Ապրիլի 18-ը աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:
Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցների, ուսումնական մյուս հաստատությունների և մարզում գտնվող զորամասերի զինվորների միջոցով սանիտարական-մաքրման աշխատանքներ կազմակերպվեց բոլոր պատմական հուշարձաններում:
Օրվա խորհրդին նվիրված աշխատանքներն ամփոփվեցին Եղեգիս համայնքում գտնվող Զորաց տաճարում, որի ճարտարապետական հորինվածքն անսովոր է. ունի արևելյան մաս՝ խորանով և եզրային ավանդատներով, զուրկ է դահլիճային մասից. վերջինիս փոխարինում է եկեղեցու առջևի հրապարակը: Հուշարձանի հազվագյուտ ձևը որոշ ուսումնասիրողների ենթադրել է տվել, որ այն նախատեսված է եղել պատերազմ մեկնող զորքերի համար. այստեղից էլ նրան տրված «զորաց» անվանումը: Զորաց եկեղեցու մասին կարդալ այստեղ:
Զորաց Սբ. Աստվածածին եկեղեցում միջոցառում էր կազմակերպվել ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանի նախաձեռնությամբ: Հրավիրված էին Վայոց ձորի աշխարհիկ, հոգևոր և զինվորական դասի ներկայացուցիչներ:
Ներկա էին շրջակա համայնքների համայնքապետեր, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և աշակերտներ:
Միջոցառումն սկսեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը՝ <<Հայր մեր>>-ով և <<Պահպանիչ>> աղոթքով:
Այնուհետև Արժանապատիվ Տեր Հայրն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին, ով իր խոսքում մասնավորապես ասաց. <<Այսօր, ինչպես աշխարհի շատ այլ ազգերի, այնպես էլ մեզ համար, շատ կարևոր են մշակութային արժեքները, ինչպես նաև՝ դրանց պահպանման անհրաժեշտությունը: Մենք մեր հայրերից հսկայական ժառանգություն ենք ստացել տաճարների ու բերդերի, երգերի ու պարերի, կերակուրների և այլնի տեսքով: Մշակույթը յուրաքանչյուր ազգի դեմքն է, դիմագիծը, շարժուձևը, նիստուկացը, հետևաբար, ինչպես ամեն ազգ, մենք էլ աչքի լույսի պես պետք է դրանք պահենք ու պահպանենք >>:
Այնուհետև ելույթ ունեցան նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բորիս Քոչարյանը և այլք:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ազգային խաղեր ու մրցույթներ, երգ ու պար:
Նման միջոցառումները նպաստում են, որ մենք մեր ազգային արժեքներն աչքի լույսի պես պահենք ու պահպանենք:
Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու