ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Ֆրանսիա 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

1923թ. հուլիսին դաշնակից պետությունները Պոլիսը հանձնեցին քեմալին, որը թագավորին գահընկեց արեց և Պոլսից վտարեց: Այդ օրերին Ճողղունի հետ Ցուփսեկ-Ղալտրմից անցնում էինք, տեսանք, որ թուրքերը չգիտեմ, թե ինչ պատճառով անգլիացի մի զինվորի ծեծում են և ամեն տեսակ լուտանքներ, հայհոյանքներ էին ասում նրան և իր գյավուռ ազգին: Այն թուրքերը, որ մի քանի օր առաջ անգլիացի զինվորի շուքից անգամ վախենում էին, համարձակություն էին ստացել անգլիացի զինվորին ծեծել և անպատվել, իսկ զինվորը, փոխանակ ընդդիմություն ցույց տալու, հազիվ կարողացավ գող կատվի նման փախչել:

Այդ դեպքն ինձ վրա շատ վատ տպավորություն գործեց, ուրեմն մենք՝ հայերս, նորից թողնված ենք թուրք եղեռնագործերի ողորմածությանը: Ճողղունին ասացի, որ ես այլևս այստեղ մնացողը չեմ, վաղվանից այստեղից հեռանալու համար անհրաժեշտ միջոցների եմ դիմելու, որպեսզի Ֆրանսիա գնամ: Ճողղունը նույնպես որոշեց հեռանալ: Հաջորդ օրը մենք դիմեցինք, ուր որ հարկն էր և 10-15 օր հետո ստացանք ելքի-մուտքի վիզաները:

Նախքան պատմությունս վերջացնելն անհրաժեշտ եմ համարում հակիրճ կերպով նկարագրել, թե ինչ դրություն էր ստեղծվել Պոլսում: Անատոլիայի նահանգներից եղեռնից վերապրած հայերի զանգվածային արտագաղթի հետևանքով Սիրիային սահմանակից վայրերից հայերը գնում էին Սիրիա, Լիբանան, Եգիպտոս և այլ վայրեր: Իսկ Հյուսիսային և կենտրոնական շրջաններից՝ Պոլիս, որովհետև Պոլիսն իր շրջաններով, ներառյալ Դարդանելի նեղուցը գտնվում էր դաշնակից պետությունների բանակների գրավման տակ, բայց երբ Պոլիսն իր շրջակայքով հանձնեցին քեմալի կառավարությանը, հայերը սկսեցին Պոլսից էլ փախչել: Պոլսում այդ ժամանակներում հավաքվել էր՝ մոտավորապես 100-150 հազար, անգամ ավելի հայ գաղթականներ:

 Պոլսո բոլոր հայկական դպրոցները, եկեղեցիներին կից բնակելի շենքերը, բակերը տրամադրել էին գաղթականներին: Յուրաքանչյուր սենյակում, նայած տարածությանը, 3-ից 10-ը ընտանիք էր ապրում: մեծ մասը՝ բակերում՝ վրանների տակ: Ես մտածում էի ժամ առաջ հեռանալ Թուրքիա կոչված դժոխքից, ուր ստեղծվել էր աննկարագրելի մի խուճապ, ոմանք գնում էին Հունաստան, Եգիպտոս, սահմանափակ թվով՝ Ամերիկա, իսկ մեծամասնությունը՝ Ֆրանսիա:

Մենք Մարսել գնալու էինք իտալական Բոռմիտա անունով փոքր բեռնատար մի նավով: Նավահանգստում ահագին բազմություն հավաքվել էր, երբ բավական մարդ բարձրացավ նավ, նավապետը ֆրանսերեն լեզվով հայտարարեց, որ այլևս չի կարող մարդ ընդունել, որովհետև արդեն ընդունել է նավի տարողությունից ավելի:

Վերջապես նավը խարիսխ վերցրեց և սկսեց դանդաղ հեռանալ Պոլսից: Գնում էինք օտարության՝ թողած պապենական հայրենիք, տուն տեղ, որոնք մի անգամ հիմնովին կողոպտվել և 3-4 տարվա ընթացքում մասամբ վերականգնվել: Թողնում, առանց հետ նայելու, փախչում, անիծյալ վայրագ թուրք ժողովուրդից և երիցս նզովյալ նրա կառավարող բորենիներից, որոնք հովանավորվում են <<քաղաքակիրթ>> կոչված մեծ պետություններից:

Վեց օր նավարկելուց հետո 1923թ. օգոստոսի 18-ին հասանք Մարսել՝ Ֆրանսիայի Միջերկրական ծովի ամենամեծ նավահանգիստը, որտեղ ապրում էր Նազարեթ հորեղբայրս:

 Մերկերի քարավանը

1915թ. եղեռնի ժամանակ Թուրքիայի զանազան նահանգներից տեղահանված, հայերից կողոպտված, մերկացված կանանց և ութ-տասը տարեկան երկսեռ երեխաներից, որոնք զարհուրելի տառապանքների և թշվառության տոկալով, բացարձակ մերկ վիճակում, անոթությունից կմախքացած, արևի կիզիչ ճառագայթներից վառված, սևացած որպես ուրվականներ հասնում են Իրաքի հյուսիսային մասի՝ Մուսուլ քաղաքի մոտակայքը: Այդ մասին զեկուցում են փոխնահանգապետին /Գայմագայ/, որ լինում է արաբ /1915թ. պատերազմի ընթացքին Իրաքը դեռ հաշվում էր Թուրքիայի գաղութ/: Վերջինս հեռադիտակով իր պատշգամբից դիտում է այդ թշվառների ողբալի վիճակը, իր մոտ է հրավիրում քաղաքի ունևորներին և կարգադրում պատրաստել անհրաժեշտ քանակությամբ կանանց, երեխաների հագուստ, ինչպես նաև հաց ու սննդամթերք:

Ամեն ինչ պատրաստելուց հետո իր գլխավորությամբ դիմավորում են այդ թշվառներին: Բոլորի մերկությունը ծածկելուց և սննդամթերք բաժանելուց հետո փոխնահանգապետը պարտավորեցնում է արաբ ժողովրդին, որ յուրաքանչյուրը, իր կարիքի և կարողության չափով, մեկ կամ երկու հոգի այդ թշվառներից տանեն իրենց մոտ  և պահեն:

Պատերազմը վերջանալուց հետո նրանք իրենց համար ընտանիք տուն-տեղ են ստեղծում, շատերին հաջողվում է նույնիսկ ունևոր դառնալ:

Թրքական բանակի սպա մշեցի Մեսրոպը, որը լինում է Պոլսո սպայական դպրոցի սաներից

1914թ. Առաջին աշխարհամարտի սկզբում սպայական դպրոցի նորավարտ Մեսրոպը լինում է Դարդանելի նեղուցի շրջանում գործող զորաբանակներից մեկում: Իր ցուցադրած ռազմական հմտության և խիզախ քաջագործությունների համար մի քանի անգամ պարգևատրված և հասարակ սպայից հարյուրապետի կոչում է ստացած լինում:

Երբ 1915թ. սկսում է, հայերի ընդհանուր կոտորածը միևնույն ժամանակ բանակում գտնվող հայ զինվորների զինաթափման ու զանգվածային կոտորածն է սկսում: Եվ Մեսրոպին նույնպես չեն խնայում. իր զորամասից վերցնում են և մյուս շարքային հայ զինվորների հետ առանձնացնում են և մի մասին սպանում են՝ 1015 հոգի, իսկ Մեսրոպին, չգիտես, թե ինչ հաշվով, թողնում են և քշում տանում-հասցնում են մինչև Սեբաստիա:

Սեբաստիայում Մեսրոպին նշանակում են հայ արհեստավորներից կազմված բանակին կից արհեստանոցի պետ: Մեսրոպը հանգիստ չի կարողանում մնալ: Հայ ժողովրդի հանդեպ ցուցադրված բարբարոսային եղեռնագործությունների նկատմամբ և սկսում է համախոհներ որոնել և գտնում է մի քանի իր նման մտածողներ, գտնում է մի քանի զենք և փամփուշտներ, բայց զենքերի թաքստոցը հայտնաբերվում է, կասկածում են Մեսրոպին. գործը հասցնում են զինվորական դատարան: Դատավարության ժամանակ Մեսրոպը կարողանում է իրեն պաշտպանել, օրինակ, մեջբերում է կռվի դաշտում իր կատարած սխրագործություններից և ցույց տալիս պարգևատրված շքանշանները և ավելացնում, որ եթե ես հայրենիքին նվիրված չլինեի, այդ սխրագործությունները չէի կատարի: Հետո իրեղեն ապացույցներ չեն գտնում, և դատարանը նրան արդարացնում է: Դրանից հետո, որպես ռազմական գործին հմուտ փորձառու սպայի, նշանակում են զորակոչիկների գլխավոր մարզիչ:

Որպես մարզական դպրոցի գլխավոր մարզիչ, իրեն հաջողվում է մի հրացան, տասը հարվածանի մի ատրճանակ իրենց գնդակներով վերցնել և տանել մի հայի տանը պահել:

Մինչ այդ տեղեկություն է ստանում, որ Ղոչասարի լեռներում հայ փախստականներ կան և դրանց գտնված վայրի մասին ճշգրիտ տեղեկություն ստանալուց հետո մի օր երեկոյան գնում է զենքերի թաքցրած տունը: Սպայական հագուստով զինվում և  հրաժեշտ է տալիս: Գնում է և գտնում սարում գտնվող տղաներին, որոնք շատ խեղճ վիճակում էինշ: Շատ կարճ ժամանակամիջոցում կարողանում է տղաներին զինել, մարզել և զինվորական հագուստով հանդերձավորել:

Տղաներին լավ մարզելուց հետո որոշում է գնալ ռուս-թրքական ռազմաճակատ, անցնել ռուսական կողմը և միանալ ռուսական բանակին կից հայ կամավորների գնդին: Պատրաստված 2-3 ջորի ռազմամթերքով և սննդամթերքով ճանապարհվում են դեպի Կարին: Խճուղիով օր ցերեկով մինչև Կարնո սահմանը, որպես ռազմաճակատ գնացող փոքր մի ջոկատի, նույնիսկ զինվորական կայաններից ստանում են սնունդ և հյուրընկալվում, իսկ երբ Սեբաստիայի նահանգից Կարինի նահանգը անցնում է, ստիպված են լինում սարերով և կտրուկ ճամփաներով գնալ, որովհետև Կարինի նահանգի զինվորական նշանախոսերին Մեսրոպը տեղյակ չի լինում: Ճանապարհին հաճախակի փախչում է քրդերի հետ: Մեսրոպի ռազմական հնարամտության շնորհիվ միշտ հաղթանակով են դուրս գալիս: Հասնում են ռազմաճակատի մի հատված, որտեղ դիրքավորված են լինում ժանդարմական մի գունդ: Մոտակա անտառում թաքնվում են և այնտեղից էլ Մեսրոպն սկսում է ուսումնասիրել այդ զորագնդի տեղադրությունը, աշխատում է հայտնաբերել թույլ պաշտպանված մի հատված, որտեղից հնարավոր կլինի ճեղքել պաշտպանական գիծը և անցնել ռուսական կողմը:

Ութ օր ու գիշեր հետազոտելուց հետո սկսում է տղաներին մարզել, սովորեցնել հարձակման հրահանգ ստանալու նշանները և այլն: Որոշված օրվա գիշերվա ժամը 12-ին թաքուն, անաղմուկ մոտենում է թշնամու դասավորմանը՝ պահակին անաղմուկ լռեցնելով և հանկարծակի սկսում են կրակել: Թուրք ժանդարմները հանկարծակիի եկած խուճապի են մատնվում, բայց ուշքի են գալիս և սկսում են դիմադրել:

Բավական կռվելով և քայլ առ քայլ թշնամու պաշտպանական գծին մոտենալով՝ ուզում են հասնել առաջին դիրք: Հանկարծ հրահանգի ազդանշանները դադարում են Մեսրոպի կողմից և սկսում են աննպատակ հրաձգություն: Ընկերներից ավագը, սողալով, գնում և հասնում է Մեսրոպի դիրքը, և ինչ տեսնի՝ հերոս ղեկավարը փքված, անշնչացած:

Հրացանն ու հեռադիտակը վերցնում է և վերադառնում է իր դիրքը և այդտեղից ազդանշան տալիս, որ նահանջում են: Գնում են են անտառ, տեսնում են, որ երկու   ընկեր ևս պակաս է, որոնք Մեսրոպի ձախ թևում էին կռվում: Ողջ մնացած 7 ընկերները հետդարձի ճամփան են բռնում: Ցերեկվա ժամը 10-ին հասնում են ճահճուտ մի վայր և տեսնում, որ երկու պակաս ընկերների գլխարկները, որոնք ճահիճը չեն նկատել և խրվել են այնտեղ: Ուրեմն պարզվում է, որ այդ դասալիքները Մեսրոպի ձախ թևի պաշտպանությունը թողել և փախչել են, և Մեսրոպը խփվել է ձախ թևի կրակոցներից:

Ողջ մնացած ընկերները հազար ու մի դժվարություններից հետո վերադառնում  են իրենց նախկին բնակավայրը և մինչև պատերազմի վերջը մի կերպ ողջ են  մնում:

 Քուրդի կինը

1915թ. Առաջին աշխարհամարտին հայերի ցեղասպանության ժամանակ եղեռնից մազապուրծ փրկված որբեր, պատանիներ չափահաս երիտասարդներ, որբևայրի կանայք և հատուկենտ չափահաս տղամարդիկ, որոնք աքսորի ճանապարհի ահավոր վտանգներից, կոտորածներից, առևանգումներից, աներևակայելի տառապանքներից հետո յուրաքանչյուրը թուրքի, քուրդի, արաբի մոտ որպես ստրուկ է մնացել, մի կերպ իրենց գոյությունը  պահել էին մինչև 1918թ. օգոստոս ամիսը՝ զինադադարի կնքումը Թուրքիայի պարտությամբ, որից հետո սկսվեց ողջ մնացածների ազատագրումը:

Ամերիկացիները թուրքի, քուրդի, արաբների մոտից հավաքեցին անչափահաս որբերին և որբանոցներում պահեցին: Ողջ մնացած չափահասները ազատություն ստանալուց հետո հայի հատուկ ուշիմությամբ և աշխատասիրությամբ, յուրաքանչյուրը, համաձայն իր շնորհքի, արհեստավորը, առևտրականն իրենց համար մի անկյուն ճարեցին և սկսեցին աշխատել:

Առևտրականների թվում լինում են երկու եղբայրներ, պատահմամբ, թե բախտի բերմամբ, եղեռնի անասելի տառապանքներին տոկալով, մնում են ողջ և իրար հանդիպում Հալեպում: 1918թ.-ից հետո, արդեն չափահաս դարձած, սկսում են առևտրով զբաղվել որպես իրենց նախորդների զբաղմունք և կարճ ժամանակամիջոցում հասնում են հաջողության, ամուսնանում և ստեղծում են  ունևոր, հանգիստ կյանք: Ապրում շքեղ տան մեջ և այդ ժամանակվա սովորության համաձայն՝ քուրդ կաթնավաճառ մի կին ամեն առավոտ իրենց ընտանիքի կարիքների համար կաթ է բերում և միշտ մելամաղձոտ նայվածքով դիտում տան երիտասարդ կանանց և 2-3 տարեկան փոքր երեխաներին ցանկանում է գրկի, սիրի, համբուրի, բայց չի համարձակվում:

Օրերից մի օր առավոտյան քուրդի կնիկը սովորականի նման կաթ է բերում: Այդ օրը լինում է կիրակի և երկու եղբայրները տանն են լինում: Քուրդի կինը, երբ եղբայրներին տեսնում է, այլևս չի կարողանում իրեն զսպել, փաթաթվում է նրանց, անունները տալիս ու լաց լինում: Նրանք զարմացած ասում են՝ ով ես դու, որ համարձակվում ես հարազատի նման մեզ փաթաթվել, այն ժամ Անահիտը սկսում է հայերեն խոսել և ասել, հապա չեք հիշում ձեր քրոջը՝ Անահիտին, որին Սուրուճ քաղաքը չհասած՝ մի քուրդ առևանգեց, ես այժմ այդ քուրդի կինն եմ, որից ունեմ երկու երեխա՝ մի աղջիկ և մի տղա:

Եղբայրները փաթաթվում են իրենց անբախտ հարազատ քրոջը, ողբում իրենց դժբախտ ճակատագիրը: Ավագ եղբայրն առաջարկում է թողնել քուրդին և իրենց միանալ, իսկ խեղճ, թշվառ կինը պատասխանում է.«Հապա, իմ անչափահաս երեխաներին ինչպես լքեմ. մեկը երեք տարեկան է, մյուսը՝ մեկ: Արդյոք մայրական իմ տառապյալ սիրտը հանգիստ կլինի և ամբողջ կյանքում խղճի խայթից չի տառապի»: Մայրական նուրբ, դյուրազգաց բնազդը հաղթանակում է և դժբախտ Անահիտը, ի սեր իր ձագուկների և հակառակ իր ցանկության, որոշում է մնալ կիսավայրենի քուրդի հետ:

Հովհաննես Ալեքսանդրյանը իր աղջկա՝ Թագուհի Հարությունյանի հետ

Հովհաննես Ալեքսանդրյանը իր աղջկա՝ Թագուհի Հարությունյանի հետ

Լաց լինելով՝ բաժանվում է եղբայրերից և բավարարվում ամեն առավոտ նրանց կաթ բերելու պատրվակով մի քանի րոպե լինել իր հարազատների շրջապատում և այդքանով մխիթարվել: 

ՎԵՐՋ 

ՎԵՐՋԱԲԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՐԴԱԼ ԱՅՍՏԵՂ  …

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի

 

 

 

 

 

Advertisements