Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

 

 Վահրիճի բանտարկությունը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Վահրիճն ուներ նաև մոտիկ մի ընկեր՝ երզնկացի Հայկազ անունով: Աշխատում էր ամերիկյան որբանոցի տնօրենի մոտ որպես գրասենյակի դռնապան: Այդ մարդը Հայկազին ինչ-որ առաջարկություն է անում: Նա էլ, ինչպես ասում են, չի ուտում, չի խմում Վահրիճին հայտնում է: Վերջինս այդ պահին 2 բաժակ կոնծած է լինում: Սա, որ լսում է այդ լկտիությունը, առանց հաշվի առնելու, թե ում հետ է չափվել, փորձում է հարձակվել, գնալ հաշիվ պահանջելու, բայց ներկա եղող տղաները չեն թողնում, համենայն դեպս, մի փոքր աղմուկ է առաջանում, որը մուտքի դռան կանգնած ոստիկանի ուշադրությունից չի վրիպում:

Մինչև տղաները Վահրիճին տուն են տանում, պառկեցնում, դուռն էլ վրայից փակում, դռան կանգնած պահակ ոստիկանը հեռախոսով զանգում է ոստիկանատուն և օգնական պահանջում: 5 րոպե հետո ոստիկանատնից 2 ոստիկան գալիս են դեպքի վայրը և սկսում <<հանցագործին>> փնտրել: Այդտեղ է լինում ոստիկանության գաղտնի գործակալը: Սա դիմում է ոստիկաննեին և սրան-նրան հայտնելով՝ գտնում մեր բնակարանը: Սրանք, առանց վարանելու, դռան փակը ջարդում են և խուժում ներս, սկսում են սենյակը խուզարկել և իմ ու Վահրիճի սնդուկներում եղած 150 ոսկի թղթադրամը վերցնում են, հայտնաբերում են նաև 3 լիտրանոց մի շիշ օղի, որը գործակալը վերցնում է: Ոստիկանները առջևից, գործակալը նրանց հետևից, իսկ Վահրիճը բոլորից հետո սկսում է աստիճաններից ցած իջնել: Վահրիճը ոտքի հարվածով օղու շիշը խփում և ջարդում է: Ոստիկանները կատաղում են և Վահրիճին մի լավ ծեծում ու տանում են ոստիկանատուն:

Այդ բոլորից անտեղյակ երեկոյան խանութը փակում եմ և տուն գնալիս հանդիպում եմ որբանոցի մեր տղաներից մեկին: Նա ինձ հայտնում է, որ Վահրիճին ձերբակալել և տարել են ոստիկանատուն: Ուղիղ գնում եմ այնտեղ, տեսնում եմ, որ ոստիկանատան սենյակի պատուհանից գլուխը դուրս է հանել և ինձ է սպասում: Պատմում է ինչ որ տեղի է ունեցել: Հարցնում եմ, թե իրեն հարցաքննել են, ասում է՝ այո, ինչպես որ պատահել է, այնպես էլ պատմել է քննիչին, թե ինչու է ուզեցել  հարձակվել որբանոցի տնօրենի վրա:

Ես իրեն խորհուրդ տվի երկրորդ հարցաքննության ժամանակ ցուցմունքը փոխի և ասի, որ փորը ցավելիս է եղել և 2 բաժակ օղի է խմել, նրանից հետո չի հիշում, թե ինչ է կատարվել իր հետ և ավելացնի, որ ինքը շատ փոքր է ամերիկյան որբանոցի տնօրենի հետ ընդհարվելու: Ասում եմ խմելը հանձ առ, ուրիշ ճար չկա, հետևանքի մասին հետո կմտածենք:

 Վահրիճը հայտնեց, որ սրիկա գործակալը մեր արկղերում եղած դրամը վերցրել է:

 Ճելալ մատնիչը

Վահրիճից բաժանվում և գնում-գտնում եմ Ճելալ կոչված սրիկա գործակալին և պահանջում մեր արկղերից վերցրած դրամը: Սա, թե ինձ ճելալ կասեն, իմ ձեռքը անցած դրամը հետ չեմ տա: Պատասխանում եմ, թե ես գյուղացի տղաներից չեմ, որ ոստիկանությանը մատնես, որպես բանակի դասալիք, հետո կաշառք վերցնես և ազատել տաս: Ասացի, եթե հիմա դրամս հետ չվերադարձնես, հետո ինքդ կբերես և կխնդրես, որ վերցնեմ, իսկ ինքն ասաց. «Եթե դու կարողացար ինձանից քո դրամը վերցնել, ես իմ քիթը կկտրեմ»:,

 Իսկ ես ասացի. «Անպետք, քիթդ աճուրդի մի դնի»: Կատաղեց շան նման, ուզում էր խփել, հազիվ փախա:

Հաջորդ օրը խանութ եկավ մեծ Մորուքը, որի թոռը՝ Կարապետը, մեզ մոտ աշխատում էր որպես աշակերտ: Նախորդ օրվա դեպքը պատմեցի և խորհուրդ հարցրի, թե ինչ միջոցով կարող եմ դրամս վերցնել Ճելալ կոչված ստորից: Ասաց, որ նախ՝ առանց քեզ և թաղի լիազորի՝ Մուխթարի, քո տունը մտնել և խուզարկելու իրավունք չունեն, ուստի գնա քաղաքի միակ հայ փաստաբանի մոտ, նրան պատմի մանրամասն ինչ որ տեղի ունեցել է, խնդրի, որ մի բողոքագիր գրի դատարանին ու տար հանձնի դատարան: Այդպես էլ արի ու սպասեցի դատարանի ծանուցագրին:

Սկզբնական շրջանում, երբ Ճելալն իմացել էր, որ գործը հանձնել եմ դատարան, ծանոթ տղաների միջոցով սպառնում էր, որ ես բանակի դասալիք եմ, եթե օրինական միջոցների դիմեմ, դրամս ստանալու համար ինձ կմատնի և այլն: Բայց ես արդեն իմ ծննդյան վկայականը ունեի. 2 տարի ունեի ծառայության կանչվելու:

Որոշ ժամանակ անց դատարանից ծանուցագիր ստացա, թե երբ է դատավարությունը տեղի ունենալու: Ծանուցագիր ստանալուց մի քանի օր հետո Ճելալը եկավ խանութ և ասաց, որ դրամս բերել է, հարցնում եմ՝ որքան, ասում է՝ 150 ոսկի, իսկ ես ասում եմ, որ իմ արկղում եղել է 500 ոսկի:

Վարպետս գիտեր, որ ճիշտը 150 ոսկի է, ուստի ինձ հանձնարարեց դրամս վերցնեմ և ավելորդ անախորժությունների տեղիք չտամ, վերցրի դրամս և ասացի, որ երբ ասում էի, որ դու քո ձեռքով կբերես դրամս և կխնդրես, որ վերցնեմ, չուզեցիր լսել և իզուր, նեխած քիթդ աճուրդի դրիր՝ ասելով, որ եթե ես կարողանամ քեզանից դրամս վերցնել, դու քո քիթը կկտրես:

Նա, թե այս բոլորը քո վրա թանկ է նստելու, ասաց և չքվեց: Իսկ եթե Սեբաստիա մնայի երկար ժամանակ, ապա այդ սրիկան ընդունակ էր իմ գլխին մի փորձանք բերել, բայց բարեբախտաբար, թե դժբախտաբար դեպքերն այլ կերպ դասավորվեցին, և ես հանդիպեցի Հայաստանում՝ Երևանում՝ 1936թ-ին.: Այդ մասին իր տեղում նշելու եմ:

Դրամը հետ ստանալուց հետո սկսեցի միջոցներ ձեռնարկել Վահրիճին բանտից ազատելու, որովհետև դատարանը նրան դատապարտել էր 6 ամսվա բանտարկության կամ 200 ոսկի տուգանք: Ինձ պակասում էր 50  ոսկի այդ գումարը ձեռք բերելու համար, ուստի վաճառեցի Վահրիճի հագուստը, իմ բրդյա ժակետը և ուրիշ մանրուքներ, բայց պահանջված գումարը չստացվեց: Ստիպված դիմեցի ծանոթ ընկերների օգնությանը: Այդպիսով՝ 200 ոսկին լրացվեց, դրամը մուծեցի ուր որ հարկն էր և Վահրիճին բանտից դուրս հանեցի:

 

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի

 

Advertisements