխարհամատուռ է կոչվում, քանի որ այն առաջին աղոթավայրն է առաքյալների և առաջին քրիստոնյաների: Այն Վերնատունն է, ուր Վերջին ընթրիքին Հիսուս Քրիստոս հաստատեց Սբ. Պատարագի խորհուրդը, որով միայն կարող ենք հաղորդվել Իր հետ, ընդունել Իր Անապական Մարմինը՝ իբրև մեղաց թողության, իբրև փրկություն: Աշխարհամատրան  Կիրակին նաև կանաչ է կոչվում՝ խորհրդանշելով բնության վերազարթոնքը, դրա նմանությամբ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու ծաղկումն ու զարթոնքը:

Այս տարի Կանաչ կիրակին տոնվելու է ապրիլի 10-ին:

Այդ օրը հատկապես սիրելի է վայոցձորցիների համար, քանի որ 1999թ-ի հենց այդ օրը երջանկահիշատակ  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի ձեռամբ օծվեց և վերաբացվեց Նորավանքը, որ տարիներ շարունակ փակ էր: Այդ հիշարժան օրվանից սկսած Կանաչ կիրակին դարձավ Նորավանքի ուխտի օր:

 

Advertisements