ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ (ՄԱՍ 2)


Սուրբ Հովհաննես մատուռի խաչքարերը,1041թ., Ցախաց Քար վանք

Սուրբ Հովհաննես մատուռի խաչքարերը,1041թ., Ցախաց Քար վանք

Խաչքարային մշակույթի զարգացման օրինա­չափությունները հասկանալու համար առանձնակի նշանակություն ունեն նաև Ցաղաց Քար վանքի 11– րդ դարի կեսերի խաչքարերը։ Բագրատունիների և Անի մայրաքաղաքի հետ սերտ կապ ունեցող վանքի վանահայր Վարդիկը ջանք չի խնայել կառույցներին ու կոթողներին անիական՝ «մայրաքաղաքային» շուք հաղորդել։ Դրանց մեջ առանձնանում են հատկապես երկու մոնումենտալ խաչքարերը, որոնք կանգնած են ոչ թե առանձնակի, այլ Սուրբ Հովհաննես դամբարան-եկեղեցու մասն են կազմում՝ հարդարելով նրա երկրորդ հարկի վրա կառուցված մատուռ-աղոթարանի արևմտյան ճակատը։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե եկեղեցական կառույցի պատի մեջ խաչքար ագուցանելուն, երևույթ, որ լայն տարածում էր գտել դեռ 10-րդ դարում, այլ արևմտյան ճակատի այնպիսի հատակագծմանը և կառուցմանը, որի նպատակը, կարծեք, վաղմիջնադարյան կոթողային բարդ կառույցների վերարտադրությունն է, որոնք որշակի ճարտրապետական հնարավորություններ էին ստեղծում բացօթյա ծեսի համար։ Այստեղ ընթացող բացօթյա ծիսակատարության ու երկրպագության մասին ենթադրությանն է մղում և ողջ արևմտյան ճակատով ձգվող արխիտրավային անցումը, որի վերնամասը կարող էր ծառայել որպես հարթակ։

Երկու խաչքարերն էլ, ակնհայտորեն, կերտված են նույն վարպետի կողմից և հիմնական գծերով ներկայացնում են խաչքարերի զարգացման

Սուրբ Հովհաննես մատուռի խաչքարերից, 1041թ., Ցախաց Քար վանք:

Սուրբ Հովհաննես մատուռի խաչքարերից, 1041թ., Ցախաց Քար վանք:

ծաղկուն փուլի մի շարք նախանշանները։ Սալերն ունեն խիստ կանոնավոր ուղղանկյան տեսք, մեծ չափեր, առաջեկ հզոր քիվեր։ Խոշորատեսք և խորը քանդակը հնարավորություն է տալիս հեռվից հստակորեն ընկալել բավականին բարձր տեղադրածխաչքարերը։ Քանդակը պատում է համարյա ողջ մակերեսը, ընդ­որում, հաջողությամբ կիրառվում է տարբեր բարձրությունների քանդակ. ավելի բարձր՝ եզրագոտում, փոքր-ինչ ցածր խորանում և ավելի ցածր՝ անմիջապես խաչամերձ տարածքում։ Բուսական մոտիվները լիովին ենթարկվում են ողջ հորինվածքի երկրաչափականացման տրամաբանությանը։ Դրանից չեն խուսափել անգամ խաղողի ողկույզներն ու տերևները, որոնք, շնորհիվ իրենց կարևոր խորհրդանշական դերակատարման, ավելի երկար պահպանեցին պայմանական-բնական արտաքինը։ Ցաղաց Քարի խաչքարերն առաջիններից են, որ երևան են բերում ելնդավոր եռաթելի հորինվածքաստեղծ բնույթը։ Նրա կենտրոնական թելը ոլորուն է, որը ողջ եռաթելին տալիս է պարանի տեսք։ Պարանատեսք այս եռաթելը հանդես է գալիս որպես հորինվածքի բաղադրիչների մեծ մասի «գործող ու շինանյութ»։ Այն նաև իրար է կապում բոլոր բաղադրիչները ողջ հորինվածքին հաղորդելով փոխկապակցված, միասնական, չընդհատվող արտաքին։ Երկու խաչքարերն էլ ունեն համարյա նույն հորինվածքը, ուղղանկյուն մակերևույթի վրա լայն եզրագոտու օգնությամբ ստեղծվել են ուղղանկյուն խորաններ (ձախակողմյան խաչքարի վրա ուղղանկյուն խորանինվերնամասում ներգծված աղեղի օգնությամբ տրվել է կամարաձևություն), որոնց ներսում տեղադրված ձգված համամասնություններով խաչերը հենվում են ուղղաձիգ արմավազարդի, ապա հորիզոնական արմավազարդի, վերջապես և վարդյակի վրա։ Խաչային ողջ կառույցը խոշոր վարդյակի վրա հենելը նույնպես նորույթ է, վարդյակներն էլ դեռ նոր են ձևավորվում և ավարտուն տեսք չունեն։ Սակայն, ամենաուշագրավն այս վարդյակներից մեկում չորս զույգ սիրամարգերի պատկերումն է. վարդյակը կարծեք մի վանդակ լինի, որտեղ ներփակվել են Կորուսյալ դրախտը խորհրդանշող սիրամարգերը։ Համանման մի քանի այլ հո­րինվածքներ (օրինակ՝ Ապրանք, Հանդաբերդի վանք) հիմք են տալիս խոսելու նաև վարդյակի իմաստաբանական մի հին տարբերակի մասին, որի դեպքում այն խորհրդանշում է անցյալը, Կորուսյալ դրախտը, նախածին մեղքը, որոնք պիտի հաղթահարվեն կամ վերագտնվեն խաչի միջնորդությամբ։ Իզուր չէ հայր Վարդիկը հատուկ նշում՝«կանգնեցրի սուրբ Երրոդությունս (նկատի ունի խաչքարերը, որոնք սկզբնապես երեքն էին) իմ հոգու փրկության համար՝ գուցե ողորմություն գտնեմ ապագայում տիեզերակալ հրապարակում, երբ խոսքերն սպառվեն և գործերը թագավորեն»։ Ցաղաց Քարի խաչքարերի ճարտարապետական և հորինվածքային նմանությունը Խծկոնքի, Բջնիի և Վահանավանքի խաչքարերի հետ, հիմք է տալիս խոսել ոչ թե տարբեր տեղերում նույն խմբի խաչքարերի տարածման մասին, այլ ավելի շուտ Անիում կամ նրա շրջապատում գործող վարպետների մի խմբի գործունեության մասին, որոնց խաչքար էին պատվիրում ժամանակի հայտնի վանական կենտրոնները։

Սուրբ Հովհաննես մատուռի խաչքարերի մանրամաս, 1041թ., Ցախաց Քար վանք:

Սուրբ Հովհաննես մատուռի խաչքարերի մանրամաս, 1041թ., Ցախաց Քար վանք:

Հեղինակ՝ Համլետ Լ. Պետրոսյան

Advertisements