Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանի օրհնությամբ վերաբացվեց Գետափի մանկապարտեզը


 

Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանի օրհնությամբ վերաբացվեց Գետափի մանկապարտեզըԳետափ համայնքի մանկապարտեզը 2 տարուց ավել չէր գործում. պատճառն այնտեղ սկսված վերանորոգման աշխատանքներն էին: Ի վերջո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, և մանկապարտեզն իր դռները բացեց իր սաների առաջ: Մանկապարտեզի տնօրեն Աբրահամյան Վարսիկի խնդրանքով Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը մանկապարտեզի բացումն սկսեց օրհնության կարգով:

Օրհնվեցին մանկապարտեզը, հացը, աղը, ջուրը, ուսուցչական կազմն ու սաները:

Տեր Հայրն իր օրհնության խոսքում բարեմաղթեց, որ այս վերանորոգված մանկապարտեզն անխափան գործունեություն ունենա՝ լի շատ փոքրիկներով: Տեր Վազգենը կարևորեց երեխաների՝ մանկապարտեզում ստացած հոգևոր և ազգային դաստիարակությունը, քանի որ գիտելիքի, իմացության և աշխարհընկալման հիմքերը դրվում են այստեղ և հետագայում շարունակվում են դպրոցում:

Այնուհետև ելույթ ունեցան Գետափի համայնքապետ Ալոյան Գագիկը, մանկապարտեզի տնօրեն Վարսիկ Աբրահամյանը, որից հետո մանկապարտեզի սաները հանդես եկան իրենց գեղեցիկ ելույթներով:

Բացման արարողությունից հետո ներկաները ներս մտան՝ տեսնելու կատարված աշխատանքները: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր և հարմարավետ…

Թեմի լրատվության բաժին

Advertisements