ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

Մադաֆա քեմալի իշխանությունը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Քույրս` Պայծառը, որ Աղավնի քեռեկինս պատերազմի ընթացքին Մալաթիայից Սեբաստիա էր ուղարկել, թուրք մի կառապանի հետ, որը հավասար էր անպատվության գիրկը գցել: Պատահականության, թե բախտի բերումով, անպատվությունից ազատվել և հասել էր Սեբաստիա և նույնպես գտնվում էր որբանոցում:

1920թ. հույն-թուրքական պատերազմի ժամանակ որբանոցում իմ հասակակից տղաներին զորակոչեցին, իսկ ես մեկնեցի այդ վայրից և որոշ ժամանակ ազգական բարեկամների մոտ թաքնվելուց հետո ոսկերիչ Տիգրանի մոտ աշխատանքի ընդունվեցի: Վարձեցի մի սենյակ Հակոբի տան կողքին, իսկ  Հակոբն իր մոտ 3 եղբայրների և  քրոջ հետ ապրում էր այդ տանը որպես վարձակալ:

Այդ օրերին Մադաֆա քեմալը Անատոլիայում իշխանությունը գրավել ու հույների դեմ պատերազմը շարունակում էր Անգլիայի, Ֆրասիայի, Իտալիայի և ,,կոմունիստ.. Ռուսաստանի օգնությամբ և հովանավորությամբ քեմալի իշխանությունն ամրապնդելու համար իր շուրջն էր հավաքել բոլոր կուսակցությունների ղեկավարներին, ցեղապետերին, ավազակապետերին: Այդ թվում՝ Թոփալ-Օսման կոչված մի ավազակապետի՝ հայատյաց մի գազանի, որի միջոցով իր նախորդների հայաջինջ քաղաքականությունը շարունակում էր՝ հովանավորված հաղթական մեծ պետությունների կողմից, կոտորել տվեց Կիլիկիայի, Վանի, Էնտիրեսի և մի շարք այլ վայրերի եղեռնից ազատված հայերին:

Քեմալը կյանքի էր կոչել երեք անձից բաղկացած շրջիկ մի դատարանի /Իստիքտալ Մուհաքեմեսի/՝ <<արդարադատության դատարան>>, որի վճիռը անբեկանելի էր, այդ դատարանի սուր ծայրն ուղղված էր գլխավորաբար հայերի, հույների և մասամբ քուրդերի, որին արժանի էին:

Կազմակերպված զրպարտում էին հայերին, հույներին դատարանի առաջ,  առանց իրեղեն ապացույցի, և այդ բավական էր, որ դատարանը զրպարտվածին մահվան դատապարտի:

Իստիքտալ Մուհաքեմեսի, այսպես ասած արդարադատության դատարանի անդամների, Սեբաստիա գալու լուրից վախեցա, որպես բանակի դասալիք, ես ու Հակոբը տնից դուրս չէինք գալիս: Հակոբի փոքր եղբայրներին պատվիրել էինք փողոցում խաղալ և միևնույն ժամանակ ուշադրություն դարձնել, եթե տեսնեն, որ ոստիկան գա դեպի մեր տունը, մեզ զգուշացնեն: Մի անգամ Հակոբի եղբայր Միքայելը հևասպառ տնից ներս խուժեց և հայտնեց, որ երկու ոստիկան գալիս են մեզ մոտ. ո′չ թաքնվելու, ո′չ էլ փախչելու ժամանակ ունեինք, եկան ներս մտան մեզանից անձնագիր պահանջեցին, ասացինք, որ չունենք, եղեռնի ժամանակ մեր բոլոր ունեցվածքի հետ  թալանվել են: Հակոբին և ինձ վերցրին տարան զինվորական կոմիսարյատ, մեզ առաջնորդեցին մի գրասենյակ և գնացին: Այդտեղի աշխատող զինվորական սպան ուրիշ մի զինվորականի հետ զբաղված էր վիճաբանությամբ: Բավական սպասելուց հետո Հակոբը գրասենյակից դուրս եկավ, իսկ ես մի քիչ սպասեցի և տեսնելով, որ դրանց վեճը վերջ չունի, ես էլ սենյակից դուրս եկա, իսկ դարպասից դուրս գալու համար չեմ հիշում, թե ինչ սուտ հնարեցի և դարպասից անցա, գնացի ուղիղ տուն: Հակոբը տուն չէր գնացել, ես էլ տնից դուրս եկա և ծանոթների տանը մի քանի օր պահված մնացի:

Այդ դեպքից հետո դեռ դատարան չեկած՝ մի օր հանդիպեցի մեր նախկին տանտիրոջը, նա ինձ ասաց, որ եղբորս բանակ են կանչում որպես 1900թ. ծնունդ, ես ասացի, որ 2 տարով փոքր եմ, դիմեցի Նյուֆքուզ Տեյբասը կոչված գրասենյակը և ստացա իմ ծննդյան վկայականը: Այդպիսով ես ինձ ապահովեցի:

1920թ. ամռանը Իստիքտալ-Մուհաքեմեսի կոչեցյալը եկավ Սեբաստիա, որի Սեբաստիա գալու նախօրյակին 12 հայ երիտասարդների՝ որպես բանակի դասալիքների, մահվան դատապարտված սվինավոր զինվորներով շրջապատված, փողոցային նվագախմբի ուղեկցությամբ, տարան քաղաքից դուրս՝ գնդակահարելու: Արդեն դատապարտյալների աչքերը կապած կանգնեցրել էին մի ջոկատ զինվորների դիմաց, որոնք սպասում էին կրակելու հրամանին, մեկ էլ քաղաքից ձիավոր զինվորական մի սպա քառասմբակ եկավ, դեռ ձիուց չիջած, կարգադրեց չկրակել, ներում շնորհված է ասելով՝ դատապարտյալների աչքերի կապը քանդեցի, վերադարձրի բանտ: Իսկ հաջորդ օրը, երբ այդ անիծյալ դատարանի անդամները եկան Սեբաստիա, նրանց գալուստը նշանավորելու համար, տարան այդ 12 խեղճ անմեղ տղաներին և երկրորդ անգամ գնդակահարեցին:

Որ ասում եմ հայերին բանակ էին տանում, չկարծեք ինչ-որ զինվորական ծառայության, այլ բանակի անունով տանում էին անծանոթ ամայի վայրեր, տաժանակիր աշխատանքի և վատ սննդի հետևանքով ոչնչացնում էին, կարճ ասած՝ եղեռնը շարունակվում էր քողարկված միջոցներով:

<<Արդարադատության>> դատարան կոչվածը Սեբաստիայում մնաց 15 օր: Մի շարք անմեղ հայերի, հույների մահվան դատապարտեց, որոնց շարքում մեր որբանոցի տղաներից Շահբազյանին, որը հազիվ 16-17 տարեկան լիներ, դատավորի այն հարցին, եթե քեզ ներում շնորհեմ, դու նորից <<զինվորական>> ծառայությունից կփախչես, վախից, սարսափից լեզուն կապվում է, չի կարողանում պատասխանել, լռությունը բացատրում է իբրև ժխտում, խեղճ պատանուն դատապարտում է մահվան:

Գնդակահարել տանելիս տեսա խեղճ պատանուն, վախից, սարսափից մի բուռ էր մնացել, չէր կարողանում քայլել, թևերից բռնած, քարշ էին տալիս:

 

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի

 

Advertisements