Ապրիլի 7-ը Եղեգնաձորի ավագ դպրոցում


Ապրիլի 7-ը Եղեգնաձորի ավագ դպրոցումԱպրիլի 7-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի օրը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն այցելեց Եղեգնաձոր քաղաքի ավագ դպրոց՝ հանդիպելու ուսուցչական կազմի և աշակերտների հետ՝ շնորհավորելու և իր օրհնությունը փոխանցելու նրանց:

Այս հանդիպումը Տեր Հայրը կարևորեց նրանով, որ օրեր առաջ Արցախի սահմաններին տեղի ունեցած իրադարձությունները մեծ անդրադարձ ունեցան ամեն մի հայի հոգում:

Զգացողությունները տարբեր էին. կար անհանգստություն ու մտահոգություն, հատկապես այն ընտանիքներում, ովքեր ունեին ծառայող զինվորներ:

Այդ օրերի ընթացքում շատ աշակերտներ էին եկեղեցի գալիս  թե′ խմբերով, թե′ անհատապես և նրանցից շատերը Տեր Վազգենին խնդրում էին՝ միասնաբար աղոթել խաղաղության և մեր զինվորների պահպանության համար:

Հանդիպման ժամանակ Տեր Հայրը ներկաներին հիշեցրեց Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքերըՄայրերի ափի մեջ պիտ փնտրել ազգերի ճակատագիրը»:

Այնուհետև Տեր Վազգենն ասաց, որ գաղտնիք չէ, որ երեխաների դաստիարակության հիմնական ծանրությունը մայրերի ուսերին է, և փառք Աստծո, որ մենք ունենք շատ հայրենանվեր զավակներ, մարդիկ, ովքեր ոչ միայն այս քանի օրերի ընթացքում, այլև՝ ողջ շարժման տարիներին իրենց ամենաթանկագինն են տվել՝ կյանքը:

Նրանք չեն մահացել. նրանք անմահացել են, քանզի՝ «Չգիտակցված մահը մահ է, իսկ գիտակցված մահը՝ անմահություն»:

Տեր Վազգենն իր խոսքն ավարտեց բարեմաղթանքներով՝ ուղղված հայ մայրերին՝ հուսալով, որ նրանց կյանքում ուրախ և երջանիկ օրերն անհաշվելի կլինեն:

Թեմի լրատվության բաժին

Advertisements