«Սատար կանգնենք մեր բանակին» խորագրով  միջոցառում Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում


Ապրիլի 28-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի մարզային մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի, Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության և անհատ կատարող Արման Վարդանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ  «Սատար կանգնենք մեր բանակին»  խորագրով բարեգործական համերգ, որը նվիրված էր հայոց բանակին և 2016թ. ապրիլին Արցախում տեղի ունեցած  քառօրյա պատերազմում  հերոսացած հայ քաջորդիներին:

«Սատար կանգնենք մեր բանակին» խորագրով  միջոցառում Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում

 Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնեությունը, 4-րդ բանակային կորպուսի հոգևոր պատասխանատու, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Խաչիկ համայքի հոգևոր պատասխանատու և ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Արսեն սարկավագ Մաթևոսյանը, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ և այլք:

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհված մեր հերոս մարտիկների հիշատակը:

«Հայր մեր» և «Պահպանիչ» աղոթքներից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Գալուստ քահանա Սահակյանը, ով, համախմբան և միասնականության կոչ անելով, մասնավորապես ասաց. «Ինչպես, որ մեր բանակը զորեղ է, դրան համապատասխան թիկունքն էլ պետք է զորեղ լինի: Հայրենիքի պաշտպանությունը միայն զինվորի ու զինվորականի պարտականությունը չէ, ամենքս էլ զինվոր ենք՝ անկախ մեր ընտրած մասնագիտությունից: Մեր սրերը միշտ սուր պահենք, արթուն լինենք և պատրաստ լինենք դիմակայելու թշնամու ցանկացած ոտնձգության»:

Միջոցառման ընթացքում իրենց անզուգական ելույթներով հանդես եկան «Արմենյան ղողանջներ» և Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի երգչախմբերը՝ ղեկավարությամբ մշակույթի կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանի, Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները՝ ղեկավարությամբ Սամվել Գրիգորյանի, Եղեգնաձորի հեղինակ կատարողների ակումբը (Արման Վարդանյան, Արթուր Մարտիրոսյան և Արսեն Սարդարյան), անհատ կատարողներ Արթուր Կարապետյանը և Կարեն Մելքոնյանը, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի դհոլահարների համույթը՝ ղեկավարությամբ Անդրանիկ Հարությունյանի, Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի սան Կարո Բաղդասարյանը և Ագարակաձոր (գեղ. ղեկավար՝ Խաժակ Բաբայան) և սահմանամերձ Խաչիկ (գեղ. ղեկավար՝ Բելլա Առաքելյան) համայնքների, Ջերմուկ (գեղ. ղեկավար՝ Նոնա Մկրտչյան) և Վայք (գեղ. ղեկավար՝ Լիլիկ Քոչարյան) քաղաքների պարի համույթները:

Մասնակիցների հայրենասիրական ոգով ներշնչված կատարումները հիացրին ներկաներին  և դահլիճը լցրին  հայի անպարտելի  մարտական ոգով:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Արսեն սարկավագ Մաթևոսյանը, ով, իր հայրենասիրական կոչն ուղղելով ներկաներին, մասնավորապես ասաց.«Շատ կարևոր է հայրենասիրական ոգով դաստիարակվել և  ապագայում հայրենիքին պաշտպան դառնալ: Վստահ եմ, որ մեր զինվորները, որ հիմա գտնվում են առաջնագծում, այստեղ հավաքվածների սրտերն այնքան ջերմ են, որ, չնայած այս ցուրտ եղանակին, կարող են ջերմացնել նաև նրանց սրտերը: Թեև միջոցառման մասնակիցները այդ պահին առաջնագծում չեն, բայց իրենց ոգեղենությամբ պատրաստ են ամեն վայրկյան զինվորի կողքին կռվել: Այդ միջոցառումը, թեև առաջինն է, բայց իր տեսակով կդառնա ոգևորիչ և մեզ գիտակցություն կտա, որ եթե մենք պատրաստ չլինենք մեր զինվորին պահել և «կերակրել», ապա ստիպված կլինենք «կերակրելու» մեր թշնամու զինվորին: Այս օրերի խանդավառությունն ամրացնում է մեր հավատքն առ Աստված և մեր սեփական ուժերը: Հույս և ամուր կյանք է տալիս հաղթանակի և սեր է փոխանցում, որ հայերս միմյանց նկատմամբ վերացնենք չարությունը, կեղծիքը և միմյանց թիկունք լինենք»:

Բարեգործական համերգի ողջ հասույթով ձեռք է բերվելու անհրաժեշտ  գույք՝  Վայոց ձորի  սահմանապահ դիրքերի համար:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements