ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Մինասյան Գրիգոր Չավուշը և ընկերները

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

….Գրիգորին ընտրած են լինում իրենց ղեկավար, և Գրիգորը մի օր տղաներին հավաքում  է խորհրդակցության և ասում, որ ինձ հարկավոր է 2 տղա, որ ինձ հետ գան կամավոր, որովհետև այն, ինչ ձեռնարկելու եմ, կարող է ձախողվեմ և զոհվենք: Տղաները, թե՝ բոլորս միասի կգանք, իսկ նա, թե՝ ոչ ինձ հարկավոր է 2 տղա, քանի որ ցանկանում եք բոլորդ էլ գալ, ինձ թույլ տվեք ընտրել, թե ով պետք է գա ինձ հետ: Տղաներին թաքցնում եմ ճամբարներում, անձրևաջրերի անցքի համար կառուցված կամուրջների մեկի տակ և պատվիրում՝ ինչ գործողություն, որ ուզում եմ կատարել, կաշխատեմ, որ ձեր թաքնված տեղի մոտերքում կատարել, հետևապես կարիքի դեպքում օգնության կհասնեք, սկսում է ճանապարհով գնալ-գալ:

Մեկ էլ տեսնում է, որ հեռվից մի ձիավոր է գալիս, քայլերն ուղղում դեպի ձիավորը, երբ մոտենում է ու տեսնում է, որ եկողը ժանդարմ է, և երբ իրար մոտենում են, Գրիգորը բարևում է ժանդարմին և խնդրում մի սիգարետ: Ասում է, որ  ռազմաճակատից եմ գալիս, քանի օր է բերանս բան չեմ դրել, անոթության դիմանում եմ, բայց ծխելուն՝ ոչ, խնդրում եմ մի սիգարետ տուր: Ձիավորը բարկանում է, թե՝ ինչպես բանակը լքել ես և համարձակվում ես ինձանից ծխախոտ պահանջել, առաջ անցի ես քեզ սիգարետ ցույց կտամ: Գրիգորն ընկնում է առաջ, երբ մոտենում է տղաների թաքստոցին, հետ է դառնում և ժանդարմին ասում է, որ ուզում ես ինձ տանես և հանձնես ուր որ հարկն է, դեմ չեմ, գոնե, մի սիգարետ տուր ծխեմ: Ասում է և ոտից բռնում է և ձիուց ցած գցում, տղաները հասնում են և ձեռքերը կապում են մեջքին: Այդ տեսնում են մի գյուղացի, որը, էշը առաջը գցած, գալիս է, սրան էլ են բռնում ժանդարմի հետ և տանում են իրենց ընկերների մոտ: Գյուղացու խուրջինից դուրս է գալիս մի դաշույն, հաց ու պանիր, տղաներն ուզում են հափշտակել, բայց ղեկավարն ասում է՝ սպասեք: Հացն ու պանիրը վերցնում են և մի կողմ դնում և  շարունակում, որ նախ՝ սկսած գործերը վերջացնենք, ապա հացն ու պանիրը կբաժանենք:

Խոսքն ուղղելով ընկերներին՝ ասում է, որ այս երկուսին պետք է ուղարկենք ի վերին Երուսաղեմ, ձեզանից ով հանձն կառնի այս գյուղացուն տանի մի կողմ և սպանի,ինքը 2 տղաների հանձնարարեց և շարունակեց, որ սրանից հետո մենք մեր գոյությունը պահելու համար, ստիպված պիտի լինենք մեր ձեռքը անցած թշնամիներին չխնայել, ինչպես իրենք մեզ չեն խնայում, երբ իրենց հաջողվում է մեզ բռնել:

Մեր թշնամիները չխնայեցին մեր ծնողներին, երիտասարդներին, անչափահաս երեխաներին, ծերերին, կանանց և ամբողջ հայ ժողովրդին, հետևապես մեր թշնամիներն աննախընթաց գազանային եղեռնագործություններով մեզ համար ստեղծեցին այնպիսի դրություն, որ մենք ստիպված մեր թշնամիներին պիտի պատասխանենք իրենց իսկ հնարած և գործադրած միջոցներով, ուստի մեզանից ոչ ոք թող չանհանգստանա կամ չխղճահարվի: Սրանից հետո մեր ձեռքն անցած թշնամիների նկատմամբ լինենք անզիջող, անողոք ու պատժենք իրենց կատարած եղեռնագործությունների համար:

 Հայ ժողովուրդը իր գոյության ընթացքում վայրագ չի եղել իր թշնամի կամ դրացի ժողովուրդների նկատմամբ: Միշտ վեհանձն և զիջող վերաբերմունք է ցույց տվել, իսկ դրացիներից և թշնամիներից ստացել է հակառակ վերաբերմունքը, դրա համար էլ միշտ տուժել է: Այս պահին էլ մենք նույնպես կտուժենք, եթե թշնամուն չպատասխանենք իր հնարած զենքով և միջոցներով: Մեր դարավոր թշնամիները մեզ զրկեցին խաղաղ ու ազնիվ աշխատանքով ապրելու միջոցներից և ուզում էին մեզ նույնպես ոչնչացնել, ինչպես կոտորեցին մեր աշխատանքի 300 ընկերներին և ամբողջ հայ ժողովրդին, առանց սեռի տարիքի խտրության, հետևապես մեզ մնում է միայն հետևյալ միջոցները մեր գոյությունը պաշտպանելու համար՝ լինել հանդուգն, խիզախ, անվեհեր և զգույշ, իսկ թշնամու նկատմամբ անողոք և անխնա ու խոսքը ուղղելով այն 2 տղաներին, որոնց կարգադրել էր գյուղացուն տանել և սպանել, պատվիրեց շուտ վերադառնալ, որովհետև դեռ ավելի կարևոր գործ կար անելու: Երբ տղաներն իրենց հանձնարարված գործը կատարեցին ու վերադարձան, Գրիգորն ընկերներին խնդրեց, որ գյուղացու դաշույնը տա կողքի կանգնած ընկերոջն ու առաջարկեց հարվածել ժանդարմին և դաշույնը փոխանցել կողքի ընկերոջը, բոլորը առանց վարանելու, հարվածեցին, բացի մեկից, որը հետագայում մեր բոլորից ավելի անզիջող, անողոք վերաբերմունք էր ցույց տալիս մեր ձեռքը անցած թշնամիների նկատմամբ, մանավանդ, երբ հիշում էր իր կնոջ հարազատներին և իր միակ անչափահաս նահատակ որդուն: Եվ այդպես, այդ օրը թշնամու արյունով մենք մկրտվեցինք հայդուկներ, հետագայում մեզ հաջողվեց զինվել թշնամուց վերցրած զենքերով և մաքառել թշնամու դեմ մինչև պատերազմի վերջը:

 

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի

 

Advertisements