ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Վերջաբան

Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հոգեբուխ այս խոսքերը հայոց Մեծ եղեռնի ողջ խորհուրդն են բնորոշում, քանի որ խաչի ճանապարհի վերջին հանգրվանը լույսն է, տառապանքի, մաքառման արդյունքը, հաղթանակը և վերջապես խավարին փոխարինում է լույսն անծայր:

Մեր պատմության ողջ ընթացքում մենք մաքառել ենք, պայքարել ենք, նահատակվել ենք, բայց և մեր ներքին հզոր ուժականությամբ, մեր անկոտրուն կամքով, մեր հաղթելու կարողությամբ ապրել ենք, արարել ու անմահացել:

Մենք էլ ողջ էությամբ նմանվել ենք մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին: Մեր նմանությունը Տիրոջը նրա նման հաղթելու և հարություն առնելու կարողության մեջ է: Վերն ասվածիս վկաներն են Մեծ եղեռնի սևակարմիր կտավի վրա առկայծող մեր ապստամբ հոգիները, մեր քաջազուն հերոսները, հատկապես մեր վերապրած հայորդիները, որոնք դաժան, անմարդկային փորձություններ հաղթահարեցին, մնացին կամքով անկոտրուն, մաքառեցին ու ապրեցին: Նրանք մեզ փոխանցեցին չընկրկելու, մահը կյանքի վերափոխելու իրենց օրինակը:

Ահա այս խորհուրդն ունի իր մեջ Մեծ եղեռնը վերապրած Հովհաննես Ալեքսանդրյանի (1902-1988թթ.) կյանքի պատմությունը, որ հատվածաբար իր ձեռագրերից վերծանելով՝ շուրջ մեկ տարի ներկայացրինք:

Վստահ եմ, որ դաժան փորձություններ հաղթահարած և վերընձյուղված այս մեծ հայորդու հոգին հիմա առավել խաղաղ է, քանզի վասն հայրենյաց և վասն Քրիստոսի դաժանաբար նահատակված իր ազգակիցները հիմա սուրբ են, բարեխոս, Տիրոջ աջ կողմում կանգնած և կոչում են մեզ այս աշխարհում ապրողներիս ապավինել Աստծո ու մեր նախնյաց հավատին, պատվով ու անկոտրուն անցնել մեր այս կյանքի ճանապարհը, հաղթական ճանապարհը, հայի հավերժի ճանապարհը:

Հովհաննես Ալեքսանդրյանը իր աղջկա՝ Թագուհի Հարությունյանի հետ

Հովհաննես Ալեքսանդրյանը իր աղջկա՝ Թագուհի Հարությունյանի հետ

Հավիտենական հիշատակն արդարոց, օրհնությամբ եղիցի:

Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան 
Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ

 

 

Advertisements