Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

 ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՐԲԱՆՈՑ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Այդ դեպքից 2 օր հետո ընդունվեցի ամերիկյան որբանոցի արհեստանոցը: Աշխատում էի ձուլագործ վարպետի մոտ որպես աշակերտ: Շատ կարճ ժամանակամիջոցում արհեստը սովորեցի և դարձա ենթավարպետ:

Որբանոցում սկզբնական շրջանում արհեստավոր տղաներինս որպես բնակարան հատկացրել էին հայերի անտեր բնակարաններից մեկը, որը բավական հեռու էր մեր արհեստանոցից ու նեղվածք էր: Մեր արհեստանոցը գտնվում էր ամերիկյան կենտրոնական որբանոցի ընդարձակ հողամասում, այդ հողամասի խորքի ծայրամասում կար նաև զվիցերական որբանոցի նախկին անավարտ շենքը: Մեր արհեստանոցի տղաներիս փոխադրեցին այդ շենքի առաջին հարկը, որի վերակառուցումը վերջացրել էին, իսկ երկրորդ հարկի վերանորոգումը շարունակվում էր:

Մի օր հետաքրքրության համար բարձրացա 2-րդ հարկը, սենյակների դռները մեկ-մեկ բացում և նայում էի մեկի վերանորոգումը վերջացել էր, մի ուրիշինը նոր սկսել էին: Այդ պահին մի սենյակի դուռ բացեցի, ինչ տեսնեմ` պատից կախված հրացաններ, մի մարդ էլ, թախտի վրա պառկած, քնել էր: Անակնկալի եկա, դուռը կամաց փակում եմ, որ քնածին չարթնացնեմ, իջնում եմ առաջին հարկը, տեսածս տղաներին պատմում եմ, իսկ տղաներն արդեն տեղյակ են լինում, ինձ ասում են, որ դրանք Գրիգոր Չավուշի` դասակի հրամանատարի տղաներն են, որ սովորաբար գիշերները գնում են անհայտ գործի, իսկ ցերեկները գալիս են ու այդ սենյակում հանգստանում: Հետո հաճախ հանդիպում եմ  նրանց, այդ տղաների մեջ կար մեզ հասակակից Սեդրակ Տերտերյան անունով մի տղա, որի հետ բավական մտերմանալուց հետո նա մեզ պատմեց իրենց ոդիսականը:

 

Մինասյան Գրիգոր Չավուշը և ընկերները

Մինասյան Գրիգորը և իր ընկերները եղեռնի սկզբում լինում են աշխատանքային վաշտում աշխատելիս: Սեբաստիա-Կարին խճուղու վերանորոգման վրա էին աշխատում: Արդեն Սեբաստիա քաղաքի շրջակա գյուղերի հայերին տեղահանած և բանտարկված հայ տղամարդկանց անխտիր կոտորած է լինում, երբ մի խնջույքի ժամանակ, որը կազմակերպված է լինում նահանգապետ Մուանվեր բորենին, մի քանի բաժակ խմում է և տրամադրությունը բարձրացնում: Մեկ էլ հիշում եմ Ղոչասար գյուղաքաղաքում` բանակին կից աշխատանքային վաշտում, ողջ մնացած հայ աշխատավորներին, հեռախոսի լսափողը վերցնում և կապվում է Ղոչասարի ժանդարմի հրամանատարին, ապա հրամայում, որ աշխատանքային վաշտում աշխատող հայ տղամարդկանց ոչնչացնեն:

Հաջորդ օրն սկսում են հրամանի կատարումը: Երեկոյան աշխատանքը վերջացնելուց հետո բոլորին շարքի են կանգնեցնում` նախապես պատրաստած ցուցակով, կարդում 20-30 հոգու անունները և առանձնացնում մեկ այլ տեղ: Աշխատանքի պիտի գնաք` ասելով` տանում նախապես պատրաստված գոմում բանտարկում, այնտեղից էլ գիշերը` ժամը 12-ից հետո, փոքր խմբերով բանտից դուրս են հանում և սպանում:

Կարգը գալիս է Մինասյան Գրիգորի և իր ընկերներին. նրանց նույնպես տանում են և նույն գոմում բանտարկում: Տեսնում եմ, որ պատերի վրա գրվածքներ կան, կարդում եմ. «Սիրելի΄ հայրենակիցներ, մինչև այստեղ եկել ենք, բայց այստեղից այն կողմ մահն է մեզ սպասում, եթե կարող եք փրկության մասին մտածեք»:

Այդ գրվածքները կարդալուց հետո մտածում են, թե ինչ միջոցով կկարողանան այդտեղից փախչել, իրենց բանտարկված գոմի լուսանցքները 2 մետր բարձր են լինում: Իրար ուսի կանգնած, նայում` արդյոք հնարավոր չէ այդ լուսամուտից փախչել, տեսնում են, որ կողքի մի քիչ ցածր շենքի տանիքում սվինավոր 2 ժանդարմ կանգնած են որպես պահակ: Այդտեղից հույսերը կտրում են և սկսում են մտածել ուրիշ միջոցի մասին: Մինչ այդ օրը մթնում է, ժամը 12-ի ժամանակները, գոմի դուռը բացում է մի ժանդարմ, որի մի ձեռքին ցուցակ, մյուսին՝ ճրագ, մտնում է  ներս, 8-10 տղաների անուն կարդում և առաջարկում դուրս գալ: Նրանք դուրս են գալիս և դուռը նորից փակվում է: Արդեն պարզ է լինում, թե դրանց ուր տարան:

Գրիգոր, իրենց և իրենց դրացի գյուղերի տղաներին հավաքում է և իր մշակած ծրագրի մասին խոսում, երբ տեսնում է, որ բոլորն էլ համաձայն են, տղաներից ամենաուժեղին պատվիրում է, որ երբ ժանդարմը գա, 2-րդ անգամ անունները կարդա, կմոտենա ժանդարմին դուրս գալու ժամանակ, վզակոթին մի ուժեղ հարված կհասցնի, կգցի ցած, այն ժամանակ, ով կցանկանա, իրեն հետևել՝ դուրս կխուժի ողջ ազատվողները: Կգնան սարը, նշանախոսը կլինի՝ պայքար:

Ի դժբախտություն, լինում են այնպիսիները, որոնք զգուշացնում են` ասելով, որ ուզում եք մեր մահվան պատճառը լինել: Գրիգորը դրանց ասում է այսքանից հետո, եթե թուրքից բացի` մահից ավելի լավ բան սպասում եք, մնացեք, իսկ եթե համարձակվեք թշնամուն հայտնել մեր անելիքի մասին, մենք ձեզ խեղդամահ կանենք: Այդ վախկոտների վրա հսկիչներ է նշանակում իր համակիրներից և ամեն տեսակի անակնկալ դեպքերը ընդունելու ու մինչև վերջը պայքարելու պատրաստ,   սպասում ժանդարմի 2-րդ գալստյան: Քիչ հետո դուռը նորից բացում է միևնույն ժանդարմը, ճրագով և ցուցակով ներս է մտնում, սկսում անուններ կարդալ, որոշված տղան մոտենում է ժանդարմին և, անունները լրիվ չկարդացած, վզակոթին այսպիսի ուժեղ մի հարված հասցնում, որ ժանդարմը ուշակորույս ընկնում է ցած և ընկած ժանդարմին կոխկռտելով` տղաները նետվում են դուրս, դրսի ժանդարմները, անակնկալի եկած, չեն հասկանում, թե ինչ է կատարվում մինչև ուշքի են գալիս՝ միջոցների դիմում, գոմում մարդ չի լինում, խիստ խավար գիշեր է լինում, սկսում է հրաձգությունը, բայց խավարի պատճառով նպատակի հասնել չեն կարողանում:

Սեդրակը նույնպես փախչում է և մի շուն սկսում է իրեն հետևել: Կարծելով, որ վիրավոր է, կընկնի ու ինքը նրան կհոշոտի: Երևի մարդու դիակ ուտելու վարժված է լինում, որովհետև այդ ժամանակներն ամենուրեք կարելի է հայի դիակների հանդիպել: Շոշափելով՝ գետնից մի քար է վերցնում և շան գլխին մի հարված հասցնում, շունը վնգստալով փախչում է, իսկ ինքը գնում և հասնում է նախապես որոշված սարը: Մինչև լուսանալը 10-15 հոգի հավաքվում են: Ճիշտ է անմիջական մահից փրկվում են, բայց ինչով, ինչպես սնվել. ոչ զենք ունեն, ոչ էլ սննդամթերք, բացի անտառի վայրի մրգերից և դաշտի ուտելու խոտից, ուրիշ ճար չկա, առայժմ պետք է դրանցով սնվել: Այսպիսի դրությամբ անցկացնում են 10-15 օր, տղաները սկսում են հյուծվել ու տկարանալ:

 

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի

 

Advertisements