Մեծ եղեռնի ոգեկոչման արարողություններ Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


Մեծ եղեռնի ոգեկոչման արարողություններ Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում

Մեծ եղեռնն իր սարսափելի հետևանքներով ընդգրկում է ողջ հայ ժողովրդին: Այն կարծես թե մխրճվել է մեր գենետիկ հիշողության մեջ, և աշխարհում ոչ մի հայ անտարբեր չէ ցեղասպանության նկատմամբ:

Այս հիշողությունն ամեն տարի ապրիլի 24-ին նոր ուժով է կանգնում մեր առաջ, պատճառն այն է, որ աշխարհը դեռևս պատշաճ կերպով գործված հանցանքին համահունչ պատասխան չի տվել: Եվ քանի որ հանցագործները չեն պատժվել, նմանատիպ արարքները, ինչպես պատմությունը ցույց տվեց, կրկնվելու հակում ունեն: Հայ ժողովուրդը լիահույս է, որ մի օր արդարությունը կվերականգնվի:

Մալիշկա համայնքը ևս պատշաճ կերպով ոգեկոչեց հիշատակը բյուր նահատակների:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը համայնքապետ Մհեր Մովսիսյանի հետ և մասնակցությամբ համայնքի շատ ներկայացուցիչների, ապրիլի 24-ին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցեցին Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգին, որից հետո ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կանգնեցված խաչքարին:

Այնուհետև թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզի սաները հանդես եկան հայրենասիրական երգերով ու բանաստեղծություններով:

Տեր Հայրը ներկաներին հիշեցրեց մեծն բանաստեղծ Եղիշե Չարենցի խոսքերը.<<Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է>>: Այնուհետև Արժանապատիվ Տեր Հայրը ասաց.«Երբ հայը միասնական է, նա անպարտելի է, պատմությունը սա բազմաթիվ անգամ մեզ ապացուցել է: Մեզ նման փոքր ազգերը պարտավոր են ավելի հայրենասեր լինել, ավելի՝ միասնական, մենք այլևս չպետք է թույլ տանք, որ մեզ հետ նման ողբերգություններ կատարվեն»:

Այնուհետև երեխաներին կավիճներ բաժանվեցին, որպեսզի վերջիններս <<Հզոր հայրենիք>> թեմայով գեղեցկացնեն եկեղեցու բակը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements