Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողություններ Եղեգնաձորում


Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողություններ Եղեգնաձորում

Այսօր՝  ապրիլի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզային իշխանությունների, Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և  ուժային կառույցների ղեկավարների առաջնորդությամբ բազմաթիվ վայոցձորցիներ գնացին դեպի հայոց Մեծ եղեռնի զոհերի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների անմար հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղիներ խոնարհելու և պսակադրություն կատարելու: 

Հուշարձանի բլուրից իջնելով՝  մասնակիցները եկան Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի՝ մատուցվեց Սբ. և Անմահ  Պատարագ: Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:  Հայր Սուրբը «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմին են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ. 10:28) բնաբանով  հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Առաջնորդ Սրբազան Հոր, կատարվեց Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգը:

Այնուհետև եկեղեցու բակում գեղեցիկ կատարումներով հանդես եկան Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի սաները:

Նույն օրը՝ ժամը 12:00-ին, մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի մարզային մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի, Եղեգնաձորի ավագ դպրոցի և մի խումբ արվեստասեր երիտասարդների նախաձեռնությամբ տեղի ունեցավ <<Հաղթանակը մերն է լինելու>> խորագրով ոգեկոչման միջոցառումը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին և Արցախյան ազատամարտում հաղթանակ նվաճած բոլոր հայորդիներին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնեությունը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ և այլք:

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության անմեղ զոհերի և Արցախում զոհված մեր հերոս մարտիկների հիշատակը:

Համերգը մեկնարկեց Տերունական աղոթքով:

Այնուհետև Արժանապատիվ Տեր Հայրը հանդես եկավ օրհնության խոսքով:

Միջոցառմանը մասնակցում էին Եղեգնաձորի ավագ դպրոցի աշակերտները, անհատ կատարողներ և պարային տարբեր խմբեր:

Միջոցառման մասնակիցները բարձր պատրաստակամությամբ ներկայացան ներկաներին:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements