Գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված Սուրբ Մեսրոպ Մաշտոցին


Վայոց ձորի մարզային գրադարանում «Ազգային գրադարանային շաբաթ» հանրապետական ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Օշականի սուրբ ննջեցյալը» խորագրով գրական-գեղարվեստական ցերեկույթ` նվիրված հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին:

Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան քառօրյա կռիվների ընթացքում զոհված հայ զինվորների և կամավորների պայծառ հիշատակը:

Այնուհետև ելույթ ունեցավ Վայոց ձորի մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, ապա Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը «Հայր մեր»-ով սկսեց այս գեղեցիկ միջոցառումը:

Միջոցառումը, որի կարգախոսն էր՝ «Դու՝ հար ուսուցիչ, մենք՝ հար աշակերտ», կազմակերպել էր մարզային գրադարանի մանկական բաժնի վարիչ Ջեմմա Մարգարյանը:

Գրադարանի ակտիվ ընթերցող Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտների ուժերով ներկայացվեց  հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիր, հայերենի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունն ու ազգապահպան գործունեությունը:

Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, իսկ օրհնության խոսքով՝ Արժանապատիվ Տեր Հայրը, ով իր խոսքում մասնավորապես ասաց.«Շատ կարևոր են նմանատիպ միջոցառումների անցկացումը, քանի որ ներկաներին հնարավորություն է ընձեռվում առավել հանգամանորեն ծանոթանալու մեր մեծերին և մեր պատմությանը: Միջոցառումներն օգնում են, որպեսզի մենք մեր ունեցած գիտելիքներին ավելացնենք նոր գիտելիքներ»:

Այնուհետև Տեր Վազգենը շեշտեց, որ, անշուշտ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մեծագույն ավանդը մեզ փոխանցված հայոց այբուբենն է, բայց մենք պետք է իմանանք նաև, որ Մ. Մաշտոցն այբուբեն է ստեղծել նաև վրացիների և աղվանների համար:

Վերջում Տեր Հայրն ասաց, որ Մաշտոցը նաև շարականագիր է, ավանդությունը նրան է վերագրում ամեն չորեքշաբթի և ուրբաթ պահոց օրերին մեր եկեղեցիներում հնչող ապաշխարության օրհնությունները: Գեղեցիկ և նրբաոճ շարականներ, որոնք ներթափանցում են մարդու սիրտն ու հոգին, քննում մեր արարքները և մղում են մեզ ապաշխարության:

Վերջում ելույթ ունեցավ նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:

Թեմի լրատվության բաժին

Advertisements