Վայոց ձորի մշակութային ժառանգությունը


Վայոց ձորՎայոց ձորի ճարտարապետական հուշարձանները ժամանակագրական առումով կարելի է բաժանել երեք հիմնական ժամանակաշրջանի:

Առաջին շրջանն ընդգրկում է 9-10 դդ, այսինքն՝ Սյունյաց իշխանության ժամանակաշրջանը, երբ Սյունիքն ազատագրվեց արաբական լծից,  ձեռք բերեց քաղաքական անկախություն և Եղեգիս գյուղաքաղաքը դարձավ Սյունյաց Վասակյան իշխանների նստավայրը Վայոց ձորում: Այս ժամանակաշրջանը, ինչպես ամբողջ Հայաստանի, այնպես էլ Վայոց ձորի համար հանդիսացել է  համեմատաբար խաղաղ զարգացման և տնտեսական վերելքի ժամանակաշրջան: Այս ժամանակահատվածում են կառուցվել Գնդեվանքը, Ցախաց քարի վանական համալիրը, Հերհերի Սբ. Սիոնը, Շատիվանքը, Կնեվանքը, Քարակոփի կամ Խոտակերաց վանքը, Արկազի Սբ. Խաչ վանքը և այլն:

 

Շատիվանք

Շատիվանք

Ցախաց Քարի վանական համալիրը

Ցախաց Քարի վանական համալիրը

Սուրբ Սիոն

Սուրբ Սիոն

Գնդեվանք

Գնդեվանք

Արկազի Սբ. Խաչ վանք

Արկազի Սբ. Խաչ վանք

Վայոց ձորի տնտեսական, քաղաքական, մշակույթի երկրորդ և ավելի բուռն զարգացման շրջանն ընդգրկում է 13-14 դդ, երբ հայ-վրացական զորամասերը համատեղ ջանքերով Սյունիքն ազատագրեցին սելջուկ-թուրքերի լծից և ստեղծվեցին նպաստավոր պայմաններ տնտեսական կյանքի զարգացման ու բարգավաճման համար: Այս ժամանակաշրջանում են կառուցվել հայկական ճարտարապետական արվեստի կոթողներից մեկը՝ Նորավանքը, Թանահատի վանքը, Եղեգիսի հուշարձանները, Սելիմի քարավանատունը, Արփայի, Ագարակաձորի կամուրջները և այլն:

Նորավանք

Նորավանք

Թանահատի վանք

Թանահատի վանք

Արփա գետը և Արենիի քարանձավը

Արփա գետը և Արենիի քարանձավը

Երրորդ շրջանը ընդգրկում է 17-18 դդ, երբ պարսկա-թուրքական պայմանագրից հետո պարսկական կառավարությունը, ելնելով իր պետական շահերից, համեմատաբար թեթևացրեց քրիստոնյաների վիճակը, նրանց հնարավորություն ընձեռեց վերականգնելու քայքայված տնտեսությունը: Շնորհիվ ստեղծված պայմանների, Վայոց ձոր ներգաղթեցին բավական թվով հայեր, մեծ մասամբ՝ Շահ Աբբասի գերեվարությունից ազատվածները: Այդ ժամանակաշրջանում վերանորոգվում են Շատիվանքը, Կնեվանքը, Եղեգիսի Սբ. Աստվածածինը, Բոլորաբերդի   եկղեցիները, կառուցվում են Գնդեվազի Սբ. Աստվածածին, Խաչիկի Սբ. Աստվածածին, Հորադիսի, Եղեգնաձորի, Ագարակաձորի եկեղեցիները:

Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցի

Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցի

Մշտապես ենթակա լինելով օտար նվաճողների ասպատակությունների՝ հայ ժողովուրդը ստիպված է եղել կառուցել նաև տարաբնույթ պաշտպանական կառույցներ` բերդեր, ամրոցներ, դիտակետեր, որոնք տեղադրված են բարձր ու դժվարամատչելի լեռների ու բլուրների գագաթներին: Պաշտպանական այդ կառույցները երկարատև  դիմադրության համար ունեցել են անհրաժեշտ բոլոր պայմանները` սննդի և ջրի ամբարման շինություններ, ստորգետնյա գետնուղիներ, զորանոցներ և այլն:

Վայոց ձորում պահպանվել են բազմաթիվ բերդերի և ամրոցների ավերակներ: Դրանցից շատերը կառուցվել դեռևս մի քանի հազար տարի առաջ, մի մասը` վաղ միջնադարում, մյուսները` զարգացած միջնադարում: Հին բերդերը կառուցվել են հսկայական մեծություն ունեցող անտաշ քարերով /Եղեգնաձորի Քյոշքը, Գետափի ուրարտական ամրոցները և այլն/, միջնադարյան ամրոցները` կոփածո քարերով ու կրաշաղախով /Սմբատաբերդը, Հրաշկաբերդը և այլն/:

Վայոց ձորում շատ բերդեր են եղել, որոնք պատկանելիս են եղել տեղի իշխանական տներին։

Օրբելյաններին էին պատկանում Սմբատաբերդն ու Հրաշկաբերդը, Պռոշյաններին` Բոլորաբերդը, Մահևանյաններին` Նրբոյն բերդը, Շահուռնեցիներին` Հերհերի բերդը և այլն:

Վայոց ձորը ունեցել է դպրության և գրչության իր նշանավոր կենտրոնները: Հատկապես 14-15 դդ. Վայոց ձորում հիմնվում են  ուսումնական հաստատություններ, գրվում, նկարազարդվում են բարձրարվեստ գրչագրեր, որոնք միջնադարյան հայ մշակույթի գանձերից են:

Վայոց ձորում 1280-1340 թթ.  գործել է Գլաձորի համալսարանը, որն իր բնույթով և առարկայական հիմնական ցուցանիշներով լիովին համապատասխանել է ժամանակի եվրոպական համալսարաններին: 14-15 դդ. այստեղ են գործել նաև Հերմոնի, Բոլորաբերդի, Հերհերի, Եղեգիսի, Վերին Նորավանքի, Ցախաց քարի, 17-րդ դարում՝ Շատիվանքի դպրոցը և այլն: Այս ուսումնական հաստատություններում են դասավանդել և սովորել այդ ժամանակաշրջանի գիտության և մշակույթի հարյուրավոր նշանավոր գործիչներ, որոնց թվում՝  Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Ստեփանոս  Օրբելյանը, Տիրատուր Կիլիկեցին, Հովհաննես Երզնկացին, Թորոս Տարոնեցին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և շատ ուրիշներ:

Ուսումնական հաստատություններից բացի, Վայոց ձորում գործել են շուրջ 20 գրչության օջախներ, որոնցում գրված ձեռագրերի միայն մի մասն է հասել մեզ: Դրանցից մի քանիսը պահվում են  աշխարհի շատ թանգարաններում /Լոնդոնի բրիտանական թանգարան, Փարիզի ազգային գրադարան և այլն/՝ հանդիսանալով  եզակի նմուշներ: Վայոց ձորի գրչության օջախներում ընդօրինակած և նկարազարդած ձեռագրերը աչքի են ընկնում իրենց գեղարվեստական բարձր ճաշակով: Այդ ժամանակաշրջանի գրչության նշանավոր կենտրոններ են եղել Գլաձորի համալսարանը, Հերմոնի վանքը, Եղեգիսի, Վերին Նորավանքի, Արատեսի մենաստանը, Նորավանքի, Երերանի, Բոլորաբերդի, Շատիվանքի և այլ գրչության օջախներ, որտեղ գործել են նշանավոր գրիչներ Տիրատուր Կիլիկեցին, Եսայի Նչեցին, Մոմիկը, Թորոս Տարոնացին, Ավագը և ուրիշներ:

Շարունակելի…

Advertisements