Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

 

 Առաջին աշխարհամարտի հաղթական պետությունների և Սովետ. Միության վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

1922թ.  Լոզանի կոնֆերանսը վերջացավ Քեմալական Թուրքիայի հաղթանակով: Կոնֆերանսում հայերի և Հայաստանի մասին խոսք անգամ չեղավ: Հակառակ նրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վիլսոնը պատերազմից հետո պատրաստել էր կազմվելիք անկախ Հայաստանի քարտեզը:

Հաղթական մեծ պետությունները, այդ թվում՝ Սովետ. Միությունը՝ Լենինի գլխավորությամբ, երեկվա պարտված իրենց թշնամուն վերցրին իրենց հովանավորության տակ: Տնտեսապես և քաղաքականապես քայքայման եզրին հասած Թուրքիային ամեն ինչով օգնեցին և վերակենդանացրին:

Սովետական Միությունն իր տնտեսական նեղ դրությունը, առանց հաշվի առնելու, հսկայական ոսկի վարկ տվեց <<եղբայրական>> քեմալական կառավարությանը:

Իրավազրկված ժողովուրդների պաշտպան Ֆրանսիան, որի բանակին կից հայ կամավորական գունդերը կռվել էին թուրքերի դեմ, խոստացել էր, որ Կիլիկյան պիտի լինի Հայաստան և այդ հույսով եղեռնից ազատված հայերը հավաքվել էին Կիլիկիայում: 2 տարի հետո, առանց հայերին զգուշացնելու, հանձնեց քեմալին և, ի լրումն ամենայնի, պատճառ դարձավ 30 հազար հայերի լրացուցիչ կոտորածի: Ֆրասիային մեղադրեցին այդ դավադրության համար, որ նրա պատասխանը եղավ այն որ Ֆրանսիան մահմեդական գաղութներ ունեցող պետություն է և չէր կարող մուսուլման Թուրքիային չօգնել:

Իսկ Անգլիան, Թուրքիայի պարտությունից հետո, երբ Պոլիսը գրավեցին, հաղթական պետությունները, 15թ. Եղեռնի թուրք պատասխանատուներին ձերբակալեց, աքսորեց Մալթա կղզին՝ դատելու: Մի տարին չլրացած՝ այդ եղեռնագործերին ազատ արձակեց՝ առանց դատ ու դատաստանի:

Հայերի իսկական բարեկամ Նանսենը Անգլիայից պահանջեց այն 5 մլն ոսկի դրամը, որ թուրք կառավարությունը զետեղել էր Բեռլինի պետբանկում՝ որպես հայերից կողոպտված գումարների ավելցուկ, որ Անգլիան վերցրել էր Գերմանիայի պարտությունից հետո: Նորվեգիացի Նանսենը այս գումարը պահանջում էր Թուրքիայից արտաքսված հայ գաղթականներին օգնելու, բայց Անգլիան չտվեց: Ի լրումն այդ բոլորի՝ 1918թ. զինադադարից հետո, երբ Սիրիան դեռ գտնվում էր Անգլիայի ազդեցության տակ, իր գաղտնի գործակալների միջոցով՝ որոշ մուսուլման արաբական ցեղախմբերի հանեց հայերի դեմ և թույլ տվեց, որ հայերին կոտորեն:

Օրը ցերեկով Հալեպի փողոցներում, իր զորամասերի ներկայությամբ, որպես կատարված ոճրագործությունների պատասխանատու, մահապատժի ենթարկեց Անգլիայի հակառակորդ մի քանի ցեղապետերի:

Ահա թե, ինչ անմարդկային, ստոր միջոցների դիմեց՝ իր հակառակորդներին մեջտեղից վերացնելու համար:

Հայերի արտագաղթը Թուրքիայից

Քեմալի կառավարությունը Լոզանի կոնֆերանսի հաղթանակից հետո հայտարարեց, որ Թուրքիայում եղեռնից վերապրած հայերին թույլատրվում է, որ այնտեղից հեռանան:

Սկսվեց զանգվածային արտագաղթը. ես էլ դիմեցի՝ ելքի վիզա ստանալու: Դիմումի վրա պետք է մակագրված լիներ կառավարության բոլոր բաժինների պետերի կողմից, որ դիմողը պետության պարտք չունի և հետապնդման ենթակա չէ:

Երբ ներկայացա ֆինբաժին, ինձ ասացին, որ հայրս շրջանառության հարկի պարտք է ունեցել, պետք է վճարեմ,  վրդովված պատասխանեցի, որ դուք հորս ամբողջ ունեցվածքը գրավեցիք, իրեն էլ սպանեցիք, հիմա ինձանից պարտք եք պահանջում, իսկ պաշտոնյան ինձ պատասխանեց, թե ինքն օրենքի կատարողն է, իրեն ինչ որ հրամայել են, այնպես էլ անում է, չես վճարի, ելքի վիզա չես ստանա: Ասում եմ նաև, որ 1915թ. ապրիլ ամսից եղեռնի հետևանքով հայրս ստիպված առևտրական գործարքը դադարեցրել է, իսկ դուք ինձանից պահանջում եք ամբողջ տարվա առևտրական գործարքից ստացվելիք շրջանառությունից հարկ:

Այն է՝ պետք է հարկ վճարեմ այն շրջանառության համար, որ փաստորեն չի կատարվել, բայց՝ անօգուտ, թուրքին կըրնաս ամաչեցնել: Մինչև պահանջված գումարը չվճարեցի, իմ դիմումի վրա չմակագրեց, որ պետության պարտք չունեմ, ոստիկանությունը նույնպես 100 ղրշ պահանջեց, որ դիմումի վրա գրի, որ հետապնդման ենթակա չեմ:

Այդ գումարներն ինձանից վերցնում էին՝ առանց անդորրագրի: Երկար քաշքշուկից հետո վերջապես ստացա ելքի անցագիրը, որտեղ նշված էր չի թույլատրվում վերադառնալ /ավտեթի ճայիզ տեկել/, կարճ ասած՝ մեզ անդարձ վռնդում էին այն երկրից, որտեղ մեր նախնիները ապրել էին դեռ այն ժամանակ, երբ թուրք ցեղը գոյություն չուներ այդ վայրերում: Դա հավասար էր անարյուն և ավելի վտանգավոր եղեռնի:

 

Դեպի Սամսոն և Պոլիս

Քրոջս՝ Պայծառին, թողեցի քեռուս աղջկա Սաթենիկի մոտ և ինձ նման 3 անտուն տղաների հետ մի կառք վարձեցինք մինչև Սամսոն, մեզ ընկերացավ նաև առանձին կառքով Մինաս մորեղբոր աղջիկը՝ Մարնոսը, նաև՝ նրա աղջիկը և փեսան: Առանց նշելու արժանի դեպքերի՝ 5 օր հետո 1923թ. հունվարի 5-ին հասանք Սամսոն, Սև ծովի նավահանգիստը: Սամսոնում հանդիպեցի մեր հին ծանոթներից Նշանի տղա Մկրտչին, ինձ և Մարնոսենց տարավ իր տուն և հյուրասիրեց մինչև Պոլիս գնալու և նավի տոմս ճարելը:

Սամսոնի նավահանգստում նավ բարձրանալուց առաջ մեզ և մեր կապոցները, ճամպրուկները, մանրակրկիտ ստուգեցին: Մարնոսի մոտից հայտնաբերեցին քսան ոսկի, որը բռնագրավեցին: Դժվարությամբ հաջողվեց մի նավակ վարձել, որ մեր բեռները տանի նավը, որովհետև նավը կանգնած էր ծովափից հեռու: Մեր բեռները նավակ դեռ չիջեցրած՝ փոխադրման վարձը վերցրին, իսկ հետո դեռ նավ չհասած՝ նորից փոխադրավարձ պահանջեցին և սպառնացին, եթե չվճարենք, հետ կվերադարձնեն, ստիպված երկրորդ անգամ փոխադրավարձ վճարեցինք և հասանք թուրքական Գյուլ-Ճեմալ նավը:

1923թ. հունվարի 15-ին հասանք Պոլիս և գաղթականներին տեղավորող հանձնախմբի անդամները մեզ փոխադրեցին Գատը գյուղի հայկական դպրոցի բակը ու վրանների տակ մեզ տեղավորեցին:

Հազիվ տեղավորվել էինք մեկ էլ քեռուս տղան՝ Միհրանը, որ մեզանից առաջ էր Պոլիս եկել, եկավ մեզ գտավ և ասաց, որ Ճողղունյան Կարապետը ցանկանում է քեզ տեսնել: Երեկոյան՝ ժամը 6-ին, հասանք Ճողղունի տուն: Ճողղունի կինը՝ Աննան, հորս քեռու աղջիկն էր, որի մայրը մահացել էր, երբ Աննան փոքր աղջիկ է եղել, մայրս վերցնում է իր խնամքին, մեծացնում և ամուսնացնում, դրա համար էլ Ճողղունն ինձ ընդունեց որպես հարազատի: Երբ սենյակ ներս մտա, ընտանիքով ընթրում էին, Ճողղունը ինձ, որ տեսավ, վազեց դեպի ինձ, փաթաթվեց, ինձ նստեցրեց սեղանի շուրջը և ասաց. «Ահա քո քույրը, որը ուներ 2 աղջիկ, 1 տղա: Մեծ աղջիկը՝ Սյուզանը, փոքրը՝ Արաքսի, տղան՝ Հովհաննեսը:

Պոլսում աշխատանք գտնելը շատ դժվար էր. 15 օր աշխատեցի ֆրանսիական զորանոցում որպես բանվոր: Դրանից հետո 5-6 ընկերներով գնացինք Չանաք-գալե աշխատելու: Այդտեղ աշխատանք չգտա, գնացի Սիտիլ-պահար՝ Դարդանել նեղուցի ծայրամասը, որտեղ ճանապարհաշինարարության համար քար էինք ջարդում: Այդտեղ էլ անհաջողության հանդիպեցի. դրամս գողացան, գրեթե առանց դրամի, վերադարձա Չանաք-գալե: Երբ Դարդանելի նեղուցը հանձնեցին քեմալին, վերադարձա Պոլիս:

 

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի

 

Advertisements