Վայոց Ձորի թեմ

Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի

Advertisements

Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի

Զորաց եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան ծայրին` ոչ բարձր բլուրի վրա: Ճարտարապետական հորինվածքը անսովոր է. ունի արևելյան մաս` խորանով և  եզրային ավանդատներով, զուրկ է դահլիճային մասից. վերջինիս փոխարինում է եկեղեցու առջևի հրապարակը: Հուշարձանի հազվագյուտ ձևը որոշ ուսումնասիրողների ենթադրել է տվել, որ այն նախատեսված է եղել պատերազմ մեկնող զորքերի համարայստեղից էլ նրան տրված   «զորաց» անվանումը:

 Եկեղեցու խորանը երկու կամարակիր սյուներով բաժանվում է երեք մասի: Արևմտյան պատի ամբողջ կենտրոնական մասը  գրավում են երեք լայնանիստ կամարները, որոնց շնորհիվ խորանն իր ամբողջ բացվածքով տեսանելի է դրսից: Այս պատի լայնքով ներսից մի լայնաթռիչք կամար է ձգվում, որի թռիչքը հավասար է խորանի թռիչքին: Կամարն իր վրա կրում է եկեղեցու արևմտյան պատի վերին մասերի ամբողջ որմածքը և դրսից տեսանելի չէ: Մեկ մետր բարձրությամբ բեմի վրա դրված է սեղան: Կիսաշրջան խորանը կենտրոնում ունի դեպի դուրս նեղացող մեկ պատուհան: Նման մի պատուհան էլ բացվում է արևմտյան հատվածի վերնամասի կենտրոնում: Երկու ավանդատներն էլ  ունեն արևմուտքում բացվող մուտքեր, արևելքից բացվող մեկական պատուհաններ, երեքական խորշեր, փոքրիկ խորան և ցածր բեմ: Հյուսիսային ավանդատունը մուտք ունի դեպի բեմ: Արևմտյան ճակատի վերնամասում ագուցված են երեք փոքրիկ խաչքար:

Եկեղեցու հարավային ճակատին արևային ժամացույց է քանդակված, իսկ արևելյան  ճակատի վերին եզրամասերում` մեկական հավերժության նշաններ: Արևելյան ճակատն ունի եռանկյունաձև երկու խորշեր, որոնց վերնամասերն ավարտվում են կիսաշրջան պսակներով: Կենտրոնական պատուհանն առնված է բարձրաքանդակ խաչապատկերի մեջ:

Եկեղեցու պատերին պահպանվել են արձանագրություններ, որոնցից առավել ուշագրավ է արևելյան ճակատինը: Եկեղեցու արևելյան ճակատի հյուսիսային խորշի  կիսաշրջան պսակի հարթ և թեք մակերեսներին փորագրված է հետևայալ շինարարական արձանագրությունը.«ԵՍ ՏՐ ՍՏԵՓԱՆՈՍ, ՈՐԴԻ ՋԱԼԱԼԻՆ, ԹՈՌՆ ՄԵԾԻ ՏԱՐՍԱԻՃԻՆ ՀԻՄՆԱՐԿԵԼ ՇԻՆԵՑԻ ԵԿԵՂԵՑԻՍ ՅԱՆՈՒՆ ՍՐԲՈՒՀՈՅ ԱԾԱԾՆԱՅ»: Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է 14-րդ դ. 30-ական թվականներին և  պատվիրատուն էլ հանդիսացել է  Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս-Տարսայիճը: Նա  շարունակելով իր մետրոպոլիտ և իշխանազուն նախորդների` Ստեփանոս Օրբելյանի և  Հովհաննես-Օրբելի ավանդույթը նույնպես եկեղեցու պատվիրատու է հանդիսացել:

Կառույցը բարձրանում է երկաստիճան հիմքի վրա և ավարտվում է երկթեք տանիքով: Հատակը  և ծածկը սալարկված են: Եկեղեցին կառուցված է սրբատաշ կապտավուն բազալտից: Նրա շուրջը գերեզմանատուն է` մի քանի տասնյակ տապանաքարերով և խաչքարերով:

Զորաց եկեղեցին, որը գտնվում է բլրի վրա, շրջակայքի մյուս բոլոր հուշարձանների հետ միասին շրջափակվել է պարիսպներով: Պարսպապատերը պահպանվել են մինչև 2 մ բարձրությամբ և 1.5 մ հաստությամբ: Դրանք շարված են մեծ, անմշակ բազալտի կտորներով:  Պարսպի գլխավոր մուտքն արևելյան կողմից է. պահպանվել են դեպի մուտքը տանող սրբատաշ բազալտից շարված եզրային պատերը և ուղղանկյուն մեծ բարավորը:

Վերջին տարիներին եկեղեցուն հյուսիսից կից տարածքում կատարված պեղումները վկայում են, որ այստեղ գործել է գրչության կենտրոն: Պեղված սենյակները միմյանց հետ կապված են ներքին դռներով, պատերին կառուցված են աղյուսե դարակներ, որոնք թողնում են մատենադարանի տպավորություն:

Advertisements